Ռուսաստանն աջակցում է ատոմային էներգիան զարգացնելու Ադրբեջանի ձգտմանը

Runews24-ի փոխանցմամբ` մինչև 2020 թվականն Ադրբեջանում կարող են կառուցվել երկու ռեակտորներ` միջուկային ֆիզիկայի ոլորտում հետազոտություններ անցկացնելու համար:

Ադրբեջանում արդեն իսկ ստեղծվել է Միջուկային հետազոտությունների ազգային կենտրոն, որը գործում է Ադրբեջանի կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարությանը կից:

Նավթի ու գազի բնական պաշարներով հարուստ Ադրբեջանը հեռատեսորեն դնում է ապագայում սեփական ատոմային էներգիայի զարգացման հիմքը: Ենթադրվում է, որ առաջիկա 5 տարում Ադրբեջանում կկառուցվի 20 մեգավատտ հզորության հետազոտական ռեակտոր և 2 կիլովատտանոց ուսումնական ռեակտոր:

Դա երկրին հնարավորություն կտա արտադրել իզոտոպներ, որոնք օգտագործվում են բժշկության մեջ և դեռ ներկրվում են արտերկրից, ինչպես նաև կուտակել կադրային պոտենցիալ` միջուկային էներգիայի համար:

Այսօր Ադրբեջանի ռեակտորում աշխատելու համար կադրերը պատրաստություն են անցնում Ռուսաստանում, և դա պատահական չէ. հենց ռուսական Դուբնայում (Մոսկովյան մարզ) է գործում Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը:

Այդ միջազգային միջկառավարական գիտահետազոտական կազմակերպության մեջ մտնում է 18 երկիր, այդ թվում նաև Ադրբեջանը: Ինստիտուտում մշտական հենքով աշխատում են ավելի քան երկու տասնյակ ադրբեջանցի ֆիզիկոսներ:

Նրանց հիմնական մասը հետազոտություններ է անցկացնում Ադրբեջանի ինստիտուտներում` օգտագործելով Ռուսաստանում ստացած մեթոդիկան ու մշակումները:

Ադրբեջանցի գիտնականները տարեկան երկու անգամ ժամանում են Դուբնա, որպեսզի իրենց գործընկերների հետ տեղեկություններ փոխանակեն միջուկային ֆիզիկայի ոլորտում անցկացված հետազոտությունների արդյունքների մասին:

Ռուսաստան-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Դմիտրի Սավելիևը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի գիտնական-ֆիզիկոսների սերտ համագործակցությունն ունի խորն արմատներ ու ակտիվորեն շարունակվում է` չնայած համաշխարհային քաղաքական գործընթացներին.

«Ռուսաստանն ունի գործնական վիթխարի փորձ, մենք կարող ենք լուրջ օգնություն ցուցաբերել հարավային հարևանին` կապված միջուկային էներգիայի ոլորտում նրա պլանների հետ: Վստահ եմ, որ այդ գործընթացն արդյունավետ է երկու կողմի համար էլ»:

Անկասկած է, որ Ադրբեջանը կառուցված միջուկային ռեակտորում աշխատանքային փորձ կուտակելուց հետո ձեռնամուխ է լինելու սեփական ատոմակայանի կառուցմանը` անվտանգության բարձր մակարդակով:

Ինչ վերաբերում է ատոմակայանի հզորությանը, ապա այն կազմելու է 1000 մեգավատտից ոչ պակաս, քանի որ ավելի պակաս հզորության ատոմակայանն Ադրբեջանի տնտեսության համար կլիներ ոչ շահութաբեր: Ադրբեջանն արդեն իսկ դիմել է ԱԷՄԳ-ին` թույլատրելու համար չորրորդ սերնդի միջուկային ռեակտորի կառուցումը:

Տեսանյութեր

Լրահոս