Բաժիններ՝

Կայսեր գաղտնիքը. Ալեքսանդր 2-րդ ցարի և Եկատերինա Դոլգորուկովայի սիրո պատմությունը

1885թ. ռուսական գահը ժառանգեց նոր կայսրը՝ Ալեքսանդր 2-րդը։ Ղրիմի պատերազմում կրած պարտությամբ սկսված և հենց իր՝ կայսեր մահով ավարտված նրա կառավարման դարաշրջանը ռուսական պատմության ամենավառ շրջաններից է։

Ալեքսանդր 2-րդն արեց այն, ինչին պատրաստ չէին նրա նախորդները. նա իրականացրեց մասշտաբային ռեֆորմներ, որոնց կարիքն այնքան ուներ Ռուսաստանը։

Այդ ռեֆորմները վերաբերում էին կյանքի բոլոր ոլորտներին, սակայն կայսեր վաստակն ամենից առաջ ճորտատիրական կարգերը վերացնելու մեջ էր։

Բայց կայսր լինելուց առաջ, Ալեքսանդր 2-րդը նախ և առաջ՝ Ալեքսանդր Նիկոլայի Ռոմանովն էր, սովորական մի մարդ, որը բոլորի նման ուներ զգացմունքներ և թուլություններ։

Կարդացեք նաև

Եվ նրա կյանքում սիրո պատմություն կար, սեր, որի համար նա ստիպված էր պայքարել։

Alexandr 2-1

1841թ. 23-ամյա գահաժառանգ մեծ իշխան Ալեքսանդր Ռոմանովն ամուսնացավ 17 տարեկան Մաքսիմիլիանա Վիլհելմինա Ավգուստա Սոֆյա Մարիա Հեսսեն-Դարմշտադսկու՝ մեծ հերցոգ Լյուդվիգ 2-րդ Հեսսենսկու դստեր հետ։

Մեծ իշխանի ծնողներին այս միությունը լուրջ կասկածների տեղիք տվեց, բայց պատանի տարիքից հաճախ սիրահարվող ապագա կայսրը հաստատուն մնաց իր որոշման մեջ։

Alexandr 2-2Ամուսնությունից հետո մեծ իշխանի երկտասարդ կինն ընդունեց Մարիա Ալեքսանդրովնա անունը։ Նա մեծ իշխան Ալեքսանդրի, հետագայում՝ կայսեր համար արժանի կին եղավ, ունեցավ 8 երեխա՝ չնայած թույլ առողջությանը, շատ ժամանակ էր տրամադրում բարեգործությանը և, ինչը շատ կարևոր է, չէր խառնվում ամուսնու քաղաքական գործունեությանը։

Մի խոսքով, կայսեր օրինակելի կին։

Միայն մի խնդիր կար. Ալեքսանդրը շատ արագ սառեց կնոջից։

Ռոմանովների տոհմի տղամարդիկ ընդհանրապես աչքի չէին ընկնում ամուսնական հավատարմությամբ, բայց Ալեքսանդր կայսրը անգամ նրանցից էր տարբերվում՝ ֆավորիտուհիներին փոխելով ձեռնոցների պես։

Մարիա Ալեքսանդրովնան գիտեր այդ մասին, և այդ թեմայով մտահոգությունները վատ էին անդրադառնում նրա առողջության վրա։

Ի պատիվ Ալեքսանդր 2-րդի` կնոջն առողջացնելու համար նա անում էր ձեռքից եկածը։ Կայսերական զույգը շատ ժամանակ էր անցկացնում արտասահմանյան ծովափերում, և կայսրուհին որոշ ժամանակ լավ էր զգում իրեն։

Մարիա Ալեքսանդրովնայի առողջական վիճակը մեծապես վատացավ ավագ որդու՝ Նիկոլայի մահից հետո։

21-ամյա գահաժառանգը մահացավ 1865թ. Նիցցայում մենինգիտից։

Alexandr 2-3

Որդու կորուստը նույնպես սգացող կայսրը կնոջը պարուրեց հավատարմությամբ, բայց ոչ սիրով։ Նրա իրական, անկեղծ սերը պատկանում էր ուրիշի։

1859թ. Ալեքսանդր 2-րդը մեկնեց Պոլտավա, ուր պետք է զորավարժություններ անցկացվեին՝ Պոլտավայի ճակատամարտի 150-ամյակին նվիրված։

Կայսրը կանգ առավ գվարդիական կապիտան, Դոլգորուկիների հին տոհմից սերող իշխան Միխայիլ Դոլգորուկիին պատկանող Տեպլովկա ագարակում։

Մի անգամ զբոսնելիս կայսրը հանդիպեց մոտ 10 տարեկան մի աղջիկ երեխայի և հարցրեց, թե ով է նա։ Աղջիկը համարձակ պատասխանեց, որ այդտեղ է եկել կայսրին տեսնելու համար։

Դա իշխան Միխայիլ Դոլգորուկիի դուստրն էր՝ Եկատերինան։ Կայսրը շատ հավանեց այդ խելացի երեխային և մի քանի ժամ անցկացրեց նրա հետ, ինչը Եկատերինային մեծ հրճվանք պատճառեց։

Այդ հանդիպումից 2 տարի հետո կայսրին զեկուցեցին, որ իշխան Դոլգորուկին սնանկացել է, և նրա ընտանիքը մնացել է առանց գոյության միջոցների։ Հիշելով իշխանի հյուրընկալության և նրա դստեր մասին՝ կայսրը հրամայեց կայսերական հովանավորության ներքո վերցնել իշխանի 6 երեխաներին։

4 տղաներին տեղակայեցին սովորելու մայրաքաղաքային զինվորական ուսումնարաններում, իսկ 2 դուստրերին՝ Սմոլնու ինստիտուտում։

Տարիներ անց մի անգամ Սմոլնու ինստիտուտի ամառային այգում Ալեքսանդր 2-րդին ներկայացրին 17-ամյա Եկատերինա Դոլգորուկովային։ Կայսրը, իհարկե, հիշում էր Տեպլովկայի իր փոքրիկ զրուցակցին, բայց այժմ նրա առջև կանգնած էր արտասովոր գեղեցկության տեր մի երիտասարդ աղջիկ։

Այդ հանդիպումը գլխիվայր շրջեց կայսեր կյանքը։ Նա հանկարծ հասկացավ, որ անընդհատ մտքով Կատյա Դոլգորուկովայի հետ է։

Alexandr 2-4

Ինստիտուտն ավարտելուց հետո Եկատերինան ակսեց ապրել Պետերբուրգում` ավագ եղբոր տանը, և հաճախ էր զբոսնում Ամառային այգու ծառուղիներում, ուր սիրում էր լինել նաև Ալեքսանդր կայսրը։

Այդպիսի զբոսանքներից մեկի ժամանակ էլ նրանք հանդիպեցին։ Այդ օրը նրանք երկար զբոսնեցին: Կայսրն անընդհատ հաճոյախոսություններ էր շռայլում, ինչից Կատյան ամաչում էր։

Այդ պահից սկսած՝ նրանց համատեղ զբոսանքներն ավելի ու ավելի հաճախակի դարձան։ Պարզ հաճոյախոսություններից կայսրն անցավ սիրո խոսքերի։ Նա երեխայի նման կորցրել էր գլուխը։

Նրանց հարաբերությունները մի քանի ամիս պլատոնական բնույթ էին կրում, ինչը բնորոշ չէր կայսրին, որը սովոր էր կանանցից ստանալ ամեն ինչ և միանգամից։

Բայց այս անգամ ամեն ինչ այլ էր. կյանքում առաջին անգամ նա սիրում էր խենթանալու աստիճան և չէր ուզում իր դեռատի ընկերուհու հետ վարվել բոլորի նման։

Առաջին գիշերը նրանք միասին անցկացրին 1866թ. հուլիսին Պետերգոֆի մոտ գտնվող Բելվեդերում։ Կատյա Դոլգորուկովան այդ ժամանակ 19 տարեկան դեռ չկար, իսկ Ալեքսանդր Նիկոլայի Ռոմանովը 48 տարեկան էր։

Alexandr 2-5

Կայսրը Եկատերինային ասում է. «Այժմ ես ազատ չեմ, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում կամուսնանամ քեզ հետ, քանի որ այս պահից սկսած և հավիտյան քեզ իմ կինն եմ համարում Աստծո առաջ…»:

Կայսեր և Եկատերինա Դոլգորուկովայի հարաբերությունների մասին պալատում շատ արագ իմացան։ Սկզբում դա համարեցին հերթական ինտրիգ, բայց շուտով հասկանալի դարձավ, որ այս անգամ Ալեքսանդր 2-րդն իսկապես սիրահարվել է։

Իսկ կայսեր օրինական կինը՝ Մարիա Ալեքսանդրովնան, շարունակում էր հանգչել՝ հիվանդանալով ավելի հաճախ ու ուժեղ։

Կայսեր նոր սիրավեպը նրա ընտանիքը սվիններով ընդունեց, ներառյալ որդին՝ գահաժառանգ Ալեքսանդր Ալեքսանդրովիչը` ապագա Ալեքսանդր 3-րդ կայսրը։ Կոնֆլիկտն այնքան լուրջ բնույթ էր կրում, որ կայսրը որոշեց որոշ ժամանակով Եկատերինային արտասահման ուղարկել։ Սակայն հրաժարվել նրանից Ալեքսանդր 2-րդը չէր պատրաստվում. նա իր սիրեցյալի հետ հանդիպման էր մեկնում անգամ Փարիզ, ուր նրանց սիրավեպին գաղտնի հետևում էին ֆրանսիական ոստիկանության գործակալները։

Նրանք, ովքեր մտածում էին, որ կայսեր հրապուրանքը կանցնի, սխալվում էին։ «Հրապուրանքը» տարիներ տևեց։

Ալեքսանդրը և Եկատերինան կրքոտ նամակներ էին գրում իրար, այնքան կրքոտ, որ նրանց բովանդակությունը նույնիսկ 21-րդ դարի ռուսաստանցիներին կամաչեցներ։

Եկատերինան Ալեքսանդր 2-րդից ունեցավ 2 տղա և 2 աղջիկ։

1870-ական թթ. վերջին հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել։

Համայն Ռուսիո կայսրն ապրում էր 2 ընտանիքներում՝ առանձնապես չթաքցնելով այդ փաստը։ Ճիշտ է, դա չէր հրապարակվում, բայց պալատում այդ մասին բոլորը գիտեին։

Որդու՝ գահաժառանգ Ալեքսանդրի հետ կայսեր հարաբերությունները գտնվում էին «սառը պատերազմի» փուլում։

Alexandr 2-6

Եվ կայսրը նունիսկ թեժացրեց իրավիճակը, երբ Եկատերինային երեխաների հետ բնակեցրեց Ձմեռային պալատում, ճիշտ է, առանձին հարկաբաժիններում, սակայն օրինական կնոջ ու երեխաների կողքին։

1880թ. մայիսի 22-ին Մարիա Ալեքսանդրովնան վախճանվեց, և Ալեքսանդր կայսրը որոշեց կատարել 14 տարի առաջ Եկատերինային տված խոստումը։

1880թ. հուլիսի 6-ին Ալեքսանդր 2-րդը պսակադրվեց Եկատերինա Դոլգորուկովայի հետ։ Դա կատարվեց մինչև կայսրուհու մահվան առիթով հայտարարված սգո ժամկետի ավարտը։

Սպասել հորդորողներին Ալեքսանդրն ասում էր, որ ինքը երբեք չէր անարգի կնոջ հիշատակը, սակայն խառը քաղաքական վիճակը, շարունակական մահափորձերը կարող էին ընդհատել իր կյանքը, իսկ ինքը պարտավոր է դիրք ապահովել այն կնոջ համար, ով արդեն 14 տարի ապրում է իր՝ կայսեր համար, և ապագա ապահովել իր՝ նրանից ծնված երեխաների համար։

Ամուսնությունը մորգանատիկ էր, այսինքն՝ Եկատերինա Դոլգորուկովային կայսրուհի չէր դարձնում, բայց Ալեքսանդր կայսրը կայսերական ընտանիքի անդամներին կարգադրեց Եկատերինայի հետ վարվել կայսրուհու նման։

1880 թ. դեկտեմբերի 5-ին Եկատերինա Դոլգորուկովան ստացավ պայծառափայլ իշխանուհի Յուրևսկայա տիտղոսը։ Կայսեր և Եկատերինայի երեխաները նույնպես ստացան իշխանական տիտղոս և Յուրևսկի ազգանունը։

Կարելի է պատկերացնել, թե նեգատիվի ինչ հոսք ու բամբասանքի հզոր ալիք պարուրեց Եկատերինային։

1881թ. մարտի 1-ին կայսրը մահացու վիրավորվեց։

Եկատերինա Դոլգորուկովան ընդամենը 33 տարեկան էր, բայց շրջապատող աշխարհը նրա համար դադարեց գոյություն ունենալ այն մարդու մահվան հետ մեկտեղ, ում նա որոշել էր նվիրել իր կյանքը։

Նա այլևս երբեք չամուսնացավ՝ հավատարիմ մնալով Ալեքսանդրին։

Ալեքսանդր 2-րդն իր 2-րդ կնոջը ոչ միայն տիտղոս նվիրեց, այլև ավելի քան 3մլն դրամական կապիտալ։ Կայսրը շատ լավ հասկանում էր, որ իր մահից հետո իր ռոմանովյան հարազատները վրեժ կլուծեն Եկատերինայից։

Այդպես էլ եղավ։

Նոր կայսր Ալեքսանդր 3-րդը Եկատերինա Դոլգորուկովային հրամայեց երեխաների հետ միասին լքել Ռուսաստանի սահմանները։ Իշխանուհի Յուրևսկայան արտագաղթեց Նիցցա, ուր և անցկացրեց մնացած կյանքը՝ սեփական վիլլայում։ Եկատերինա Միխայիլի Դոլգորուկովան վախճանվեց Նիցցայում 1922թ.՝ իր սիրուց՝ Ալեքսանդր 2-րդ կայսրից ավելի ապրելով 41 տարի։

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս