Մեր հիմնարկները դատապարտվել են աստիճանական մահվան
Հայաստանում տարեցտարի նվազում է աշխատողների արտադրողականությունը: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, 2014թ. հատկապես փոքր ու միջին ձեռնարկություններում 1 աշխատողի արտադրողականությունը տարվա կտրվածքով կազմել է մոտ 8500 դոլար, մինչդեռ 2006-08 թթ. դինամիկան բավականին ակտիվ, արտադրողականությունը շուրջ 13-15 հազար դոլար էր և ՓՄՁ-ները բավականին եկամտաբերություն ունեին:
«Ներկայումս բիզնեսն ինքնասպառման ճանապարհով է գնում: Ամսական մեկ անձի հաշվով ստացվում է 700 դոլար, որից էլ եթե հանենք ՀՀ-ում միջին աշխատավարձը՝ 400 դոլար, ապա 1 աշխատողի հաշվարկով գործատուին մնում է 300 դոլարի չափ գումար, որով հարկերի, հումքի ձեռքբերման, արդիկանացման ծախսերը հոգալն անհնարին է: Այսինքն՝ մեր հիմնարկները դատապարտվել են աստիճանական մահվան: Ու թեև պետական աջակցությունը սկսել է բարելավվել, բայց արդյունքը՝ ընտանեկան բիզնեսի, շրջհարկի, շահութահարկի, և այլ փոփոխությոնների մասով, ուշ կտեսնենք»,-ասաց Մակարյանը:
Ըստ նրա՝ այսօր ձեռնարկությունների արդիականացման համար բազմաթիվ խնդիրներ կան, իսկ դեկտեմբերի ճգնաժամից հետո վարկերն անհասանելի են դարձել, որովհետև տոկոսադրույքները բարձրացել են: Մակարյանի կարծիքով՝ պետական աջակցման մեխանիզմները պետք է լավացնել: Նա նշեց, որ եվրոպական երկրներում արտադրողականությունը 110-120 հազար դոլար է կազմում 1 աշխատողի համար, իսկ, օրինակ, Շվեյցարիայում՝ 131 հազար դոլար է: Միության ղեկավարը նշեց, որ ՀՀ-ում վաղուց ժամանակն է նորարարական ձեռնարկությունների զարգացման մասին մտածել, այլապես մի քանի տարի անց շատ ընկերություններ, որ այսօր հազիվ կարողանում են իրենց գլուխը պահել, այլևս չեն կարողանա գոյատևել. «Քանի գնում, վիճակը վատանում է: Ե՛վ ինֆլյացիան, և՛ գնաճը, և՛ միգրացիան, շուկայի սահմանափակվածությունը, անհավասար մրցակցությունը բացասաբր են ազդում»: