Արման Մելիքյանը ոսկու կտրուկ արժեզրկում է կանխատեսում
Քաղաքագետ Արման Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում կանխատեսում է արել՝ կապված ոսկու միջազգային գների հետ։ Ա. Մելիքյանը գրել է.
«Նախանշաններ կան, որ արդեն 2015 թվականի ընթացքում ոսկու շուկայական արժեքի գնագոյացման կանոնների փոփոխման արդյունքում այդ մետաղի կտրուկ արժեզրկում կարող է տեղի ունենալ: Տվյալ դեպքում դա մի ինչ-որ ապրանքի գնի պարզ փոփոխություն չի լինելու. ոսկու հնարավոր աղետալի գնանկումը կնշանավորվի՝ իր հիմքում դեղին մետաղը բոլոր ապրանքատեսակների և արժույթների բացառիկ համարժեքի «հատուկ կարգավիճակ» ունեցող փոխվճարումների ու արժութային գործարքների միջազգային ողջ համակարգի գահավիժումով:
Ոսկին իր ներկայիս «հատուկ կարգավիճակից» զրկելով և այն դասելով մնացյալ զուտ «տեխնիկական» մետաղների շարքին` այդ գործընթացի նախաձեռնողները ի զորու կլինեն իրականացնել համաշխարհային տնտեսության իրական սեկտորի յուրօրինակ «ջախջախիչ գույքագրում»:
Նման գույքագրման արդյունքում բարձր տեխնոլոգիաների տիրապետող և սեփական պարենային ինքնաբավությունն ապահովելուն ունակ պետություններն էապես առաջ կանցնեն հումքի արտահանման և սպառողական ապրանքների արտադրության հիման վրա գործող տնտեսական համակարգ ունեցող երկրներից:
Այդ փոփոխությունն առաջին հերթին կհարվածի Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին (սակայն, անշուշտ, ոչ միայն նրանց): Ցայժմ ոսկու շուկայական արժեքի գնագոյացման եղած համակարգը թույլ էր տալիս արհեստականորեն ապահովել երկակի կիրառում ունեցող այդ ապրանքի անհամարժեքորեն բարձր գնի մակարդակը, սակայն այժմ, կարծես թե, եկել է Ոսկե Հորթին սպանդանոց ճամփելու ժամանակը»: