«Ամոթ նրանց, ովքեր երբևէ վատ են արտահայտվել Մկոյի հասցեին». Հովհաննես Ազոյան
Մարդ, ով երբեք չի վախեցել արտահայտելու իր քաղաքական տեսակետները՝ հստակ պահպանելով խոսքի ազատության և պարզապես անտաշ հայհոյանքի սահմանը: Եթե այսօր շատերն անհայտ անուններից ինչ-ինչ գրառումներ են թողնում համացանցում և մեկ-երկու «կծու» մեկնաբանությունից հետո «տղամարդավարի» անհետանում, ապա դերասան և հաղորդավար Հովհաննես Ազոյանը երբեք չի խուսափել լինել մաքսիմալ անկեղծ՝ իր մտքերի արտահայտման հարցում: Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք համացանցում տեղադրված գրառումն ինչ-որ մի բան ի վիճակի է փոխել՝ Հովհաննեսը պատասխանեց. «Եթե գոնե մեկ-երկուսի մոտ իմ արտահայտած մտքերը խորհելու, մտածելու տեղիք տան, ուրեմն իզուր չեն իմ գրառումները»:
– Ե՞րբ են Ձեզ վերջին անգամ դիմել՝ Հովհաննես:
– Ինձ հաճախ են դիմում՝ Հովհաննես:
– Երբ կինն ամբողջությամբ է ամուսնու անունը տալիս, դրա մեջ մի տեսակ ակնարկ կա, որ ինչ-որ մի բան այն չէ:
– Համաձայն եմ, որ նման դեպքերում դա ինչ-որ երանգ իրապես ունի: Վտանգավոր է, նշանակում է, որ կարմիր լույսը վառվում է, եթե կինդ նշում է անունդ ամբողջությամբ:
– Հաճա՞խ եք «կարմիր լույսի» առիթներ ստեղծում:
– Հա, իհա՛րկե: Պատճառները կարող են բազմապիսի լինել. ի վերջո, բոլորս մարդ ենք:
– Զգացե՞լ եք, որ Ձեր բնավորության գծերի մեջ կան այնպիսիք, որոնք անտանելի են, և նույնիսկ զարմացել եք, թե ինչպե՞ս է դեռևս Մերին Ձեզ հանդուրժում:
– Իհարկե, կան նման գծեր:
– Իսկ ավելի ստո՞ւյգ:
– Իմ տղամարդ տեսակը: Ավելի հստակ չեմ ասի, այդքանը բավարար է:
– Ձեր կերպարը միանգամից դրական էմոցիաներ, տրամադրություն և ժպիտ է առաջացնում: Դա Ձեզ դեռևս չի՞ նյարդայնացնում:
– Ինչո՞ւ պետք է նյարդայնացնի: Պոզիտիվ լինելը հարստություն է, որը, ցավոք սրտի, ամեն մարդ չի հասկանում:
– Այն էլ՝ հայ մարդ:
– Ամեն մեկն իր մտքերի մեջ է ապրում: Կենցաղն ու կենցաղային մտքերը քայքայում են մարդուն, նրա դրական լիցքերը:
– Դա նաև մարդկային տեսակ է:
– Ոչ միայն: Առաջնահերթ՝ կենցաղն ու կենցաղային մտքերն են ազդում մարդու տրամադրության վրա:
– Ձեզ մոտ կերպարի մա՞ս է հանդիսանում միշտ դրական և պոզիտիվ լինելը:
– Ես վաղուց արդեն կորցրել եմ Ձեր նշած իմ կերպարը: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Այնպիսին եմ, ինչպիսին Ձեր առջև նստած եմ: Սա կերպա՞ր է, ըստ Ձեզ:
– Ոչ, Դուք Հովհաննեսն եք, ով հարցազրույց է տալիս: Իսկ առհասարակ լինո՞ւմ է ցանկություն՝ նշելու, ապացուցելու, թե՝ գիտեք, ես լուրջ եմ:
– Հիմա արդեն՝ ոչ: Սակայն տարիներ առաջ ունեի այդ խնդիրը: Այդ հարցը լուծվեց ինքնաբերաբար՝ ժամանակի հետ: Դա արդեն հասարակության խնդիրն է, թե ինչպես է այն ընկալում և ընդունում ինձ կամ այլ մեկին: Եթե հասարակությունը կարծրատիպային է մտածում, դա արդեն հասարակության խնդիրն է: Նույնն է թե՝ դերասանին, ով մի քանի ֆիլմերում խաղում է, օրինակ, բացասական կերպար, հասարակությունն ընկալի իբրև բացասական մարդ՝ առհասարակ: Տվյալ դերասանն արդեն ի՞նչ մեղք ունի, որ հասարակությունը նման մտածելակերպ ունի:
– Բարդույթներ ունե՞ք, որոնք խանգարում են Ձեզ ապրել:
– Ոչ, ես չունեմ բարդույթ:
– Բարդույթ չունենալը բարդույթ չէ՞:
– Ես չեմ ձգտել բարդույթ չունենալ. ինքնաբերաբար այդպես է ստացվել:
– Ի՞նչ եք կարծում, այն էլ հայ հասարակության մեջ բարդույթ չունենալը ծնողների ճիշտ դաստիարակության արդյո՞ւնք է, դա լավ մանկության հետևա՞նք է, թե՞… Ի՞նչ է դա: Պատասխանեք այդ հարցին՝ նաև որպես երկու հրաշք աղջիկների հայր:
– Դա ճիշտ ժամանակին ինքնուրույն ապրելու արդյունք է: 17 տարեկանից ես ինքնուրույն եմ ապրել՝ ուսանողական տարիներից սկսած: Դա է բնության թելադրանքը, այդպես էլ պետք է լիներ: Մեր հասարակության մեջ կա այդ խնդիրը՝ իրենց զավակներին ազատ չթողնելու խնդիրը միշտ առկա է: Պինդ պահում են իրենց կողքին, մարդը դառնում է 40 տարեկան՝ այդպես էլ չհասկանալով, թե ինքն ո՞վ է: Դժբախտ-դժբախտ ապրում է՝ այդպես էլ չհասկանալով իր դժբախտության պատճառը: Ես կարծում եմ, որ 17-18 տարեկանից պետք է բաց թողնել զավակներին, որպեսզի մարդիկ ունենան կյանք՝ լիարժեք ապրեն, սխալվեն, ընկնեն և բարձրանան, սխալների վրա սովորեն…
– Պատրա՞ստ եք այդ նույն ազատությունը տալ Ձեր աղջիկներին:
– Իհա՛րկե: Ուղղակի ինձ պետք է ուժ և իմաստնություն, որպեսզի մինչ իրենց 17-18 տարեկանը ես այնքան «լցնեմ» նրանց կյանքի համար անհրաժեշտ գիտելիքներով, ինֆորմացիայով, որ կարողանամ հանգիստ բաց թողնել:
– Ձեր և Ձեր կնոջ՝ Մերիի բնավորության ո՞ր գծերը կցանկանայիք՝ ունենան Ձեր բալիկները: Եվ եթե կան այնպիսի բնավորության գծեր Ձեր երկուսի մեջ, որ երբեք չէիք ցանկանա, որ Ձեր բալիկները ևս ունենային, դրանք ևս, խնդրում եմ, թվարկեք:
– Շատ կուզեի, որ երեխաներս ունենային կնոջս հավատը, հավատքը և կամքի ուժը: Չունենային կնոջս արագ նեղանալու հատկությունը: Իմ բնավորությունից՝ շատ կուզենայի, որ նրանց անցներ, լավ իմաստով իհարկե, իմ խենթությունը: Չունենային իմ ալարկոտությունը:
– Ալարկո՞տ եք:
– Երբեմն՝ այո: Հիմնականում՝ այո: Բայց, եթե ես «վարակված» եմ մի գաղափարով՝ լինի աշխատանքային թե անձնական ոլորտում, ես երբեք չեմ զլանա, չեմ ալարի: Այդտեղ ես ցուցաբերում եմ մաքսիմալ աշխատասիրություն և համառություն: Սակայն կալարեմ, օրինակ, գնալ ջրի հետևից:
– Հիշում եմ, երբ մասնակցում էիք «Երբ պարում են աստղերը» նախագծին, և Դուք, և Մերին դեռևս ամուսնացած չէիք, Դուք չէիք սիրում, երբ նա գալիս էր փորձերին կամ նկարահանումներին:
– Չեմ սիրում ավելորդ աչք իմ աշխատանքի մեջ:
– Բայց Դուք այնպիսի ոլորտում եք աշխատում, որ Ձեզ «ալամ աշխարհն» է «աչքերը չորս արած» հետևում: Խեղճ Մերիի աչքե՞րն էին միայն խանգարում:
– Ես հարազատներիս, ընկերներիս, ընտանիքիս անդամներին նկատի ունեմ:
– Գտա՞նք Ձեր բարդույթը:
– Այ, տես, փաստորեն պրոֆեսիոնալ բարդույթ ունեմ:
– Խոսեցինք պրոֆեսիոնալիզմից: Աշխատանքի մեջ ի՞նչը չեք հանդուրժում, ի՞նչն է Ձեզ հունից հանում:
– Թերնվիրվածությունը: Լինում են օրեր, երբ ինքս եմ թերանում իմ աշխատանքում: Չեմ կարող ասել, որ ես բացարձակ պրոֆեսիոնալ եմ, բայց ընդհանուր նվիրվածությունն աշխատանքին չպետք է թերի լինի: Չեմ սիրում, երբ ինչ-որ մի բան արվում է հենց այնպես՝ իմիջիայլոց: Ես դա համարում եմ չարիք:
– Ձեզ հաճա՞խ են հրավիրում կնունք-ծնունդ-հարսանիքներ վարելու:
– Այո, հրավիրում են խնջույքներ վարելու, բայց միշտ չենք կարողանում պայմանավորվել գնի շուրջ: Մի քիչ երևի թանկ գին եմ ասում՝ չեն համաձայնում:
– Թե՞ դիտավորյալ եք նման գին նշում, որ հրաժարվեն:
– Պատահում է և այդպես:
– Նկարահանվել եք Արտյոմ Միխալկովի «Ставка на любовь» ֆիլմում: Պատմեք այդ մասին:
– Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Ռուսաստանում և ԱՄՆ-ում: Հիմա արդեն մոնտաժային փուլում է ֆիլմը: Այն նախատեսվում է էկրաններին լինել արդեն օգոստոսին:
– Ովքե՞ր են Ձեր ծնողները:
– Հայրս ֆիզիկոս է, զբաղվում է գիտական աշխատանքով: Երբեմն ինձ զարմացնում է նման մարդու տեսակը, ով կարող է տարիներով իրեն նվիրել միայն մի աշխատանքի: Դա իրենն է: Մայրս ինժեներ է և իմ աշխարհն է:
– Խոսենք Ձեր քաղաքական ստասուսների մասին: Գագիկ Ծառուկյանին առնչվող դեպքերից հետո Դուք Ֆեյսբուքում ստատուս գրեցիք, որտեղ Սերժ Սարգսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին առաջարկում էիք հանդիպել: Հասկանալի է, որ Դուք խոսում, գրում և անդրադառնում եք երկրի քաղաքական իրադարձություններին՝ որպես տվյալ երկրի քաղաքացի: Սակայն վստա՞հ եք, որ Ձեզ լսում են:
– Ես կոնկրետ մեկին չեմ հասցեագրել դա: Ես հասցեագրել եմ հայ հասարակությանը: Տարբերակ եմ առաջարկում, որ կարելի է նաև այդպես մտածել, քննարկել…
– Ի՞նչը Ձեզ ստիպեց գրել այդ ստատուսը:
– Իմ ժամանակը: Ես ափսոսում եմ իմ ժամանակը: Ես հիմա չեմ ուզում վերստին մանրամասն անրադառնալ այդ ստատուսին, քանի որ հնարավորինս մանրամասն արտահայտել եմ իմ մտքերն այդ գրառման մեջ:
– Ձեզ դուր եկա՞ն տվյալ գրառման տակ գրված մեկնաբանությունները:
– Իհա՛րկե ոչ:
– Ո՞վ է Մկոն՝ Մկրտիչ Արզումանյանը, Ձեզ համար, բացի խաղընկեր լինելուց: Ինչպե՞ս եք վերաբերվում Մկոյի անվան շուրջ «սոցցանցաբնակների» բարձրացրած աղմուկին:
– Մկոյի պես խաղընկեր երբեք չեմ ունենա: Դերասանի համար պարզապես երազանք է ունենալ նման խաղընկեր: Մկոյի տաղանդի մասին խոսելը նույնիսկ շաբլոն է: Իսկ նրա մարդ տեսակը՝ գիտական վերլուծության ենթակա: Մկոն մեծ արժեք է հայ արվեստում: Ու ամո՛թ նրանց, ովքեր երբևէ վատ են արտահայտվել Մկոյի հասցեին: Շա՛տ ամոթ: