ԲՀԿ-ից միայն Գագիկ Ծառուկյա՞նն էր դեմ Սահմանադրական բարեփոխումներին
Երեկ ԲՀԿ ներկայացուցիչները հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ քննարկելու Սահմանադրական բարեփխումների հարցը: Հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանն ու Միքայել Մելքումյանը:
168.am-ի հարցին՝ Գագիկ Ծառուկյա՞նն էր դեմ Սահմանադրական բարեփոխումներին, որ այն ժամանակ կտրականապես մերժում էիք որևէ քննարկում Սահմանադրական բարեփոխումների հարցի շուրջ՝ ասելով, թե դա շոու է, և իշխանությունները նախաձեռնել են այն՝ վերարատադրության համար, իսկ հիմա համաձայնվում եք քննարկումներ անցկացնել՝ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն այսպես պատասխանեց.
«Դուք ճիշտ չեք ասում, մենք ասում էին, որ երկրում կան այլ կարևոր հարցեր՝ տնտեսական սոցիալական, որ այդ հարցերն էլ պետք է լուծենք: Ի՞նչ է նշանակում կտրականապես: Սահմանադրությունը երկրի կյանքում կարևորագույն հարց է և մենք մի բան ենք արձանգրում, որ մենք անտարբեր չենք կարող լինել այդ Սահմանադրության ընդունմանը:
Հրավերը եղել է, ոչ թե բովանդակային քննարկումներ անելու, այլ Սահմանադրության ապագա քննարկումների ձևաչափի, սկզբունքների և այլ մոտեցումների շուրջ քննարկելու, և արդյունքում պարզ դարձավ, որ մոդելի հետ կապված 2 տեքստ կարող է լինել, որը կարող է՝ մենք մեկին կողմ լինենք, մյուսին՝ չլինենք, կամ՝ հակառակը: Այսինքն՝ շատ բան պարզվեց, որ ինքը մեկ մոդել չէ, ինչի մասին խոսվում էր: Գոյություն ունի 2 տեքստ: Այն ժամանակ խոսքը գնացել է մեկ մոդելի մասին, հիմա կարող է 2 մոդել լինի: Երբ լինի, այդ ժամանակ մենք մեր դիրքորոշումը կհայտնենք»:
Դիտարկմանը՝ այն ժամանակ ընդհանրապես դեմ էիք, ասում էիք՝ այդ Սահմանադրական բարեփոխումները իշխանությունների վերարատադրության նպատակ ունեն, շոու է, Մ. Մելքումյանն այսպես արձագանքեց.
«Հիմա մենք առաջ ենք գնում, ետ չենք գնում, պարզվել է, որ 2 տեքստ է լինելու, դա արմատապես փոխում է իրավիճակը: Այն ժամանակ խոսքը գնացել է մեկ տեքստի մասին: Մենք մեր նախկին դիրքորոշումները հայտնել ենք ու ասել ենք, որ քննարկումները կշարունակվեն»: