ՀՀ-ում ՌԴ դեսպանության ցավակցական հայտարարության՝ «սակայն այս պայմաններում էլ անհրաժեշտ է մարդ մնալ» անհասցե խրատական նախադասությունն ինձ ուղղակի զայրացրեց
Հարցազրույց Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս Դավիթ Գյուրջինյանի հետ
– Գյումրիի ողբերգությունն ինչպե՞ս անդրադարձավ հասարակության վրա:
– Հասարակությունը մի քանի օրում էապես փոխվեց, գուցե ճիշտ բառ չեմ գործածում` մեր հասարակությունը մի քանի օրում հասունացավ, բացահայտեց իր ներքին ուժերը, այլ հայացքով սկսեց նայել իրականությանը և ցավալի եզրակացությունների հանգեց: Հասարակությունը բնականորեն ընդվզեց, որովհետև պռնկեպռունկ լցվել էր համբերության բաժակը: Գյումրիի սահմռկեցուցիչ դեպքը վերջին կաթիլը դարձավ: Հայ հասարակությունն ավանդական, լիակազմ ընտանիքի սպանդից և հետագա իրադարձություններից հետո փորձում է ուշքի գալ: Հստակ նկատելի է, որ շատ-շատերը տակավին լարված-պրկված են:
Մարդիկ ուրախ չեն, կամ այդ ուրախությունը լիարժեք չէ. նրանք (այդ թվում` ես և իմ ընտանիքը) Ավետիսյանների ընտանիքի հետ կատարվածն ընկալեցին՝ իբրև անձնական խորը ցավ, ողբերգություն: Իսկ այդ ցավը հաղթահարելու համար ժամանակ է պետք: Եվ ամենակարևորը` գործի բոլոր հանգամանքների, մասնակիցների, դրդապատճառների հանգամանալից, անկողմնակալ քննություն և արդար դատավճիռ:
– Այնպիսի տպավորություն էին փորձում ստեղծել, թե համազգային այս ցավին վշտակից են նաև ռուսները. զգացվո՞ւմ էր դա, թե՞, ինչպես ասում են՝ «վերքը տիրոջն է ցավ տալիս»:
– Ռուս առանձին անհատների անկեղծ ցավը և ապրումակցումը ես հասկանում և ընկալում եմ. պարզ մարդն այս դեպքերում պետք է վշտակցեր բարեկամ երկրի քաղաքացիներին, իր ընկերներին ու բարեկամներին: Սակայն ռուս պաշտոնյաների (ՌԴ նախագահից սկսած) ցավակցություններն ինձ համար անարժեք են, քանի որ դրանք կա՛մ ուշացած էին, կա՛մ սառը, անհոգի: Իսկ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ցավակցական հայտարարության՝ «սակայն այս պայմաններում էլ անհրաժեշտ է մարդ մնալ» անհասցե խրատական նախադասությունն ինձ ուղղակի զայրացրեց: Անհասկանալի (միաժամանակ՝ նաև կասկածելի) էր ռուսաստանյան լրատվամիջոցների, առավելաբար՝ հեռուստաալիքների քար լռությունը, որ խախտվեց բավական ուշացումով:
– Իսկ ինչո՞ւ ենք մենք ուրախանում ռուսական վշտակցությունից:
– Հայտնի է, որ Հայաստանի և սփյուռքի հայության զգալի մասն անդավաճան և համոզված ռուսասեր է (ես իմ տպավորությունն եմ արձանագրում, առանց որևէ վերաբերմունքի և գնահատականի): Անկեղծ ռուսասեր հայերն ուրախանում էին ռուսական դրական արձագանքներից, քանի որ վախենում էին, որ այս ոճրագործությունը կարող է մեծ վնաս հասցնել հայ-ռուսական ջերմ հարաբերություններին, խարխլել դրանք: Այս մարդկանց ես լիովին հասկանում եմ, քանի որ հիմքում անկեղծություն եմ տեսնում: Բոլորովին այլ է հայ շատ պաշտոնյաների, քաղաքական գործիչների, մտավորականների և լրատվամիջոցների «խանդավառությունը» ռուսական արձագանքներից:
Հատկապես Պուտինի հայտնի հեռախոսազանգից հետո նրանք նախ՝ համարձակվեցին խոսել և իրենց ցավն արտահայտել ահավոր սպանդի կապակցությամբ, հետո նաև՝ հավատարմության ավանդական դարձած երդումներ տալ «ավագ եղբորը»` Ռուսաստանին: Արժանապատվության և ազգային ինքնասիրության պակաս, թերարժեքության բարդույթ. սա է բացատրությունը: Նման պահվածքը տարբեր զգացումներ է առաջացնում` խղճահարություն, նողկանք և զայրույթ:
– Ձեր նշած հայ–ռուսական ջերմ հարաբերությունները որքանո՞վ են վտանգված այսօր:
– Այդ հարաբերություններն այս օրերին լուրջ փորձառության են ենթարկվում թե՛ պետական-պաշտոնական, և թե՛ ժողովրդական մակարդակներում: Ամեն դեպքում այս հարաբերություններում պետք է հավասարություն և փոխադարձ հարգանք լինի: Բարեկամական հարաբերություններն անխախտ պահելու համար ջանք պիտի թափեն երկու կողմն էլ, ինչպես՝ հայկական, այնպես էլ՝ ռուսական: Խորհրդային ժամանակների՝ «վերևի և ներքևի», «ավագի և կրտսերի» մոտեցումները լուրջ վնաս կարող են հասցնել երկու երկրների և ժողովուրդների հարաբերություններին: Այս պարագայում մեր պետության ղեկավարության, քաղաքական ուժերի, ինչպես և ողջ հասարակության արժանապատիվ կեցվածքը խիստ կարևոր է:
– Ինչպե՞ս կբնորոշեք ԶԼՄ-ների աշխատանքն այս օրերին, ինչպե՞ս եք վերաբերվում սրտառուչ տեսարանների մասսայականացմանը:
– Այս ծանր օրերին իրադարձությունների լուսաբանման ընթացքը զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի բազմաթիվ թերություններ բացահայտեց: Որոշ դեպքերում կարող ենք խոսել լրատվություն իրականացնելու ուղղակի անկարողության մասին: Լավ չէ, որ սահմռկեցուցիչ կամ սրտառուչ տեսարաններն անդադար ի ցույց են դրվում և կեղեքում մարդկանց հոգիները: Բայց թաղման և հոգեհանգստի արարողությունների ուղիղ հեռարձակումները գուցեև կանխեցին տասնյակ-հազարավոր մարդկանց հոսքը Գյումրի: Իսկ դա կարող էր նոր բարդություններ ստեղծել: Չմոռանանք, որ Գյումրիի ողբերգությունը մենք իբրև անձնական ողբերգություն ենք ընկալում:
– Անապահովության զգացումը՝ սեփական երկրում, սրված է այսօր. ի՞նչ պետք է անել այն վերականգնելու համար:
– Սա չափազանց լուրջ խնդիր է. Հայաստանի քաղաքացին սեփական երկրում իրեն ապահով և պաշտպանված պիտի զգա: Պետությունը պետք է զբաղվի այս հարցով. դա նրա կարևոր գործառույթներից մեկն է:
– Անձամբ Դուք ի՞նչ հետք եք տեսնում Գյումրիի հանցագործության մեջ:
– Հազար ու մի բան է մտքովս անցնում, անգամ անհեթեթություններ… Ուստի, չեմ ուզում, որ դրանք հրապարակվեն: Բայց որ սա մեկ մարդու գործ չէ, հստակ ծրագրված է ու հեռահար նպատակներ ունի, չեմ կասկածում: