Բաժիններ՝

ՏՏ համաշխարհային համաժողովը հյուրընկալելու համար Հայաստանը կվճարի 750 հազար դոլար

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) համաշխարհային համաժողովի՝ 2019թ. Հայաստանում անցկացման համար պետք է վճարվի 750 հազար դոլար: Օրերս ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվել է համապատասխան փաստաթուղթ՝ վճարման գրաֆիկի հետ կապված: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ նշելով, որ նշված գումարը նվազագույնն է, որը երկրները վճարում են համաժողովը հյուրընկալելու համար:

«Համաշխարհային ՏՏ ասոցիացիան, որը միավորում է շուրջ 80 երկրների ՏՏ ասոցիացիաներին՝ երկու տարին մեկ կազմակերպում է այս կոնֆերանսները, և կազմակերպման իրավունքի հայտ կարող են ներկայացնել այդ կազմակերպության անդամ երկրները: 2004-ից ասոցիացիայի անդամ ենք և միշտ ցանկություն ենք ունեցել համաժողովը բերել Հայաստան: Անցած տարի Մեքսիկայում անցկացվող համաժողովին հայտ ներկայացրեցինք 2018-ի համար, սակայն այդ հավաքից հետո որոշվեց անցկացնել տարին մեկ անգամ: Կոնֆերանսը կհյուրընկալի Բրազիլիան, Հնդկաստանը, Թայվանը, Հայաստանը և Մալազիան»,- որոշման մանրամասները բացատրեց Վարդանյանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) համաշխարհային համաժողովի Հայաստանում անցկացնելը շատ կարևոր իրադարձություն է մեր երկրի ՏՏ ոլորտի համար. այստեղ են գալու 80 երկրների առաջատար լիդեր ընկերությունները, տարբեր երկրների ներկայացուցիչները, մասնագետները: Ըստ Կ. Վարդանյանի՝ համաժողովի շնորհիվ հայաստանյան ընկերությունները հնարավորություն կունենան հնարավորինս մեծ շրջանակների հետ կապեր ձեռք բերել, քանի որ նման մասշտաբային այլ հնարավորություն գրեթե չունեն:

«Համաժողովին քննարկվելու են ամենակարևոր տենդենցները, այն ուղղակիորեն օգուտ չէ, սակայն ռազմավարական նշանակություն ունի, այդպիսով համաժողովի մասնակիցներին ծանոթացնում ես Հայաստանի հետ և տալիս այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ պետք է համագործակցել Հայաստանի հետ՝ մեր հնարավորությունների, խոհանոցի, տուրիզմի, ՏՏ ընկերությունների հետ, հնարավորություն է, որպեսզի նրանք այստեղ ներդրումներ անեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Կարդացեք նաև

Օրակարգի հարցերը դեռ պատրաստ չեն, բայց ըստ Վարդանյանի՝ հիմնական հարցն այն է լինելու, թե ինչպե՞ս անենք, որ սովորական մարդն օգուտ քաղի տեխնոլոգիաների զարգացումներից:

Ինչ վերաբերում է համաժողովի անցկացման հետ կապված տեխնիկական խնդիրներին, նա նշեց, որ քննարկվում են «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու և իրենց համալիրի տարածքի տարբերակները, հյուրանոցների հետ կապված անհրաժեշտ է լինելու 2000-2500 տեղ. «Մի շարք հյուրանոցներ կառուցվում են, կարծում եմ՝ հյուրերին տեղավորելու խնդիր չի լինի»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս