«Երեք տարին լրիվ բավական է, որպեսզի Սերժ Սարգսյանը իր կենսագրության մեջ մի այնպիսի թռիչք ունենա, որ հավիտյանս հավիտենից հիշվի»
Հարցազրույց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ
– Պարոն Իսագուլյան, ինչպես հայտնի է, նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներին հանձնարարել էր` խորհրդարանական համակարգին անցնող Սահմանադրության հայեցակարգից բացի, կատարելագործել գործող կառավարման համակարգը։ Ըստ Ձեզ` ինչի՞ է տանում այս գործընթացը, հնարավո՞ր է, որ պահպանվի հենց կիսանախագահական համակարգը։
– Ես ասեմ, որ եթե նախագահը գնա նման մոդելի կիրառմանը, այսինքն` կիսանախագահականի պահպանմանը, շատ ավելի ողջունելի կլինի։ Եթե հիշում եք` 1990-91թթ. մենք խորհրդարանական մոդելն ունեցել ենք։ Ճիշտ է, այն ժամանակ շատ լավ աշխատեց, ես կարծում եմ` բավականին լուրջ առաջընթացներ արձանագրեցինք` հատկապես այն պայմաններում։ Բայց միևնույն է, հիմա մենք մտել ենք մի միության` ԵՏՄ-ի մեջ, որտեղ նախագահները ձայնի իրավունքով բավականին լուրջ դերակատարություն են ունենալու, և այս գործընթացը հետ շրջելը բավականին բարդ կլինի։ Հիմա շատ լավ կլինի, որ ԵՏՄ-ի մեր ներկայացուցիչը նույնպես առաջնային մանդատով հանդես գա։
Շատ կարևոր է այդ ինստիտուտը։ Ուրիշ բան է, որ գործող Սահմանադրության մեջ կարելի է անել փոփոխություններ, որոնք օրվա խնդիր են։ Եթե նախագահը գնա այս մյուս տարբերակին` կիսանախագահական համակարգում լուրջ փոփոխություններին, որոնք կբերեն հավասարակշռություններ տարբեր ինստիտուտներում` գործադիր, օրենսդիր, դատական, մարդու իրավունքների բաժնում, շատ ավելի ճիշտ կլինի, և, կարծում եմ` քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքական գործիչների և հասարակության կոնսոլիդացիան շատ ավելի մեծ կլինի։
– Երբ իշխանությունը նախաձեռնեց սահմանադրական բարեփոխումները, ընդդիմախոսներն ասում էին, թե իշխանությունները նպատակ ունեն վերարտադրվելու, երկարացնելու իրենց իշխանությունը։ Հիմա եթե պահպանվի այս կիսանախագահական համակարգը, արդեն կարելի՞ է ասել, որ իշխանություններն այդ նպատակով չեն նախաձեռնել սահմանադրական բարեփոխումները։
– Մենք պետք է ամենևին դրա վրա ուշադրություն չդարձնենք։ Յուրաքանչյուր կուսակցության, քաղաքական, հասարակական կազմակերպության, քաղաքական գործչի նպատակը մեկը պետք է լինի` ինչպես անել, որ ժողովրդի սոցիալական, տնտեսական վիճակը երկրում լավանա, ներքին և արտաքին խնդիրներում կարողանան իրենց շատ ավելի վստահ ու լավ զգալ։ Եթե սա է նպատակը, և պետական ու ազգային շահը գերակա է կլանային շահերին, հավատեցեք, որ որևէ համակարգ վատը չէ։ Հիմա, եթե իշխանություններն ինչ-որ բան անում էին վերարտադրության համար, էլի Աստված իրենց հետ, եթե այդ վերարտադրությունը կբերեր այն բոլոր խնդիրների լուծմանը, որոնք առկա են մեր պետության մեջ։
– Բայց արդյո՞ք այդ վերարտադրությունը կբերեր այդ խնդիրների լուծմանը։
– Նորից եմ ասում` «եթե կբերեր»։ Եթե չէր բերելու, ապա որևէ վերարտադրության իմաստը ո՞րն է լինելու, իշխանությունների վերարտադրության իմաստը ո՞րն է լինելու։
– Ժողովրդի համար, բնականաբար, իմաստ չի ունենալու, բայց իրենց համար կա` իշխանությունն են երկարաձգում։
– Ենթադրենք` իշխանությունը ևս 5 տարի երկարաձգեցին, բայց իրենց սերունդներին թողեցին մի հայրենիք, որն այլևս որևէ մեկին պետք չէ, դրանից հետո ի՞նչ է լինելու, էլի կորցնե՞նք պետականությունը։ Այսինքն` շատ կարևոր է այս մտածողությունը։ Մեր մեջ պետք է գերակա լինի ազգային և պետական շահերի տեսանկյունից խնդիրների քննարկումը, եթե այս առումով գտնեն, որ սահմանադրական փոփոխությունները պետք են, և պետք է անցնենք պառլամենտական համակարգին` ուրիշ բան։ Բայց քանի որ նման բացատրություն չկա, ուրեմն` եկեք առայժմ այնպես անենք, որ այդ Սահմանադրությունն ամեն մի նոր նախագահ չփոխի, թողնենք գործողը, ավելի կատարելագործենք, իսկապես մասնագետներով համալրենք։ Եթե բոլոր օրենքները նորմալ աշխատեն, կիսանախագահականը լավագույն տարբերակներից մեկն է։
– Այսինքն` Դուք կողմնակից եք, որ պահպանվի կիսանախագահական համակա՞րգը։
– Լինելով ժամանակին խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից` ես հիմա գտնում եմ, որ կիսանախագահական կառավարման համակարգը շատ ավելի արդյունավետ կարող է աշխատել, եթե մեզ մոտ աշխատեն մնացած օրենքները։
– Այս ներքաղաքական իրադարձությունների ֆոնին` Ձեր կարծիքով` սահմանադրական բարեփոխումների պրոցեսն ինչպե՞ս կանցնի` հաշվի առնելով նաև այն համընդհանուր հիասթափության մթնոլորտը, որն առկա է հասարակության մոտ` թե՛ ընդդիմության, և թե՛ իշխանության նկատմամբ։
– Մեր հասարակությունը շատ յուրովի հասարակություն է, բավական է մի սխալ գործունեություն, և շատ արագ հուսախաբվում, հուսալքվում են, բավական է մի դրական գործ, և նորից հույս, հավատ է առաջանում։ Հիմա հանրապետության նախագահից շատ բան է կախված, որովհետև այսօր ինքը բացարձակ իշխանություն ունի, և, եթե հանրապետության նախագահը` ունենալով իշխանություն, և, ըստ էության, որևէ խոչընդոտ չունենալով հանդերձ` նախաձեռնի գործողություններ, որոնցում առկա կլինի պետական և ազգային շահը, վաղն այդ նույն ժողովուրդը, որին այսօր համարում ենք հուսալքված, հույս ձեռք կբերի։ Շատ կարևոր է, որ հանրապետության նախագահն ինքը նախաձեռնի մի միջոցառում, որտեղ ինքը բոլորին ասի` գիտե՞ք ինչ, այլևս բարեկամ, քծնող, չգիտեմ` Կարեն Ավագյան, Աշոտյան երևույթը դադարում է գործելուց, և գործում է ծառայությունը պետությանը, մեր ժողովրդին, մեր ազգին։ Ու ինքն առաջին օրինակը ցույց տա, որ բարեկամը և մյուսներն արտոնություններ և օրենքից դուրս գործունեություն ծավալելու իրավունքներ չունեն։
– Այս կիսանախագահական համակարգի պահպանումը կարո՞ղ է բերել Ձեր նշած այդ կոնսոլիդացիային։
– Գործող նախագահը դեռ 3 տարի ժամանակ ունի։ Ես կարծում եմ` ամեն մի երկրի ղեկավարի մեծագույն նպատակը պետք է լինի պատմության և սերունդների մեջ լավ ձևով հիշվելը։ Այս 3 տարին լրիվ բավական է, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն իր կենսագրության մեջ մի այնպիսի թռիչք ունենա, որ հավիտյանս հավիտենից հիշվի։ Սա կարևորագույն խնդիրներից մեկն է, որն այսօր պետք է հուզի թե՛ հանրապետության նախագահին, թե՛ նրանց, ովքեր համարում են, որ այս պետության առջև որոշակի պարտավորություններ ունեն։ Հիմա դա կիսանախագահականո՞վ կանեն, նախագահականո՞վ, թե՞ պառլամենտականով, էական չէ։ Բայց եկեք թողնենք սա, որովհետև Սահմանադրությունը չէ մեր հիմնական դժբախտությունների պատճառը։ Եկեք մեր ուշադրությունը սևեռենք ոչ թե համակարգի, այլ համակարգի մեջ գտնվող անձանց վրա, ովքեր պատասխանատու են երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար։
– Ամեն դեպքում, հիմա նախաձեռնվել են այդ փոփոխությունները, Դուք մասնակից լինելո՞ւ եք այդ պրոցեսին։
– Ամեն ինչ մեր կյանքում քարացած չէ։ Ես ասում եմ` լինելով խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից` չեմ ուզում միանալ այն մարդկանց, ովքեր մեկ օր առաջ դեմ էին դրան, հիմա կողմ են։ Ես ընդհակառակը` մեկ օր առաջ կողմ էի, հիմա դեմ եմ, որովհետև ինձ համար դա տեսական վեճ է` ո՞ր կառավարման մոդելն է ավելի նպատակահարմար ՀՀ-ի համար։ Ես կարծում եմ` ցանկացած մոդելի պարագայում, եթե չինովնիկը, պետական պաշտոնյան, երկրի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, պատգամավորները, նախարարները նվիրված են իրենց ժողովրդին, իրենց գործին, իրենց պետությանը, բոլոր մոդելները կաշխատեն։
– Այսինքն` գտնելով, որ խորհրդարանական համակարգն ավելի ճիշտ է, այս պահին տեղին չե՞ք համարում սահմանադրական բարեփոխումները։
– Ոչ, ես խորհրդարանական համակարգի կողմնակից եմ եղել, բայց հիմա կողմնակից չեմ, որովհետև սկզբունքներս են փոխվել։ Ես գտնում եմ` բոլոր համակարգերի պարագայում կարելի է ճիշտ աշխատել։
– Այս պահին տեղին չե՞ք համարում Սահմանադրության փոփոխությունը։
– Այս պահի դրությամբ` համարում եմ ինքնանպատակ։
– Հաշվի առնելով այն, որ ՀՀ նախագահն էլ ասաց, որ ինքն ավելի հակված է կիսանախագահական համակարգին, ինչո՞վ եք պայմանավորում այդ գործընթացի նախաձեռնումն ընդհանրապես։
– Ցավոք սրտի, հիմա ոչ իր խորհրդականն եմ, ոչ ներկայացուցիչը, որ կարողանամ ասել, թե ինչու, բայց շատ լավ ճանաչելով հանրապետության նախագահին, կարծում եմ, որ ինքը, ընդհակառակը, շատ ուժեղ նախագահական համակարգի կողմնակից է, քան խորհրդարանական համակարգի։ Թե ինչո՞ւ է հանգել այս եզրակացության, ես դժվարանում եմ ասել։