Նոթեր մեռյալ տնից

Սերժ Սարգսյանի ելույթը չափազանց կողմնակալ էր, ոչ արդար: Եվ ոչ թե Գագիկ Ծառուկյանի մասին հնչեցրած գնահատականներով: Այո՛, Ծառուկյանը քաղաքական գործիչ չէ, նա գործիք է եղել և է՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի համար: Ու նրա քաղաքական ոչ գրագիտությունից, հավակնություններից օգտվել ու այսօր էլ պատրաստ են օգտվել նշյալ մարդիկ՝ Գագիկ Ծառուկյանին առաջին պլան մղելով, իսկ խոշոր իմաստով՝ կառափնարան հրելով:

Սերժ Սարգսյանն իր ելույթում նկատում է, թե սահմանադրական բարեփոխումների փաթեթը պատրաստ է, սակայն դրանց ստորագրումը հետաձգել է. «Ես դա արել եմ նաև անձամբ Գագիկ Ծառուկյանի խնդրանքով»: Եթե Գագիկ Ծառուկյանը «մտավոր ցածր ունակությունների» տեր է, նրա խնդրանքը նման հարցում ինչո՞ւ է հիմք ընդունվել և ի՞նչ հիմնավորմամբ:

Գագիկ Ծառուկյանն իր պատասխան խոսքում ասում է, որ Անվտանգության խորհրդում մնացել է բացառապես Սերժ Սարգսյանի անձնական խնդրանքով: Ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը նրան խնդրում մնալ մի կառույցում, որի գործունեության արդյունքը ՀՀ և ոչ մի քաղաքացի չի տեսել: Իսկ այդ հինգերորդ անիվի դեր կատարող, անֆունկցիա կառույցն Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո մնացել է առանց ղեկավարի, և ոչինչ էլ չի պատահել:

Երբ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի մասին ասում է` «ժողովրդի մեծամասնության քվե ստացած» ուժ, դա իրականությանը չի համապատասխանում: Դուրս եկեք փողոց և հարցրեք մարդկանց, ՀՀԿ-ն այն կուսակցություններից մեկն է, որն ընկալվում է` իբրև կոռուպցիայի, շողոմության, ոչ գրագետ կառավարման ակումբ:

«Մենք պիտի կարողանանք դաշտն իսպառ մաքրել ֆեոդալական տրամաբանությունից»,-շարունակում է Սերժ Սարգսյանը: Ավելի լավ չես ասի: Սյունիքում մարզպետ է միջնադարյան ֆեոդալների դաժանությամբ, բազմաթիվ հանցագործություններում մասնակից Սուրեն Խաչատրյանը: Յուրաքանչյուր մարզպետ իր մարզի ֆեոդալն է: Սակայն քաղաքական համակարգն է այդպիսին:
«Ոմանք (Գագիկ Ծառուկյանին.- Լ.Ա.) սեփական օրակարգն են գրում, դեմ տալիս՝ մտքում համոզված լինելով, որ միևնույն է, չի հասկանալու՝ ինչ է հնչեցնում»:

Այդպես է, սակայն նույն տրամաբանությամբ Գագիկ Ծառուկյանն ընտրություններին աշխատում էր իշխանությունների համար, և նրա «չհասկանալու» վրա հենց խաղադրույք էին դրել թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ առաջին ու երկրորդ նախագահները: Ի վերջո, տասնամյակների պատմություն ունի Գագիկ Ծառուկյանի և վերջիններիս անձնական բարեկամությունը, երկրի փողերի համաձայնեցված տնօրինումը:
Կարելի է հեգնել Ծառուկյանի «ես այսօր այստեղ եմ և ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ» արտահայտությունը: Սակայն նման կիքսեր եղել են թե՛ Ռոբերտ Քոչարյանի դեպքում, թե՛ Սերժ Սարգսյանի: Հայտնի «կլիզմայի» անեկդոտը կամ «թարս աճող վարունգի» մասին հիշատակությունները ևս դժվար է քաղաքական լեքսիկոնում հարմարեցնելը:

«Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ Ծառուկյանը ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում տեքստ է կարդում, որին հաջորդում են պատգամավորների, այդ թվում՝ նաև թուրք և ադրբեջանցի պատգամավորների հարցերը: Այո՛, պատկերացնելը շատ բարդ է և սոսկալի, իհարկե: Նրա արտերկրյա մի քանի հայտնի այցերի ընթացքում թողած ամոթալի տպավորության մասին մեր գործընկերների սարկազմային սրամտությունները դեռ մինչ օրս մենք չենք մարսել»:

Միանգամայն ճիշտ է: Սարսափելի ամոթ տեսարան կլինի, որ միջազգային հարթակում Հայաստանը ներկայացնի Գագիկ Ծառուկյանը, բայց այնպես էլ չէ, որ Հայաստանն այսօր ներկայացնողներն Օքսֆորդի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի գերազանցիկ ուսանողներ են եղել:

Եվ, անկեղծ լինենք մինչև վերջ, 21-րդ դարում շատ ամոթ է, երբ երկրի նախագահը չի տիրապետում մի քանի լեզուների, չունի փայլուն կրթություն, միջազգային հեղինակություն, կապեր չունի, երբ ողջ Հայաստանը ներկայացնող ղեկավարը շողոմ ու երկրորդական դեր է ստանձնում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելիս:

Իսկ ՀՀ քաղաքացիներն այնքան ակնկալում են արժանապատիվ պահվածք: Հայաստանն այսօր որևէ միջնորդական առաքելության հայտ չի ներկայացնում, մենք միշտ ինչ-որ մեկի պոչից կպած, անտեսանելի, աննկատ շարժվում ենք պատմության միջով:

«Տարիներ ի վեր շարունակում են օդում մնալ չստուգված լուրերը չմուծած միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից և երիտասարդների կրթվելու իրավունքից գողացած միլիարդները` չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: (գ) Շարունակում են օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը»: Այո, շատ հարցեր են օդում: Մասնավորապես, ինչո՞ւ ամեն կրպակի կողքին պտտվում են ոստիկաններն ու հարկայինները՝ քամելով տիրոջը, իսկ այսքան տարի, իմանալով, որ Ծառուկյանը և շատ-շատերը, այդ թվում՝ ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչ-օլիգարխներ (օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը) միլիարդավոր դրամների հարկերից են խուսափել, հարկային ու մաքսային մարմինները չեն նկատել:

Փողերի վերաբաշխման թեման այս հակամարտության մեջ առանցքային է: Ծառուկյանն էլ ակնարկեց, որ իշխանափոխությունից հետո բյուջե է վերադարձնելու երկու-երեք իշխանավորի կողմից գողացած միլիարդավոր դոլարները: Այս դեպքում, շատ էական կլիներ լսել այդ 2-3-ի անունը: Ի վերջո, Ծառուկյանն էլ պետք է ազնիվ լինի. եթե իմացել է, որ այդ 2-3 հոգին այդպես ինքնամոռաց թալանում են երկիրը, ինչո՞ւ ժամանակին չի հայտնել: Ինչո՞վ էր կաշկանդված:

Սերժ Սարգսյանն ընդունեց իր մեղքը՝ հնարավորություն է տվել Գագիկ Ծառուկյանին հզորանալ անպատժելիության մթնոլորտում: Ի՞նչ երաշխիք, որ Սերժ Սարգսյանը նույն սխալները չի գործում իր շրջապատի մյուս անդամների առումով: Ի վերջո, նրա շրջապատում էլ քիչ չեն մականունավորները, հանցագործ անցյալ ու ներկա ունեցողները:

Քաղաքագետների, վերլուծաբանների տիրույթում է ասել՝ ի՞նչն էր այս «կրկեսի» հիմքում: Սակայն թույլ եմ տալիս ինձ եզրակացնել, որ այս ամենի շարժառիթը Գագիկ Ծառուկյանի անվերջանալի հարստությունն է, որն էլ նրան այնքան հրապուրիչ է դարձնում թե՛ երեք նախագահների, թե՛ սեփական թիմակիցների աչքում: Կկարողանա՞ իրագործել իր ցանկությունը ԲՀԿ առաջնորդը՝ ժողովրդական ընդվզման միջոցով հասնել իշխանափոխության: Այստեղ պարզապես փոքրիկ հանգամանք կա. ԱԺ-ն նրան զրկելու է պատգամավորի մանդատից, հետևաբար նաև՝ անձեռնմխելիությունից: Իսկ պայքարել հնարավոր է միայն ազատության մեջ լինելու պարագայում…

Հ.Գ. Վերնագիրը Դոստոևսկու ստեղծագործության անվանումն է։

Տեսանյութեր

Լրահոս