Տեղի է ունեցել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2014 թվականի մրցանակաբաշխությունը
Մարտի 10-ին` Երևանում, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի է ունեցել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման գծով փոխնախագահ Անդրեյ Լոցմանովը, Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը, մրցանակների արժանացած կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի խոշոր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ։
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Մինչ ընկերություններին մրցանակների հանձնումը, միջոցառումը բացել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը:
Հայաստանի կառավարության անունից ողջունելով միջոցառման մասնակիցներին, Գ. Բադալյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում հայրենական արտադրողներին հուզող խնդիրները, ինչպես նաև փորձում է խրախուսել և խթանել տեղական արտադրությունը։
«Էկոնոմիկայի նախարարությունը մեծ տեղ է տալիս հատկապես որակի ենթակառուցվածքի միջոցով տեղական արտադրության մրցունակության բարձրացման մեխանիզմներին, ինչպես նաև արտաքին շուկաներում մեր արտադրողների համար առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացմանը։ Այդ առումով յուրաքանչյուր տարի մշակվում են հարյուրավոր նոր ազգային ստանդարտներ, ներդրվում են չափումների միասնականությունն ապահովող նոր էտալոններ, կատարելագործվում է հավատարմագրման համակարգը, իրականացվում է շուկայում անարդար մրցակցության ու տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման վերահսկողություն – ասել է էկոնոմիկայի փոխնախարարը։
Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության Տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Լոցմանովը: Վերջինս շնորհավորել է մասնակիցներին միջոցառման անցկացման, իսկ մրցանակակիրներին կարևոր մրցանակների շնորհման կապակցությամբ և նշել, որ «վերջին տարիներին Հայաստանն ակտիվորեն աշխատում է մեզ հետ` որակի պահանջների բարձրացման ուղղությամբ: Հայկական արտադրանքն արդեն իսկ շատ հայտնի է Ռուսաստանում, սակայն այն ներկայացնելու և տարածելու առումով մեծ հնարավորություններ կան»: Ա.Լոցմանովը նաև կարևորել է ստանդարտների համապատասխանեցումն ու որակի ապահովումը` երկրների առևտրային կապերի տեսանկյունից:
Ամենամյա մրցանակաբաշխության կարևորության և առանձնահատկությունների մասին խոսել է նաև Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը և ընդգծել, որ մրցանակաբաշխության առանձնահատկություներից մեկն էլ այն է, որ մրցանակների արժանացած կազմակերպությունները կարող են հետագայում մասնակցել միջազգային մրցանակաբաշխություններին:
2014 թվականին անցկացված մրցանակաբաշխության արդյունքում ՀՀ կառավարության 19 փետրվարի 2015 թվականի N 143–Ա որոշմամբ սահմանվել են մրցանակների արժանացած կազմակերպությունները, դրանք են`
• «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ
• «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ
• «Գյումրի գարեջուր» ՍՊԸ
• «Դիլիջան» հանքային ջրի գործարան ՍՊԸ
• «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ
• «Դուստր Մարիաննա» ՍՊԸ
Միջոցառմանը նաև արժեվորվել է կազմակերպություններում որակի կառավարման համակարգի ներդրման գործընթացը և համապատասխան սերտիֆիկատներ են շնորհվել չորս կազմակերպությունների, որոնք ավարտել են համակարգի ներդրումը և սերտիֆիկացման գործընթացը։ Դրանք են`
• «Զվարթնոց միջազգային օդանավակայանների» ԱՎԼ ծառայություն
• «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ
• «Լոկատոր» ՓԲԸ
• «Ֆարմատեք» ՓԲԸ
Ստանդարտացման բնագավառում նշանակալի դերակատարման և ակտիվ մասնակցության համար առանձին մրցանակ է շնորհվել «Արարատ» սննդի կոմբինատ ՍՊԸ-ին:
Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաuտանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվում և անց է կացվում յուրաքանչյուր տարի Հայաuտանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի N116 որոշմամբ սահմանված կարգով` արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու, դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու նպատակով: Մրցանակաբաշխությունն անց է կացվում նշված որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի կողմից, որի նախագահը ՀՀ էկոնոմիկայի նախարարն է, իսկ քարտուղարը՝ Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրենը։