Կրեմլը փորձում է զգուշանալ Երևանից ուղարկվող ազդանշաններից. Դուբնով

«Մոսկվան հասկանում է, որ Հայաստանի «օդն ամբողջությամբ փակել» չի կարող»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի վերլուծաբան Վադիմ Դուբնովը` անդրադառնալով Հայաստանում ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի սպառնալիքներին այն մասին, թե ինչպիսի բացասական հետևանքներով է հղի «Արևելյան գործընկերության» անդամ երկրների համար ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը և ԽՀԱԱԳ պայմանագիրը:

Նա նշեց, որ թեև Հայաստանը ԵՏՄ անդամ է, Կրեմլում որոշակի անհանգստություն, մտահոգություն գոյություն ունի Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ, քանի որ Երևանից Կրեմլ ուղարկվող ազդանշանները փաստում են Հայաստանի իշխանության շրջանակների որոշակի ոչ կայունության մասին: Ըստ նրա, բնականաբար, Մոսկվան զգուշանում է, քանի որ, մեծ հաշվով, Մոսկվայի համար նույնիսկ եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների շրջանակում լուրջ գործընկերներ չեն մնացել: «Ուստի, ես կարծում եմ, որ սա ոչ այնքան լուրջ քաղաքական միջոցառում էր, որքան՝ ծիսական մի միջոցառում, քանի որ այս խնդիրն ավելի շատ առկա է տեղեկատվական դաշտում և ոչ՝ քաղաքական, ուստի այդ տեղեկատվական անկայունությանն էլ Նարիշկինը պատասխանեց: Այսինքն` սա ոչ այնքան քաղաքական հայտարարություն էր, որքան՝ տեղեկատվական PR»,- ասաց Վադիմ Դուբնովը:

Վերջինս նաև նշեց, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Երևանում, այդ թվում՝ մեծ շուքով անցկացված «Եվրոպական շաբաթը», Մոսկվան ճիշտ է ընկալում: Բայց, նրա խոսքով, կա նաև գիտակցում, որ ոչ այնքան՝ ողջ Հայաստանում, որքան՝ Երևանում, նման միջոցառումները նշանակալի են դառնում:

«Համահայկական ֆոնին այդ միջոցառման նշանակությունն այնքան բարձր չէ, որ Մոսկվան անհանգստանա: Բայց քանի որ նման բան տեղի է ունենում ՀՀ նախագահի նստավայրից մի քանի քայլ ներքև՝ Խորհրդարանում, Մոսկվան ինչ-որ կերպ պետք է արձագանքի: Այն խաղի շրջանակում, որը վարում են Երևանն ու Մոսկվան, տարօրինակ կլիներ, որ Մոսկվան չարձագանքեր այդ միջոցառումներին կամ առկա այլ կարծիքներին»,- ասաց Դուբնովը:

Ամփոփելով «Եվրոպական շաբաթի» ընթացքում շրջանառության մեջ դրված գաղափարներն այն մասին, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը կարող են ստորագրել քաղաքական բովանդակությամբ փաստաթուղթ, Դուբնովը նշեց, որ չի կարող ասել` Մոսկվան միանշանակորեն թույլ կտա՞ Հայաստանին դա անել, թե՞ ոչ:

Ըստ Դուբնովի` մի կողմից՝ Մոսկվային անհանգստացնում և գրգռում է Եվրոպայի հետ հարաբերություններ հաստատելու՝ Երևանի ցանկացած փորձ, հատկապես՝ քաղաքական ոլորտում՝ նույնիսկ հռչակագրային փաստաթղթի տեսքով, մյուս կողմից՝ Մոսկվան հասկանում է, որ ամբողջությամբ Հայաստանի «օդը փակել» չի կարելի:

«Ուստի, կարծում եմ, որ և՛ Հայաստանը, և՛ Եվրոպան փորձում են գտնել որոշակի ձևակերպումներ, որպեսզի չայրեն կամուրջները և հնարավորություն թողնեն հետագա համագործակցության համար, որը կարող է միայն հեռանկարային լինել: Այսօր ես այդքան էլ չեմ պատկերացնում Հայաստանի խորն ինտեգրացիան Եվրոպային: Ներկայում կողմերը փորձում են պահպանել հնարավորություն ապագայի համար: Մոսկվան իր հերթին՝ հասկանում է, որ և՛ Երևանը, և՛ Եվրոպան խորհրդակցելու են իր հետ այս հարցում, և այս խորհրդակցությունների արդյունքում ձևավորվելու են ձևակերպումներ, որոնք երաշխավորելու են Մոսկվային ապագա անակնկալներից:

Կարծում եմ, որ այս փուլում հռչակագիրը հնարավոր է, եթե չպատահի որևէ արտակարգ իրադարձություն, որը կնյարդայնացնի Մոսկվային, քանի որ աղմուկներ հնարավոր են: Այդ դեպքում Մոսկվան միգուցե պատժի Երևանին, թեև այս սցենարը քիչ հնարավոր է թվում: Հայաստանը Եվրոպայի հետ այս փուլում հռչակագիր կստորագրի, որին Մոսկվան դեմ չի լինի, թեև պետք է նաև նշել, որ Մոսկվան իրավիճակային է, և դժվար է ասել՝ պահն ինչպիսի՞ տրամադրությունների կհանգեցնի»,- ասաց Վադիմ Դուբնովը:

 

Տեսանյութեր

Լրահոս