«Արմեն Աշոտյանին կարելի է դատական պատասխանատվության ենթարկել»
Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցը ՀՀ կառավարության որոշմամբ՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունից վերածվել է հիմնադրամի՝ անցնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայության տակ: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ իրավական նոր կարգավիճակով պայմանավորված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է կատարվի դպրոցի կառավարման մարմինների ձևավորում, որից հետո կհայտարարվի տնօրենի թափուր տեղի մրցույթ: Ա. Աշոտյանը տեղեկացրել է նաև, որ դպրոցը Մայր Աթոռի ենթակայությամբ դառնալու է հումանիտար ուղղվածությամբ նախամասնագիտական ավագ դպրոց:
Նշենք նաև, որ թիվ 182 ավագ դպրոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները միաձայն հոգաբարձուների խորհրդի նախագահ են ընտրել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին:
168.am-ի հետ զրույցում «Համագործակցություն՝ հանուն ժողովրդավարության» հ/կ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը, խոսելով այն մասին, թե ինչ է այս ամենը ենթադրում, ասաց, որ Կրթության և գիտության նախարարությունից կարող են տարբեր ձևով պարզաբանել ու ցանկացած կերպով խույս տալ հարցից, սակայն ինքը հստակ օրենքների և Սահմանադրության խախտումներ տեսնում է այս գործընթացում:
«Սահմանադրությամբ՝ պետությունը եկեղեցուց բաժանված է, ըստ գործող խղճի ազատության օրենքի՝ եկեղեցին և կրոնական կազմակերպություններն իրավունք չունեն կրոնական գործառույթներ իրականացնել, և գոյություն ունի «Կրթության մասին» ՀՀ օրենքը, որտեղ հստակ գրված է, որ կրթությունը Հայաստանում ունի աշխարհիկ բնույթ: Այսինքն՝ մենք Սահմանադրության և օրենքների հստակ խախտում ենք տեսնում»,- նշեց Ստ. Դանիելյանը՝ նկատելով, որ ցանկացած ՀՀ քաղաքացի, առավել ևս, եթե ծնող է, կարող է դառնալ դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ և նախագահ: Բայց այստեղ, ինչպես նշեց Ս. Դանիելյանը« դա կատարվում է նախարարի մասնակցությամբ, և նախագահ է դարձել կուսակրոն քահանա՝ որպես քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ղեկավար, և պաշտոնապես հայտարարվում է, որ եկեղեցին աջակցելու է այդ դպրոցին:
Դրանից ելնելով՝ Ս. Դանիելյանը հստակ տեսնում է, որ եկեղեցին իր վրա է վերցրել պետական գործառույթներ՝ հանրակրթական դպրոցների կառավարման առումով. «Ունենալով հայոց եկեղեցու պատմության առարկայի փորձը, երբ հոգևորականները մտնում են՝ կրոնական ծիսակատարություններ են կատարում, հոգեորսությամբ են զբաղվում դպրոցներում (մենք դրա հստակ ապացույցներն ունենք, եթե պետք լինի՝ կարող ենք ներկայացնել ապացույցները, որտեղ կադրերը կան, ուսուցիչները նախարարի և կաթողիկոսի ներկայությամբ հայտարարում են, որ այսքան երեխա դարձի են բերել, այսինքն՝ կրոնական քարոզչությամբ են զբաղվել՝ հենց իրենց ներկայությամբ), կարող ենք ենթադրել, որ դա ավելի խորացված կերպով կկատարվի այդ հանրակրթական դպրոցում: Այսինքն՝ սա հստակ Սահմանադրության և օրենքի խախտում է, և Արմեն Աշոտյանին կարելի է դատական պատասխանատվության ենթարկել»:
Հարցին՝ կարելի՞ է նաև ենթադրել, որ այլ կրոնական կազմակերպությունների երեխաների նկատմամբ խտրականություն կարող է լինել այդ դպրոցում, Ս. Դանիելյանը պատասխանեց, որ իրենք ունեն բազմաթիվ խտրականությունների դեպքեր, իսկ այդ դպրոցում, հաշվի առնելով արդեն իր նոր կրոնական կարգավիճակը, կարելի է ենթադրել, որ դա ավելի խորացված կերպով կլինի.
«Սակայն խնդիրն այն չէ՝ խտրականություն կա՞, թե՞ չկա, կարող է և խտրականություն չլինել, խնդիրն այն է, որ եկեղեցին իրավունք չունի պետական գործառույթներ իրականացնել, և դպրոցներն ունեն աշխարհիկ բնույթ: Պետական ունեցվածքը՝ որպես դպրոց, ոչ ոք իրավունք չի տվել նախարարին՝ հանձնելու այլ՝ ոչ պետական կառույցի, այն էլ՝ կրոնական»:
Հարցին էլ՝ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է նման քայլ արվում, չգիտե՞ն այդ ամենի մասին, Ս.Դանիելյանն այսպես պատասխանեց.
«Մենք չգիտենք՝ ինչո՞ւ է նման քայլ արվում, բայց կարող ենք ենթադրություններ անել, որ Հայաստանում, ինչպես տարբեր ոլորտներում, նաև կրթության ոլորտում, հստակ քաղաքականություն չի վարվում, չկա ապագայի մասին կոնցեպցիա, որի հիման վրա կրթության ոլորտը փորձեն զարգացնել, և այս առումով՝ ինչ-որ անձինք, որոնք պետական ֆունկցիաներ են կատարում, իրենց անձնական պատկերացումների և, հնարավոր է, նաև շահերի պատճառով՝ այս կամ այն որոշումներն են ընդունում: Չի բացառվում, որ Արմեն Աշոտյանն անձնական շահ ունի այդ եկեղեցու հետ մերձեցման քաղաքականության մեջ և ինչ-որ բաներ ստանում է: Սա կարելի է միայն ենթադրել»: