Բացահայտել և պատասխանել
Հունվարի 31-ին Լեռնային Ղարաբաղի Բերձոր շրջանում մեծաքանակ ոստիկաններ ու քաղաքացիական հագուստով անձինք հարձակում են գործել Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ, ովքեր «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով ավտոերթով պատրաստվում էին մեկնել Ստեփանակերտ:
Հարձակման արդյունքում դաժան ծեծի են ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի բազմաթիվ անդամներ, նաև լրագրողներ: Տեղի ունեցածը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել ինչպես՝ Հայաստանի, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ կուսակցություններ, բացառությամբ իշխանական քաղաքական ուժերի, հայտարարելով, որ կատարվածի համար պատասխանատու են և՛ ԼՂ-ի, և՛ Հայաստանի իշխանությունները: Իսկապես տեղի է ունեցել աննախադեպ բռնություն, որն ուղղակի դատապարտելը կնշանակի՝ ոչինչ չասել:
Այդ առումով, կարելի է ասել, բոլորը համակարծիք են՝ առնվազն հասարակության բոլոր շերտերի առումով:
Մյուս կողմից, սակայն, նույն հանրային շրջանակներում, սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է հարցը, թե ինչո՞ւ է Հիմնադիր խորհրդարանը, որը պայքարում է Հայաստանի իշխանությունների դեմ, «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով ուղևորվել դեպի Լեռնային Ղարաբաղ, հատկապես՝ սահմանային աննախադեպ լարվածության այս օրերին: Ու եթե իրավական առումով՝ պետք է օր առաջ բացահայտել այս հարձակումն իրականացնողներին ու կազմակերպողներին, ապա քաղաքական առումով՝ պետք է պատասխանել նաև այդ և դրանից բխող բազմաթիվ այլ հարցերին: