«Բոլոր նրանց, ովքեր ձեռնպահ են մնում Սահմանդրությունն ընտրելու պրոցեսում, համարում եմ դասալիք». Ազատ Արշակյան
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյան համարում է, որ գոյություն ունեցող Սահմանադրությունը մեր երկիրը բերեց՝ հասցրեց այս վիճակին:
Այսօրվա ասուլիսի ժամանակ Ա. Արշակյանը նկատեց, որ ամիսներ շարունակ քաղտեխնոլոգների, քաղաքական գործիչների բավականին լուրջ զանգված թերահավատորեն էր նայում ու կասկածում՝ արդյոք բարեփոխումների կարիք կա՞, թե՞ ոչ. «Անբանավեճ մթնոլորտում երևի միակ թեման, որի շուրջը վիճում էր քաղաքական վերնախավը, այն էր՝ արժի՞ բարեփոխումներ անել, թե՞ չարժի: Նրանք, ովքեր դեմ էին բարեփեխումներին, նրանք ունեին շատ լուրջ կռվան՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր դաշնակիցներով, շատ հզոր շարժում էր, թիկունքում զանգվածներ կային, դա լուրջ էր ու թվում էր, թե նրանք կկարողանան կասեցնել, բայց այն, ինչ փետրվարի 12-ին տեղի ունեցավ, ցույց տվեց, որ բարեփոխումներն ուշացել են, պետության մեջ այդպես չպետք է լինի»:
Ըստ Ա.Արշակյանի՝ բարեփոխումներն անհրաժեշտ են, որպեսզի այսպես այլևս չլինի Նա կարծում է, որ պետության ինքնակարգավորման ինստիտուտները լավ չեն աշխատում:
Ա. Արշակյանի խոսքով՝ սա փորձություն էր, որը մենք ապրեցինք, փլուզվեց ապաքաղաքական համակարգը. «Մեր օրակարգն է ընտրել Սահմանադրություն, այս ամբողջ գործընթացի մեջ մենք բոլորս պետք է մասնակցենք: Բոլոր նրանք, ովքեր տարբեր պատճառաբանություններով ձեռնպահ են մնում, ես նրանց մեղադրում եմ, համարում եմ դասալիք, մեր տունը հրդեհ է ընկել, դուք կա՛մ պետք է հրշեջ լինեք, կա՛մ հրկիզող, եթե դուք չեք հանգցնում կրակը, ուրեմն՝ դուք հրդեհի կողմնակից եք»:
Մանրամասները՝ տեսանյութում: