Անիմաստ վիճակագրություն

Ինչպես արդեն նշել ենք, 2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին
ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ նվազել է 27.7%-ով և կազմել 592.5 միլիոն դոլար։ Այդ թվում` արտահանման ծավալը տարվա առաջին ամիսներին կրճատվել է 25.2%-ով, ներմուծման ծավալը` 28.6 տոկոսով։

Եվ ահա, էկոնոմիկայի նախարարությունը կրկին շտապեց մեկնաբանել այս ցուցանիշները` նշելով, որ «պետք է նկատի ունենալ, որ արտաքին առևտրի ցուցանիշները դեռևս ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ, և հետագայում ենթակա են ճշգրտման»: Ճիշտ նույն բովանդակությամբ մի մեկնաբանություն էլ հնչել էր հունվարին, այսինքն` մարդիկ 2 ամիս շարունակ չճշգրտված տվյալներ են հրապարակում։

Հունվար-փետրվարի ցուցանիշներն ու դրանց հետևած մեկնաբանությունները մեզ ստիպեցին կրկին անդրադառնալ այս թեմային։ Որովհետև ցուցանիշները շատ ավելի խայտառակ են, եթե դրանք դիտարկում ենք ըստ առանձին երկրների։ Խայտառակ ու տարօրինակ։

Հիմա մի ցուցանիշ կհրապարակենք, որը շոկային կարող է թվալ։ Կարո՞ղ եք գուշակել` ի՞նչ փոփոխություն է կրել Հայաստանից Ռուսաստան արտահանումն այս տարվա հունվարին։ Նվազել է. սա, թերևս, գուշակեք։ Իսկ թե ի՞նչ չափով է նվազել, սա դժվար թե գուշակեք, որովհետև նվազումը ոչ թե տոկոսներով է, այլ անգամներով։ Այսպես, պաշտոնական վիճակագրության համաձայն` 2015 թվականի հունվարին` նախորդ տարվա հունվարի համեմատ, Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է շուրջ 100 (հարյուր) անգամ։

Այո, սա վրիպակ չէ։ 2014 թվականի հունվարին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել էր 16.5 միլիոն դոլար, իսկ 2015 թվականի հունվարին` ընդամենը 168.9 հազար դոլար։ Այս տվյալները վերցված են Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) զեկույցից, ԱՎԾ-ն էլ իր հերթին` հիմնվել է Մաքսային ծառայության թվերի վրա։

Հանուն արդարության` նշենք, որ ցուցանիշների ներքևում կա մի փոքրիկ ծանոթագրություն` «2015թ. հունվարի արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ, և դրանք հետագայում ենթակա են ճշգրտման»: Այսինքն` նույն բացատրությունն է, որն արդեն 2 անգամ հրապարակում է Էկոնոմիկայի նախարարությունը։ Մյուս կողմից` նույն զեկույցում, նույն էջի ու նույն տողի վրա նշված է, որ Ռուսաստանից ներմուծման ծավալը նվազել է 18.5%-ով (ըստ ապրանքի ծագման երկրի), և 23.9%-ով` ըստ առևտուր անող երկրի։ Ըստ ծագման երկրի` հունվարին Ռուսաստանից ներմուծվել է 65.2 միլիոն դոլարի ապրանք, ըստ առևտուր անող երկրի` 82.2 միլիոն դոլարի։

Սա բավականին տարօրինակ է։ Ինչպե՞ս կարող է ցուցանիշների հավաքագրման տեխնիկական թերությունների հետևանքով արտահանման ցուցանիշը նվազել 100 անգամ, ներմուծմանը` 18-24 տոկոսով։ Այնպիսի տպավորություն է, որ ցուցանիշները թերի են հավաքագրվել միայն Հայաստանից Ռուսաստան արտահանման մասով։
Փորձեցինք Հայաստան-Ռուսաստան երկկողմ առևտրի ցուցանիշները ճշտել նաև մյուս աղբյուրից` ՌԴ պետական վիճակագրության դաշնային ծառայությունից։ Ճշտեցինք, ու ամեն ինչ ավելի խճճվեց։

ՌԴ պաշտոնական վիճակագրության համաձայն` 2015 թվականի հունվարին Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառությունը Հայաստանի հետ կազմել է 98.5 միլիոն դոլար (ՀՀ ԱՎԾ տվյալներով`106.4 միլիոն դոլար է)։ Այդ թվում, ըստ ՌԴ վիճակագիրների, Հայաստանից Ռուսաստան ներմուծումը կազմել է 4.6 միլիոն դոլար (ՀՀ ԱՎԾ տվյալներով` 168.9 հազար դոլար), իսկ Ռուսաստանից Հայաստան արտահանումը` 93.9 միլիոն դոլար։ Սա շատ հետաքրքիր է։ Փաստորեն, ապրանք-ծառայությունների նույն քանակը, որը հունվարին ՀՀ-ից գնացել է ՌԴ, ՀՀ տվյալներով 168.9 հազար դոլար է, ՌԴ-ի տվյալներով` 4.6 միլիոն դոլար` 27 անգամ շատ։ Խոսքը նույն ապրանքախմբի մասին է։

Ինչպե՞ս հասկանալ` ո՞ր տվյալն է ճիշտ։ Այն, որ ՀՀ ԱՎԾ-ի ցուցանիշը սխալ է, փաստ է, քանի որ իրենք են նշում, որ ցուցանիշները ամբողջական չեն և ենթակա են ճշգրտման։ ՌԴ վիճակագրության ծառայության զեկույցում նման ծանոթագրություն չկա։ Այսինքն` նշված չէ, որ տվյալները թերի են։ Ու մեզ մնում է հիմք վերցնել հենց ՌԴ պաշտոնական վիճակագրության թիվը։ Ըստ այդմ` ստացվում է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանումը պակասել է ոչ թե 100 անգամ, այլ` 3.5 անգամ։

Իհարկե, սրանք ընդամենը մոտավոր հաշվարկներ են։ Հուսանք, գոնե առաջին եռամսյակի վերջին մերոնք վերջապես կհասցնեն ճշգրտել թվերն ու ներկայացնել։ Սակայն այս ամենի հետևանքով մի հարց է առաջանում ` ի՞նչ իմաստ ունի թվեր հրապարակել, եթե դրանք իրականության հետ կապ չունեն։ Ի՞նչ իմաստ ունի սխալ ցուցանիշներ տալ երկու ամիս անընդմեջ, ու հետո պարզաբանել, որ դրանք պետք է ճշգրտել։ Ավելի ճիշտ չէ՞ր լինի ընդհանրապես չհրապարակել ցուցանիշները. դա անել միայն ճշգրտումից հետո։

Մեկ այլ կարևոր հարց` ինչպե՞ս է հնարավոր թվային տեխնոլոգիաների այս դարում նման տեխնիկական խնդիր ունենալ ու ունենալու դեպքում` այն չլուծել մի քանի օրվա մեջ։ Սա՞ է ԵՏՄ-ի արդյունավետության մակարդակը։
Ու ընդհանրապես, ինչպե՞ս է հնարավոր տարվա կտրվածքով կանխատեսումներ անել, ծրագրեր կազմել, օրենքներ ու որոշումներ ընդունել, արտահանումը խթանել, տնտեսական քաղաքականություն վարել, եթե մարտը մոտենում է ավարտին, իսկ արտաքին առևտրի ճշգրիտ ցուցանիշները հասանելի չեն։ Ինչի՞ վրա են հիմնված ձեր ծրագրերն ու ելույթները։

Սա միակ դեպքը չէ։ Ասենք, 2014 թվականի դեկտեմբերի 30-ին ԱՎԾ-ն հրապարակում է գնաճի ցուցանիշը, ու պարզվում է, որ նոյեմբերի համեմատ` սպառողական գներն աճել են ընդամենը 3%-ով։ Երբ հարցնում ես` ինչպե՞ս կարող է այդպես լինել, եթե դեկտեմբերի վերջին դրամի կտրուկ արժեզրկման պատճառով հատկապես ներմուծվող ապրանքների գները 10-15 տոկոսով թանկացան, պատասխանում են` գնաճի ցուցանիշը հաշվարկել ենք դեկտեմբերի 20-ի տվյալների հիման վրա։ Իմա՞ստը։

Կամ Կադաստրի կոմիտեն հրապարակում է անշարժ գույքի գները, ու պարզվում է, որ Երևանի վարչական շրջանների մեծ մասում բազմաբնակարան շենքերի բնակարանների գները (1քմ-ի հաշվարկով) անգամ 1 դրամով չեն փոխվել` 1 տարվա կտրվածքով։ Երբ հարցնում ես` ինչպե՞ս կարող է այդպես լինել, եթե դրամը 15 տոկոսով արժեզրկվել է, կրկին բերում են տեխնիկական ինչ-որ հիմնավորումներ։
Առանց այն էլ պաշտոնական վիճակագրությանը շատերը, մեղմ ասած, թերահավատությամբ են մոտենում։ Իսկ այսպիսի անփույթ վերաբերմունքի պատճառով ընդհանրապես անիմաստ է դառնում վիճակագրական զեկույցներն աչքի անցկացնելը։

Տեսանյութեր

Լրահոս