Բաժիններ՝

Խժռելու վիճակագրությունը

Մարտի 11-ին Երևանում վերջապես բացվեց «Քարֆուր» համաշխարհային սուպերմարկետների ցանցի` Հայաստանի առաջին հիպերմարկետը։ Դա իսկապես երկար սպասված իրադարձություն էր, քանի որ վերջին 2-3 տարիների ընթացքում բազում խոսակցություններ և ասեկոսեներ եղան «Քարֆուրի» մուտքի հետ կապված։ Խոսվում էր, որ «Քարֆուրի» մուտքը խոչընդոտում է տեղի օլիգարխներից մեկը։ Որոշ հրապարակումներում «Քարֆուրի» մուտքի հարցն անգամ քաղաքականացվում էր։ Ու, թերևս, մինչև մարտի 11-ը շատերը չէին հավատում, որ «Քարֆուրը» կբացվի։ Մտածում էին` վերջին պահին կրկին ինչ-որ անհասկանալի պատմություն կլինի ու բացումը կհետաձգվի։

Երևի հենց այդ պատճառով «Քարֆուրի» բացումը սպասված էր ու ոգևորությամբ ընդունվեց։ Սակայն, եթե հարցին մոտենանք հակառակ կողմից` ոգևորության առիթն այնքան էլ մեծ չէ։

Պարզ ու կոնկրետ ասած` բացվեց հերթական խոշոր խանութը։ Իսկ դա նշանակում է, որ ևս մի քանի տասնյակ մանր ու միջին խանութների շրջանառությունը նվազելու է։ «Քարֆուրի» մուտքը հերթական անգամ վկայում է, որ բիզնեսի խոշորացման, կենտրոնացման գործընթացը շարունակվում է։

Տեսեք, մի կողմից` կառավարությունը խոսում է փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու անհրաժեշտության մասին, մյուս կողմից` խոշորներն ավելի են խոշորանում, իսկ փոքր ու միջին բիզնեսները նվազում են` թե՛ իրենց թվաքանակով, թե՛ շրջանառության ծավալներով։ Ու դա վառ արտահայտված է հատկապես մանրածախ առևտրի դեպքում։ Այնքան վառ է արտահայտված, որ դա երևում է անգամ պաշտոնական վիճակագրությամբ։

Բերված գծապատկերը կազմել ենք Ազգային վիճակագրության ծառայության տվյալների հիման վրա։ Այն ցույց է տալիս Երևան քաղաքում խանութների միջոցով իրականացվող մանրածախ առևտրաշրջանառության ցուցանիշները` ըստ աշխատողների թվի։

Ինչպես տեսնում եք, 2010թ. Հայաստանում գործել է 11880 գերփոքր խանութ (մինչև 5 աշխատող ունեցող)։ Գերփոքր խանութներին բաժին է ընկել համախառն մանրածախ առևտրաշրջանառության 20.9%-ը։ 2014 թվականին գերփոքրերի շրջանառության տեսակարար կշիռը նվազել է մինչև 18.3%։ Իսկ գերփոքր խանութների քանակը կրճատվել է 126-ով։

arevtrashrjan

Հիմա դիտարկենք մյուս ծայրահեղությունը` խոշոր խանութները կամ սուպերմարկետները, որոնք ունեն 31 և ավելի աշխատող։ 2010 թվականին Երևանում գործել է 138 խոշոր խանութ, իսկ 2014-ին դրանց թիվը հասել է 163-ի։ Ինչ վերաբերում է խոշոր խանութների միջոցով իրականացված առևտրաշրջանառությանը, ապա այն ավելացել է 7.1 տոկոսային կետով։ Այսպես, 2010 թվականին խոշոր խանութներին բաժին է ընկել համախառն մանրածախ առևտրի 53.9%-ը, իսկ 2014 թվականին` 63.1%-ը (տես` գծապատկերը):

Ընդ որում, գերփոքր և գերխոշոր խանութների «մեջտեղում» գտնվող առևտրի օբյեկտների վիճակը նույնպես լավ չէ։ Այսպես, փոքր (6-15 աշխատող) խանութների առևտրաշրջանառության տեսակարար կշիռը 16.5%-ից (2010թ.) նվազել է մինչև 12% (2014թ.), իսկ միջին մեծության խանութներինը (16-30 աշխատող)` 7.8%-ից 6.6%։ Սա նշանակում է, որ «կուլ են գնում» ոչ միայն փոքր խանութները, այլ միջին մեծության (ի վերջո, 16-30 աշխատող ունեցող խանութը կայացած միավոր է)։ Հետաքրքիր պատկեր է, այնպես չէ՞։ Ի դեպ, Ազգային վիճակագրության ծառայության զեկույցի այն բաժինը, որտեղից վերցրել ենք այս տվյալները, հենց այդպես էլ կոչվում է` «Հետաքրքրաշարժ վիճակագրություն»։

Նշենք, որ ԱՎԾ-ն, խանութների մանրամասն տվյալներից բացի (ինչը մենք ներկայացրեցինք), տալիս է նաև ընդհանուր մանրածախ առևտրի վիճակագրությունը` ներկայացնելով խանութները, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական շուկաները և կրպակները։ Պատկերը նույնն է. 2014թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում մանրածախ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1 տրիլիոն 466 միլիարդ դրամ։ Այդ գումարից 73.7%-ը բաժին է ընկել խանութներին։ Կրպակների միջոցով իրականացված առևտրի տեսակարար կշիռն ընդամենը 2.1% է։ 2010 թվականի հունվար-դեկտեմբերին խանութներին բաժին էր ընկնում համախառն մանրածախ առևտրի 60.4%-ը, կրպակներին` 3.7%-ը։

Ահա այսպես, մեծերը «խժռում են» փոքրերին, իսկ մենք ոգևորվում ենք, որ Հայաստանում ևս մեկ հիպերմարկետ է բացվում։

Սա, իհարկե, չի նշանակում, որ «Քարֆուրի» մուտքը Հայաստան բացասական երևույթ է։ Ամենևին ոչ, դա ուրախալի փաստ է, սակայն` խորհրդանշական իմաստով։ Նախ, «Քարֆուրի» ներկայությունը Հայաստանում լրացուցիչ ինդիկատոր է, որը խոսում է մեր տնտեսության բաց լինելու և միջազգային կապիտալի կողմից հետաքրքրության մասին։ Բացի այդ, «Քարֆուրի» նման լուրջ ընկերության մուտքը նոր որակի և թափանցիկության նոր ստանդարտներ կարող է հաստատել այս դաշտում։ Ի վերջո, դա նաև ինչ-որ առումով քաղաքական հարթության հարց էր` հայ-եվրոպական համագործակցության սերտացման համատեքստում։

Դրա կարևորության մասին խոսում է թեկուզ այն հանգամանքը, որ հիպերմարկետի տարածքի նախնական վարձակալության պայմանագիրը «Քարֆուրի» և «Երևան մոլի» միջև ստորագրվել էր դեռևս 2014թ. մայիսի 13-ին, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ` Ֆրանսիայի Նախագահի Հայաստան պետական այցի շրջանակներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս