Հաշվապահները դժգոհում են էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգի աշխատանքից
Վերջին օրերին հարկային մարմին էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգի խափանումների պատճառով հաշվապահները խնդիրների առաջ են հայտնվել: Նրանք չեն կարողանում մուտք գործել համակարգ՝ զրկվելով անցած տարվա 4-րդ եռամսյակի հաշվետվությունները ներկայացնելու հնարավորությունից:
168.am-ի հետ զրույցում մի քանի հաշվապահներ նշեցին, որ ամեն ամիս հաշվետվությունների ներկայացման օրերին է համակարգը վատ աշխատում, կարծես հենց այդ օրերին դրա վրա աշխատանքներ են տարվում, թարմացումներ են արվում: Ըստ նրանց՝ հարկային մարմինը բազմիցս ընդունել է, որ համակարգի աշխատանքի հետ կապված խնդիրներ կան, հարկավոր է սերվերը փոխել, և այժմ դրանով զբաղվում են: Սակայն հաշվապահներին վրդովվեցնում է, թե ինչո՞ւ է այդ ոչ այնքան էլ բարդ, բայց խիստ կարևոր գործը տարիներ ձգձգվում:
Ամանորյա երկարատև արձակուրդից հետո այժմ հաշվապահների համար լարված ժամանակաշրջան է: Նախ՝ հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը հունվարի 20-ն է, այսինքն, ընդամենը 8 օր է մնացել իրենց, որպեսզի նախապատրաստեն ու ուղարկեն հաշվետվությունները: Բացի դա լուրջ խնդիր է այն, որ եթե սովորական ամիսներին էլեկտրաէներգիայի, գազի, ջրի և մյուս կոմունալ վճարների ցուցանիշները ստացվում են առաջին տասնօրյակում, ապա հունվարին դրանք միշտ ուշանում են և, օրինակ, այժմ երեկ ստացվել է էլեկտրաէներգիայի ծախսի ցուցանիշը, իսկ ջրինը դեռ չկա:
Մեր զրուցակիցների կարծիքով՝ առաջիկա 2 աշխատանքային օրը գերլարված է լինելու և, թեև հանգստյան օրերին համակարգն աշխատում է, բայց 19-ին և 20-ին հաշվապահների «հարձակման» արդյունքում շատ մեծ է հավանականությունը, որ այն կրկին կխափանվի ու շատերը չեն հասցնի հաշվետվությունները ներկայացնել: