Սամվել Ալեքսանյանի համար ստեղծվել է մենաշնորհի օրինականացման փայլուն օրինա՞կ
Այսօր ԱԺ նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե վերջերս գրքերից մեկում հրապարակված հետազոտության համաձայն, ՀՀ-ում խոզի, տավարի, հավի մսի, ալյուրի, շաքարավազի և մի շարք այլ շուկաներում ներմուծվող ապրանքը վաճառվում է 100-200% և ավելի գնով, այսինքն՝ այստեղ տեղի է ունենում գերշահույթ և դա ստանում են ներկրողները:
«Սրանից հետևում է, որ Դուք թերացել եք ներկրողների գերիշխող դիրքի չարաշահման դեմ պայքարի հարցում»,- ասաց Զուրաբյանը:
Շաքարի հետ կապված առկա բնական մենաշնորի հարցով Լ. Զուրաբյանը նշեց, որ Սահմանադրությամբ մենաշնորհը կարող է սահմանվել միայն օրենքով. «Այսինքն՝ այդ մենաշնորհը պետք է օրենքով բերեիք, ԱԺ-ում օրինականացնեիք»:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ եթե խոսում ենք օրենսդրության լեզվով, շահույթի չափը օրենսդրության խախտում չէ և շահույթի չափը նորմավորված չէ մեր երկրում: Ներկայացված թվերի վերաբերյալ Շաբոյանը պաշտոնապես հայտարարեց, որ այդ շուկաները անիրատեսական է, իրականությանը չի համապատասխանում. «Մեր երկրում չկան նման գերշահույթներ, ու չկան նման տնտեսվողներներ: Ներմուծման գները վաճառքի գների հետ համեմատել ու սխալ գտնելը ճիշտ չէ, գնագոյացման հաշվարկները բավականին բարդ են»:
«Ալեքս գրիգի» վերաբերյալ Շաբոյանը նշեց, որ այն միայն շուկայի 90%-ն է զբաղեցնում, մնացածն այլ ընկերություններ են բերում սեփական օգտագործման ու վաճառքի համար:
«Փաստորեն, ստեղծվել է մենաշնորհի օրինականացման փայլուն օրինակ: Թողնվել է, որ 1% այլ ընկերություն բերի ու այլևս խնդիր չի լինի օրենքի հետ: Ձեր պատասխանից սա է հետևում»,- ասաց Լ.Զուրաբյանը: