16-ամյա գորայքցի Կիման հայտնվել է Հայաստանի կանանց ֆուտբոլի երիտասարդական հավաքականում՝ «Գեոթիմի» ծրագրի շնորհիվ (տեսանյութ)

Վայոց Ձորի մարզի Գորայք համայնքի բնակիչ 16-ամյա Կիմա Անտոնյանն այս տարի ընդգրկվել է Հայաստանի կանանց ֆուտբոլի երիտասարդական հավաքական: Շատ հետաքրքիր է Կիմայի պատմությունը, ով դեռ մանկուց երազել է ոչ թե ֆուտբոլիստի, այլ բժշկուհու մասնագիտության մասին:

2012 թվականին «Գեոթիմ» ՓԲԸ-ն, որը պատրաստվում է իրականացնել Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագիրը՝ համագործակցելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, իրականացրել է «Սպորտի և  խաղաղության դպրոցներ» ծրագիրը Ամուլսարի 3 շրջակա համայնքներում, որին էլ մասնակցել է Կիման: 2013 թվականին ծրագիրն ՈՒԵՖԱ-ն ճանաչել է որպես լավագույնը 53 երկրների մեջ՝ արժանացնելով «Հեթ-տրիկ» մրցանակի:

Կիման պատմում է, որ փոքր տարիքից միշտ բակում տղաների հետ ֆուտբոլ է խաղացել, բայց երբեք չի մտածել, որ ֆուտբոլն իր համար կարող է դառնալ մասնագիտություն: Ծրագրի իրականացման ժամանակ Կիման աչքի է ընկել իր տաղանդով, և մարզիչը հրավիրել է նրան համալրելու ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի մինչև 16 տարեկան աղջիկների թիմը:

2015 թվականի մայիսին Կիման իր թիմի հետ գնալու է Բելառուս՝ մրցումների, իսկ նույն տարվա հոկտեմբերին՝ Պորտուգալիա: Կիման պատմում է, որ այս ծրագիրն ամբողջությամբ փոխել է իր կյանքը: Եթե այն ժամանակ աղջկան զբաղեցնում էին միայն դպրոցական դասերը, այժմ նրա գրաֆիկը շատ խիտ է, և նա օրվա ընթացքում շատ զբաղված է լինում. «Գնում եմ դասի, գալիս եմ տուն, պարապմունքի, ահավոր ծանրաբեռնված եմ, ուշ եմ տուն գալիս»,- պատմում է 16-ամյա ֆուտբոլիստուհին, որն արդեն մեկ տարի է՝ տեղափոխվել է Երևան և ապրում է իր թիմակից ընկերուհու հետ:

Կարդացեք նաև

Համագյուղացիների վերաբերմունքը Կիմայի նկատմամբ շատ է փոխվել: Ինչպես համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանն է ասում, Կիման դարձել է գյուղի պարծանքը. «Եթե 1998 թվականի օլիմպիադայում Յուրի Վարդանյանը շտանգա էր բարձրացնում, սաղ ազգով հպարտանում էինք, ինչո՞ւ պետք է չհպարտանանք, որ Գորայք գյուղի բնակիչ Անտոնյան Կիման ֆուտբոլ է խաղում»:

Գյուղապետը նշեց, որ գյուղում շատ շնորհալի երեխաներ կան, եթե «հետները զբաղվող լինի, շատ բանի կհասնեն». «Մենք բացարձակ այդ հնարավորությունները չունենք: Շնորհիվ այդ ծրագրի՝ կարողացան հայտնաբերել Կիմայի տաղանդը»:

«Այժմ, երբ գյուղ եմ գալիս, բոլորը միշտ մոտենում են, հետաքրքրվում են՝ ոնց եմ խաղում, որ դիրքում եմ խաղում»,- ասում է Կիման:

«Գեոթիմ» փակ բաժնետիրական ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը նշեց, որ 2012 թվականին ծրագիրն իրականացվել է Գորայք, Սարավան և Գնդեվազ համայնքներում. «Ծրագրի առաջին հաջողությունն այն էր, որ այն լավագույնը ճանաչվեց ՈՒԵՖԱ-ի կողմից: Իսկ հաջորդը՝ Անտոնյան Կիման էր, ով ընդգրկվեց մինչև 16 տարեկանների կանանց հավաքական: Կիմայով մենք շատ հպարտանում ենք»:

Նա նշեց, որ թեև Ամուլսարի հանքավայրը դեռևս չի շահագործվում, «Գեոթիմը» արդեն ութ տարի է՝ տարբեր սոցիալական ծրագրեր է իրականացնում, որոնք ուղղված են համայնքների զարգացմանը բոլոր ոլորտներում՝ կրթական, առողջապահական, գյուղատնտեսության. «Տարեցտարի ծրագրերի քանակը, բովանդակությունը, ծավալն աճում են: Արդյունքները շատ խոստումնալից են: Ծրագրերի շնորհիվ՝ վերանորոգվում են դպրոցներ, բուժկետեր, ուսանողներ են սովորում բուհերում»:

Ա. Ստեփանյանը նշեց, որ առայսօր բոլոր ծրագրերի համար տրամադրվել է 1.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ միայն 2014 թվականին ծախսել են 300 հազար ԱՄՆ դոլար. «Դեռ հանքը չի շահագործվում: Կարևոր է, որ համայնքների հետ համագործակցության լավ հիմք է դրվել»:

Նա տեղեկացրեց, որ հանքում շինարարական աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2015-16 թվականներին. «Դա շինարարության փուլն է, որին ներգրավված են լինելու մոտ 1500 աշխատողներ. դրան կհաջորդի շահագործման փուլը, որի ժամանակ կաշխատեն շուրջ 700 հոգի: Ամբողջ շահագործման ժամանակ վճարվելու է մոտ 200 միլիոն ԱՄՆ դոլար աշխատավարձ»:

kima1 kima2 kima3 kima4 kima5

Տեսանյութեր

Լրահոս