Ինեկոբանկը զգուշացնում է՝ զերծ մնացեք 4friends.am կայքից և նմանատիպ այլ սխեմաներից
Ինչպես տեղեկացնում է Ինեկոբանկի պաշտոնական կայքը, Կենտրոնական բանկի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ www.4friends.am հասցեով կայքի (այսուհետ՝ Կայք) միջոցով առաջարկվում է ֆինանսական միջոցների հավաքագրում, որի հիմքում դրված է «փոխօգնության» սխեմայով մասնակիցների ներգրավումը: Այն իրենից ենթադրում է հետևյալը. անձը Կայքում ներկայացնում է որևէ նախագիծ, որը ֆինանսավորման կարիք ունի և ֆինանսավորումն ապահովելու նպատակով ներգրավում է 4 այլ մասնակիցների, ովքեր կվճարեն 10 ԱՄՆ դոլար և իրենց հերթին կներգրավեն ևս 4 մասնակցի: Կայքում առկա տեղեկատվությունը թույլ է տալիս եզրակացնել, որ մասնակիցներից ներգրավված միջոցները հիմնականում կուտակվում են սխեմայի վերևի անդամների մոտ: Վերը նկարագրվածը ներառում է բրգաձև սխեմաներին բնորոշ հատկանիշներ:
Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գումարների հավաքագրումը իրականացվում է նաեւ Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք վճարային համակարգերի միջոցով, այդ թվում PayPal, Idram, ArCa, Avers, Visa, MasterCard, Diners Club, Web Money, Money Gram, Unistream, Intel Express, Anelik: Վերջիններիս մասին Կայքում առկա են համապատասխան տարբերանշաններ եւ տեղեկություններ:
Ելնելով հաճախորդների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` Ինեկոբանկը հորդորում է հնարավորության դեպքում զերծ մնալ նշված սխեմաներին ուղղված միջոցները ընդունելուց եւ փոխանցելուց:
Նման սխեմաներին ակամա մասնակցության արդյունքում՝ հաճախորդների կարող են ենթարկվել բրգաձեւ սխեմաներին բնորոշ ռիսկերին: Մասնավորապես՝ մասնակցությունը կարող է հանգեցնել ֆինանսական միջոցների կորստի, անձնական տվյալների անհարկի օգտագործման, ինչպես նաեւ մասնակիցների իրավունքներն արդյունավետ պաշտպանելու բարդության: