Բաժիններ՝

ԵՏՄ-ում երկաթուղային ընդհանուր ցանցի ներդրման քննարկմանը «Հարավկովկասյան երկաթուղիները» առայժմ չի մասնակցում

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակներում «Ռուսական  երկաթուղիներ» ՓԲԸ-ի  կողմից առաջարկվել է մի նախագիծ, որով անդամ երկրների երկաթուղային փոխադրումներ իրականացնող ընկերությունները, իրենց կանոնադրական կապիտալը ներդնելով, կունենան ուղևորափոխադրումների ընդհանուր ցանց: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց Կապի և տրանսպորտի նախարարության Երկաթուղու վարչության պետ Արսեն Մկրտչյանը:

Բացելով փակագծերը՝ պաշտոնյան նշեց, որ ԵՏՄ բազայի հիման վրա ստեղծված միասնական երկաթուղային, տրանսպորտային լոգիստիկ կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունն առայժմ իր դիրքորոշումը չի արտահայտել և քննարկումներին չի մասնակցում:

«Նման նախագծերն աշխատող են, կոնկրետ այս դեպքում դիտարկելով բոլոր անդամ պետությունների մասնակցությունը, հասկանում ենք, որ ամենատեսանելի օգուտը կարող է քաղել Հայաստանը: Ժամանակի ընթացքում հայկական կողմը ստիպված է լինելու միանալ այս  նախաձեռնությանը»,- նշեց Մկրտչյանը:

Նրա խոսքով, այս նախագիծը կարևոր է ոչ միայն ուղևորափոխադրումների ընդլայնման աշխարհագրության տեսանկյունից, այլ նաև սակագների, քանի որ միության անդամ երկրներում գործելու է ընդհանրացված և համեմատաբար մատչելի սակագին:

Անդրադառնալով  վրացական կողմի հետ երկաթուղու վերաբացման քննարկումներին, վերջինս նշեց, որ հայկական կողմը պասիվ չէ, և հարցը տարբեր ձևաչափերով քննարկվում է, պարզապես պետք է հաշվի առնել  վրացի գործընկերների դիրքորոշումը. «Վրացիներին հետ են պահում քաղաքական, հայրենասիրական նկատառումները, սակայն արդեն մի քանի անգամ երկաթուղայինների կողմից նշվել է, որ տեխնիկապես երկաթուղու բացման հարցը մի քանի ամիս կարող է տևել, խնդիրը շարունակում է մնալ քաղաքական դաշտում»:

Ինչ վերաբերում է ոլորտի խնդիրներին, Մկրտչյանը նշեց, որ հիմնական խնդիրը շարժակազմի մաշվածությունն է, որոնք նորերով փոխարինելու հնարավորություններ դեռ չկան, և այս խնդիրն առկա է գրեթե բոլոր հետխորհրդային երկրներում:

Չնայած այս և մի շարք առկա խնդիրներին՝ ոլորտի ներկայացուցիչը  տեղեկացրեց, որ վերջին շրջանում հայկական գնացքին տվել են ֆիրմային՝ «Արմենիա» անվանումը. այն վկայում է, որ մեր երկաթուղու ծառայությունները համապատասխանում են ընդունված  չափանիշերին, և ծառայությունների որակն էլ գնալով բարելավվում է:

Մեզ հետ զրույցում «Հարավկովկասյան երկաթուղիներ»  ընկերության տեղեկատվական կենտրոնի պետ Նելլի Շուշանյանը հայտնեց, որ  այսուհետ հայկական երկաթուղու աշխատանքը վերահսկվելու է օնլայն համակարգի միջոցով: Մասնավորապես, արդեն հնարավոր կլինի հետևել, թե գնացքը որ տարածքում է, ինչ շարժակազմով է, ինչ ծանրաբեռնվածությամբ, և այլն:

«Նախկինում մոնիտորինգներ էին անցկացվում ամսական մեկ կամ, լավագույն դեպքում, երկու անգամ, այս նոր համակարգի միջոցով  մենք կարողանում ենք  ամեն օր հետևել գնացքների ուղղություններին, տեխնիկական վիճակին, սպասարկող անձնակազմին և այլն: Օնլայն տարբերակով մենք կարողանում ենք հետևել նաև այլ երկրներից Հայաստան փոխադրումների ընթացքին»,- հայտնեց Շուշանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս