Սիրիայի ապստամբները գրավել են UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված Բոսրա քաղաքը
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ հանդես եկող զինյալներն իրենց վերահսկողության տակ են հաստատել Բոսրա քաղաքի վրա, որը գտնվում է Սիրիայի հարավում՝ Հորդանանի հետ սահմանին:
Քաղաքը գրավվել է քառօրյա մարտերից հետո: Բոսրան ընդգրկված է UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Քաղաքի մասին առաջին վկայությունները թվագրված են մ.թ.ա 14-րդ դարին:
Այդ բնակավայրը ժամանակին գտնվել է այնպիսի պետությունների կազմում, ինչպիսիք են Հռոմեական կայսրությունը, Սասանյան Պարսկաստանը, Արաբական խալիֆայությունը:
Բոսրան նաև հայտնի է աշխարհի ամենահին և առավել պահպանված թատրոնով: Բացի այդ, Բոսրայում են գտնվում հռոմեական, բյուզանդական ու մուսուլմանական մշակույթների արտեֆակտներ: Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 215.000 մարդ: