Վահան Արծրունին՝ 182-րդ դպրոցը՝ Մայր Աթոռի ենթակայության տակ անցկացնելու մասին. «Ես այդտեղ բացասական բան չեմ տեսնում»
Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցը ՀՀ կառավարության որոշմամբ՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունից վերածվել է հիմնադրամի՝ անցնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայության տակ: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ իրավական նոր կարգավիճակով պայմանավորված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է կատարվի դպրոցի կառավարման մարմինների ձևավորում, որից հետո կհայտարարվի տնօրենի թափուր տեղի մրցույթ: Ա. Աշոտյանը տեղեկացրել է նաև, որ դպրոցը Մայր Աթոռի ենթակայությամբ դառնալու է հումանիտար ուղղվածությամբ նախամասնագիտական ավագ դպրոց: Դպրոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները միաձայն հոգաբարձուների խորհրդի նախագահ են ընտրել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին:
Նշենք նաև, որ «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի աշխատակից Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ մեկ կամ երկու տարի այն որպես հիմնադրամ կգործի, մինչև Մայր Աթոռը կարողանա հովանավոր գտնել և վերանորոգման, լաբորատոր առումով զինման աշխատանքներ կատարել, որից հետո այն ամբողջությամբ կանցնի Մայր Աթոռի ենթակայության տակ: «Դպրոցի հետ կապված՝ հեռահար նպատակներ կան, որ այն կլինի մի այնպիսի հաստատություն, որտեղ կսովորեն այն աշակերտները, ովքեր ցանկություն կունենան ուսանելու Ճեմարանում»,- ասել է սարկավագը:
Հարկ է նշել, սակայն, որ դպրոցը Մայր Աթոռի ենթակայության տակ անցնելու հետ կապված՝ կան շատ բացասական արձագանքներ: Շատերը նշում են, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ պետությունը բաժանված է եկեղեցուց, և կրթությունն ունի աշխարհիկ բնույթ: Կարծիքներ կան, որ սա հստակ խտրականություն է այլ կրոնական կազմակերպությունների երեխաների նկատմամբ, որոնք պետք է սովորեն այդ դպրոցում:
168.am-ի հետ զրույցում երգիչ, երգահան Վահան Արծրունին, սակայն, ողջունեց այս քայլը՝ ասելով, թե ոչ մի բացասական բան չի տեսնում այս ամենի մեջ:
«Որպեսզի օբյեկտիվ լինենք, պետք է անպայման խոսակցությունը սկսենք նրանից, որ արդեն գրեթե 25 տարի է՝ ամբողջ պիոներական պալատների համակարգը, որը մնացել էր՝ որպես ժառանգություն Սովետական Միությունից, անցել է Մայր Աթոռի հովանու տակ, և հազարավոր երեխաներ, դպրոցից զատ, ստանում են իրենց կրթությունը (արվեստի, արհեստների, սպորտի և այլ ոլորտներում) այդ համակարգի մեջ: Այսինքն՝ դա բնական և նորմալ բան է արդեն դարձել, որ հովանավորն է Մայր Աթոռը: Դրան այլևս ոչ ոք չի անդրադառնում, և ոչ մեկին չի զարմացնում դա: Նաև կա Գևորգյան ճեմարան, որն էլի ուսումնական հաստատություն է, կան աստվածաբանական ֆակուլտետներ Համալսարանում, և այլն, ոչ մեկին չի զարմացնում, որ այդ համակարգը հովանավորում և համակարգում է Մայր Աթոռը: Եթե, ըստ իրենց նպատակների՝ այդ դպրոցը նախաճեմարանական կրթական հարթություն է լինելու, ապա բնական է, որ այս աստիճանն էլ պետք է հովանավորվի և հսկվի Մայր Աթոռի կողմից: Ես բացասական բան այդտեղ չեմ տեսնում»,- ասաց մեր զրուցակիցը:
Նշենք, որ մեզ հետ զրույցում «Համագործակցություն՝ հանուն ժողովրդավարության» հ/կ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը նշել էր, որ ինքը հստակ օրենքների և Սահմանադրության խախտումներ է տեսնում այս գործընթացում: «Սահմանադրությամբ՝ պետությունը եկեղեցուց բաժանված է, ըստ գործող խղճի ազատության օրենքի՝ եկեղեցին և կրոնական կազմակերպություններն իրավունք չունեն կրոնական գործառույթներ իրականացնել, և գոյություն ունի «Կրթության մասին» ՀՀ օրենքը, որտեղ հստակ գրված է, որ կրթությունը Հայաստանում ունի աշխարհիկ բնույթ»,- ասել էր Ս. Դանիելյանը:
Մենք Վ.Արծրունուց հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է ինքը մտածում այս ամենի մասին և արդյոք չի՞ տեսնում այդ խախտումները: Ի պատասխան՝ նա ասաց, որ նախ պետք է ընդհանրապես հասկանալ՝ կրթությունն ինչի համար է. «Այսինքն՝ եթե այդ հարցին մենք հստակ պատասխան չենք կարող տալ, մենք չենք հասկանա՝ ընդհանրապես կրթական համակարգն ինչ դերակատարություն ունի այսօր՝ հայի տեսակը պահպանելու և հայի տեսակը ստանալու գործընթացում: Հիմա, ինչքան ես գիտեմ, նման դրույթ արձանագրված չէ որևէ պետական փաստաթղթում: Այսինքն՝ հայի տեսակը պահպանելու և ունենալու խնդիրը միայն բարձրաձայնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և եկեղեցին, քանի որ Հայ Առաքելական եկեղեցին ազգային եկեղեցի է: Իմ պատկերացմամբ՝ ամբողջ կրթական և մանկավարժական համակարգը պետք է ենթակայացված լինի այդ սրբազան գաղափարին: Այսինքն՝ դաստիարակել և ստանալ հայ, ոչ թե՝ դաստիարակել և ստանալ որևէ մի էակ, որը կնստի և կսկսի տեսնել տարաձայնություններ և հակասություններ քաղաքականության, օրենսդրության մեջ, և այլն: Այսինքն՝ ես ողջունում եմ նման մոտեցումները, որովհետև ես սիրում եմ պարզություն և հստակություն»:
Հարցին՝ ըստ Ձեզ՝ այդ դպրոցում խտրականություն չի՞ լինի այն երեխաների նկատմամբ, որոնք այլ կրոնական կազմակերպության են պատկանում, վտանգ չե՞ք տեսնում այդ առումով, Վ. Արծրունին պատասխանեց, որ ինքը որևէ վտանգ չի տեսնում. «Այսինքն՝ ի՞նչ վտանգ կարող է լինել, որտեղի՞ց եք տեսնում այդ վտանգները, ի՞նչ պետք է լինի»:
Դիտարկմանը՝ օրինակ, եթե քարոզչություն գնա այնտեղ, ինչ-որ արարողություններ, ծիսակատարություններ, այլ կրոնական կազմակերպությունների երեխաներին լավ չվերաբերվեն, երգահանն այսպես արձագանքեց.
«Բայց եթե նման խնդիր է բարձրացվել, ենթադրենք, Սինգապուրում կամ Ճապոնիայում, որտեղ հիմնական կրոնը սինտոիզմն է, և մենք փորձենք հաստատել մեր հայկական, առաքելական, ազգային տեսակի մի դպրոց, այդ օտար հողում այդ ձեր հնչեցված խնդիրները՝ խտրականությունը և մնացած այդ վտանգները, գուցեև ի հայտ գան: Բայց, կներեք, մենք խոսում ենք մեր հայրենիքի մասին, մենք խոսում են ՀՀ-ի մասին և մենք խոսում ենք այն պատմական իրողությունների մասին, որոնք հետևանք են նրա, որ մեր ազգը դավանում է 1700 տարուց ի վեր այդ աստվածաբանական մոդելին: Այսինքն՝ մենք դավանում ենք այս արժեհամակարգին, և մանկավարժական և կրթական համակարգը պետք է համապատասխան լինի դրան, պետք է ծառայի դրան, ոչ թե 21-րդ դարում ի հայտ եկած, անհասկանալի սահմանումներ ունեցող՝ գենդերայինից մինչև անհասկանալի ձևակերպումներով պատկերացումներին»:
Ըստ Վ. Արծրունու՝ մեր կրթական համակարգն աշխարհիկ չէ, այլ թերի է. «Որովհետև, երբ ասում եք՝ աշխարհիկ-չաշխարհիկ, այդ ի՞նչը նկատի ունեք, դուք ո՞ր երկրի մասին եք խոսում: Ամբողջ կրթական ու մանկավարժական համակարգը փլուզված է, այսինքն՝ այդ փլատակների վրա ենք նստած, որն իր սեփական նկարագիրը չունի, մեր դպորցներում ինչ ասես՝ տեղի է ունենում, սկսած բռնությունից՝ վերջացրած նրանով, որ դպրոցն ավարտած երեխան տգետ է և պատկերացում չունի սեփական պատմության, մշակույթի, էլ չեմ ասում՝ մասնագիտական առարկաների մասին: Ո՞վ է խոսում այդ աշխարհիկ լինելու համար, դուք մոռանո՞ւմ եք՝ ինչ վիճակում է կրթական համակարգը, դուք մոռանո՞ւմ եք, որ երեխան երբ ավագ դպրոցն է ավարտում, մինչև չգնա մասնավոր դասերի, շանս չունի ընդունվելու որևէ տեղ: Այսինքն՝ դրա մասին նստեք մտածեք, ոչ թե նրա մասին՝ աշխարհի՞կ է դա, թե՞ աշխարհիկ չէ, խտրականությո՞ւն կլինի այդտեղ, թե՞ ոչ, կամ ինչ-որ միֆական վտանգների մասին խոսակցություն բացեք»: