
Ինքնահռչակ ԴԺՀ-ում ազգայնացվել են ուկրաինական պետական ձեռնարկությունները

Lenta.ru-ի փոխանցմամբ` ինքնահռչակ ԴԺՀ-ի տարածքում գտնվող ձեռնարկությունները, որոնք գտնվում են Ուկրաինայի պետական սեփականության ներքո, ազգայնացվել են: Այս մասին հայտարարել է ԴԺՀ-ի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն:
Նա մանրամասնել է, որ այն դեպքերում, երբ ձեռնարկությունները մասնակի են պատկանել Ուկրաինայի իշխանություններին, ԴԺՀ-ը մտադիր է հանդես գալ բիզնես գործընկերոջ դերում: Ընդ որում` նա ընդգծել է, որ մասնավոր ակտիվների ազգայնացմանն անհրաժեշտ է վերաբերվել բավական զգուշավորությամբ` ուշադիր հետազոտելով յուրաքանչյուր առանձին դեպքը:
Զախարչենկոն հավելել է, որ հանրապետությունը պետք է մնա գրիվնայի գոտում: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ամեն ինչ կախված կլինի Կիևից, և այդ հարցում շատ բան կորոշվի մինսկյան բանակցությունների ժամանակ: Զախարչենկոյի կարծիքով` Ուկրաինային ձեռնտու է, որ ԴԺՀ-ը մնա գրիվնայի գոտում: