«Այս պետությունը լավ ավարտ չի ունենալու». Դավիթ Բաբայան
Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից երեկ տարածվեց հակառակորդի կողմում հայտնված Անդրանիկ Գրիգորյանի մասնակցությամբ հերթական տեսանյութ, որում, իբր, վերջինս կոչ է անում զինվորներին` անցնել Ադրբեջանի կողմը:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ սա ադրբեջանական նացիստական քարոզչամեքենայի կողմից նկարահանված ևս մեկ տեսանյութ է. «Պատկերացնում եմ` ինչպիսի ապրումներ է հիմա ապրում մեր այդ զինծառայողը, ինչ են անում նրա հետ, ինչ բռնությունների են ենթարկում, տանջում են: Եվ այս իրավիճակում պարզապես բնազդի տեսքով բան է մնացել՝ մարդ ուզում է՝ միայն իրեն ինչ-որ ձևով հանգիստ թողնեն որոշ ժամանակով, և սկսում է այսպիսի բաներ անել: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպիսի մթնոլորտ է տիրում Ադրբեջանում: Բնական է՝ սա որևէ ձևով չի կարող լինել նյութ, որին պետք է հավատանք, որից պետք է ինչ-որ լուրջ հետևություններ անենք: Ո՛չ: Սա ուղղակի քաղաքականացված շոու է, մարդկային ճակատագրի ողբերգություն, տվյալ դեպքում` Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի: Սա նաև ցույց է տալիս, թե իրոք ինչ արատներով է հիվանդ Ադրբեջանը: Այս պետությունը լավ ավարտ չի ունենալու:
Սա միանշանակ է, որովհետև չի կարելի պետականաշինության ողջ փիլիսոփայությունը կառուցել ատելության, չարության վրա: Նման մոտեցումը հենց Ադրբեջանի համար ուշ թե շուտ ողբերգության ու աղետի է բերելու»:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ զինվորի կողմից տեսանյութում հայտնված խոսքերին չի կարելի լուրջ վերաբերվել. ըստ նրա՝ տարածված նախորդ տեսանյութում, օրինակ, Անդրանիկ Գրիգորյանը տալիս էր անուններ, սակայն նման հրամանատարներ չեն ծառայում պաշտպանության բանակում. «Եթե նույնիսկ ինչ-որ մարդկանց անուններ տա, որպեսզի հավաստի երևա, չի նշանակում, որ նման բան կա: Ուղղակի կրկնում եմ՝ ինքը վաղը կարող է խոստովանել, որ մասնակցել է Քենեդու սպանությանը կամ Նեմցովի սպանությանը, կամ մասնակցել է տարբեր ահաբեկչական գործողությունների, որոնք տեղի են ունեցել 19-րդ դարում կամ էլ պետք է տեղի ունենան: Այս ամենը հո չի՞ նշանակում, որ այդ մարդն իրոք մասնակցել է կամ ուզում է դա անել, բայց ստիպված է, նրան ուղղակի տանջամահ են անում»:
Դավիթ Բաբայանն ասաց, որ միջազգային հանրությունը պետք է լուրջ հետևություններ անի, քանի որ այսպիսի պահվածքը միջազգային մի շարք նորմերի խախտում է պարունակում: «Սա ուղղակի ցույց է տալիս, թե ինչպիսի աննորմալ պետություն է Ադրբեջանը, այլ ոչ թե ցույց է տալիս Ադրբեջանի հզորությունը կամ, որ բոլորն ուզում են փախչել, գնալ Ադրբեջան: Իրենք՝ ադրբեջանցիներն են փախչում Ադրբեջանից»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում խոսելով այն մասին, թե ինչպես պետք է լրատվամիջոցներն արձագանքեն նման հրապարակումներին, ասաց, որ տեսանյութի տարածման փաստն ընդհանրապես անտեսել չի կարելի: «Բայց տեսանյութը, դրա բովանդակությունը տարածելով (առավել ևս, կային լրատվամիջոցներ, որ նույնիսկ թարգմանել, կամ տեսանյութը տեղադրել են իրենց Youtube-ի ալիքում)` փաստացի մի քանի կարևոր բան է խախտվում: Առաջինը խախտվում են էթիկական նորմերը, որովհետև մենք իրականում չգիտենք, թե գերության մեջ ինչ է կատարվում այդ մարդու հետ: Կարող ենք ենթադրել՝ հաշվի առնելով այլ դեպքեր:
Անազատության մեջ գտնվող մարդու խոստովանությունն արդեն իսկ կասկածելի է, բայց դա հարցի, այսպես ասած, ամենատրիվիալ և էմոցիոնալ մասն է: Լրատվամիջոցների պրոֆեսիոնալիզմի հարց է, որ նման տեսանյութը հանդիսանում է ոչ թե փաստ, նորություն, տեսանյութ, այլ միայն ու միայն քարոզչական նյութ, ինչպես, օրինակ՝ թռուցիկ: Պարզապես մեր ժամանակները տեխնիկապես ավելի մեծ հնարավորություններ են տալիս, և թռուցիկի փոխարեն` կարող է հենց տեսանյութ լինել: Հակառակորդի թռուցիկները սեփական տարածքում տարածելը կարող է տարբեր բնորոշումներ ստանալ, բայց կարծում եմ՝ պետք չէ բացատրել, թե ինչ է նշանակում: Այսինքն՝ այդ լրատվամիջոցները սկսում են փաստացի հանդիսանալ ադրբեջանական քարոզչական մեքենայի ներկայացուցիչ՝ թիկունքում: Այստեղ բացարձակապես չի կարող խոսք գնալ խոսքի ազատության, լրագրության մասին: Այստեղ խոսքը, վատ իմաստով, մաքուր քարոզչական նյութի տարածման մասին է»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ Ժնևյան կոնվենցիաների համաձայն՝ ռազմագերիները պաշտպանված են ամբոխի հետաքրքրությունից, ինչը նաև նշանակում է, որ նրանք չպետք է օգտագործվեն նման տեսանյութերում:
Նրա խոսքով՝ այդ տեսանյութերը տարածելով՝ լրատվամիջոցը փաստացի դառնում է Ժնևյան կոնվենցիաների խախտման հանցակից: «Եվ շատ տարօրինակ է, որ ընդհանրապես դա պետք է բացատրել: Շատ տարօրինակ է, որ նման բաներ չեն անցել ոչ միայն լրագրողները, այլ նաև խմբագիրները համալսարանում, և ժամանակի ընթացքում ձեռք բերած փորձն իրենց թույլ չի տալիս հասկանալգ նյութը տեղադրում են, հետո` հեռացնում: Խոսքն ընդհանրապես չպետք է նման հարցազրույցի հասներ»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը: Հարցին, թե ինչպե՞ս պետք է նման դեպքերին անդրադառնան լրատվամիջոցները, նա պատասխանեց.
«Պետք է հրապարակվեր, որ քարոզչական բնույթի տեսանյութ է հրապարակվել, որ մարդը գտնվում է գերության մեջ, և նրան օգտագործում են` որպես քարոզչության օբյեկտ: Այդքան բան: Իհարկե, հասարակությունը պետք է տեղյակ լինի, որ Հայաստանի քաղաքացին նմանատիպ մանիպուլյացիաների զոհ է գնում, բայց դա չի նշանակում, որ պետք է ցույց տրվի: Օրինակ՝ եթե տեսանյութ լիներ, որտեղ այդ մարդուն կտտանքների են ենթարկում, մեր լրատվամիջոցները դա պետք է տարածեի՞ն: Իսկ սա փաստացի կտտանքների նման մի բան է»:
«168 ԺԱՄ»