Էլի հովհարային անջատումներ

Այս շաբաթվա ամենաանսպասելի տնտեսական լուրի հեղինակը Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակն է: Հայաստանի տնտեսության հերթական վերլուծականը հրապարակելիս` գրասենյակը կանխատեսեց, որ 2020թ. կունենանք էլեկտրաէներգիայի դեֆիցիտ: 90-ականների էներգետիկ ճգնաժամի հիշողություններից դեռևս չձերբազատվածներիս համար սա սարսափելի կանխատեսում է: Մեղմ ասած` սարսափելի: Նույնիսկ դեֆիցիտի չափ է նշվում` ունենալու ենք 500 մլն կՎտ հզորության կարիք: Այսինքն` ընդամենը հինգ տարի հետո գործող ատոմակայանից մոտ 25 տոկոսից ավելի հզոր էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկության անհրաժեշտություն է առաջանալու:

Եթե այս մասին մեր կառավարությունը խոսեր, կմտածեինք, որ այն սոսկ PR քայլ է: Իբր թե մեր տնտեսությունն աճում է արդեն մոռացված «Կովկասյան վագրի» ցատկերով, և հինգ տարի անց էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները 500 մլն կՎտ հզորությամբ ետ են մնալու տնտեսական աճից: ՀԲ երևանյան գրասենյակը, ցավոք, դեռ չի հրապարակել իր կանխատեսումների հիմնավորումները: Հայտնի է, որ 2016թ. Հայկական ատոմակայանի գործունեության ժամկետն անհրաժեշտ վերազինումից հետո երկարացվելու է ևս 10 տարով: Վերազինվելու է նաև Երևանի ՋԷԿ-ը: Այսինքն` 2020-ին` այսօր գործող բոլոր էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկությունները աշխատելու են, բայց էական դեֆիցիտ է լինելու: Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2008-ին արտադրվել է 6 մլրդ 114 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: 2009-ին այս ցուցանիշը կտրուկ նվազել է (մոտ 5,7 մլրդ կՎտ/ժ), իսկ հետագա տարիներին` աճել` 2014-ին արձանագրել է 7 մլրդ 750-ի ցուցանիշը:

Այսինքն` հինգ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է մոտ 1,64 մլրդ կՎտ/ժ-ով: Ընդ որում, այդ ավելացումը տեղի է ունեցել ամենաթանկ՝ ջերմային էլեկտրաէներգիայի արտադրության հաշվին: Անցած տարիների ընթացքում տնտեսության որոշ ոլորտներում էլէներգիայի սպառումն էականորեն չի փոփոխվել: Գյուղատնտեսության ոլորտում սպառման աճն էական չէ: Ճիշտ այնպես, ինչպես էական չէ շինարարության ոլորտում սպառման կրճատումը: Արդյունաբերության ոլորտն էլ առանձնապես աչքի չի ընկնում: Տարին տարվա հետ համեմատած` վերջին տարիներին այս ոլորտում սպառվում է տարեկան 1,3-1,5 մլրդ կՎտ/ժ էլէներգիա: Պաշտոնական այս տվյալները, եթե արժանահավատ չեն, ապա գոնե տրամաբանական են: Վերջին տարիների ընթացքում «Կովկասյան վագրի» տնտեսական ցատկերը ո՛չ արդյունաբերության, ո՛չ գյուղատնտեսության, ո՛չ էլ շինարարության ոլորտում նկատելի չեն:

Հետևաբար` «Ո՞վ է սպառում էլէներգիայի ավելացող ծավալը» հարցը պատասխանի է սպասում: Ի վերջո, պետք է հասկանալ, թե հինգ տարի հետո կանխատեսվող դեֆիցիտն ինչ պատճառ է ունենալու: Հայկական էլեկտրացանցերի սեփականաշնորհումից հետո այդ ձեռնարկության առաջին տնօրենը մի քանի ամիս անց հայտարարեց, որ «Հայաստանն ամռան ամիսներին նույնքան էլէներգիա է սպառում, որքան ռուսաստանյան 200 հազարանոց քաղաքը»: Այս գնահատականը գուցե չափազանցություն էր, բայց էներգետիկ ճգնաժամի տարիներին բոլորս` արտադրական ձեռնարկություններից մինչև սպառող քաղաքացիներս, խնայողության ծայրահեղ հմտություն էինք կուտակել: Տնտեսության քիչ թե շատ աշխուժացման տարիներին այդ հմտությունը մասամբ կորցրեցինք: Տեղական իշխանություններն էլ ավելացող եկամուտների հաշվին կամաց-կամաց լուծում էին բնակավայրերի գիշերային լուսավորության խնդիրը:

Բայց դա էլ բավարար չէ էլէներգիայի արտադրության աճը բացատրելու համար: Ամենանկատելին բնակչության սպառած ծավալների աճն է: Վերջին հինգ տարիներին այն ավելացել է մոտ 350 մլն կՎտ/Ժ-ով: Իսկապես, կենցաղային նոր սարք-սարքավորումները` օդորակիչներ, երկրորդ սառնարան և այլն, նպաստեցին էլէներգիայի կենցաղային սպառման ծավալների աճին: Բայց դրան զուգահեռ` էլէներգիայի սակագինը պարբերաբար աճում է, և բարդ չէ կանխատեսելը, որ սպասվող հերթական թանկացումից հետո բնակչությունը կվերականգնի իր խնայողական հմտությունները: Որովհետև սակագնի սպասվող աճն այս անգամ ուղեկցվելու է տնտեսական ճգնաժամով և դրանից բխող` բնակչության իրական եկամուտների կրճատմամբ: Այս ամենի ֆոնին արժե նաև խոսել այն մասին, որ մեր ՀԷՑ-երը ֆինանսական ծայրահեղ ծանր պայմաններում են հայտնվել: Ոլորտի ֆինանսական կարգավորման համար նորից հրատապ են դարձել գործող սակագները բարձրացնելու անհրաժեշտության մասին խոսակցությունները:

Միակ ուղղությունը, ուր էլէներգիայի սպառման նկատելի աճ է արձանագրվել, արտահանումն է: 2008-ին արտահանվել է մոտ 360 մլն կՎտ/ժ, իսկ 2013-ին` արդեն 1,2 մլրդ: Արտահանման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 2012-ին` մոտ 1,7 մլրդ: Բայց ՀԲ-ի երևանյան գրասենյակի մասին չի կարելի ասել, որ տեղյակ չեն մեր էներգետիկ համակարգի խնդիրներին: ՀԲ-ն տարիներ շարունակ հպարտանում էր Հայաստանում էներգետիկ ճգնաժամի հաղթահարման գործում իր մասնակցությամբ:

Անկեղծ ասած` արդարացի էր հպարտանում: 1990-ականներին ոլորտի բարեփոխումներում ՀԲ-ն նկատելի մասնակցություն ուներ: Իսկ էներգետիկ ճգնաժամը հաղթահարվեց հենց այդ տարիների բարեփոխումների շնորհիվ:

Հետևաբար` չի կարելի ենթադրել, որ այս գրասենյակի փորձագետների կանխատեսմամբ` 2020-ին մեզ էլէներգիան չի բավարարելու արտահանման համար: Նրանք խոսում են ներքին սպառման մասին: Մինչդեռ մեր մակրոտնտեսական ցուցանիշերից չի նկատվում, թե տնտեսական ինչ զարգացումների պատճառով է հնարավոր դեֆիցիտը: Գուցե՞ «Նրանք գիտեն, բայց մեզ չեն ասում»` ինչպես կասեր մերօրյա դասականը:

Տեսանյութեր

Լրահոս