Խոսե՛ք ժողովրդի հետ
Ահա և եկավ տարվա վերջին հոդվածը գրելու օրը: Իհարկե, չի կարելի միանշանակ ասել, որ այն նույնքան անսպասելի էր, որքան առաջին ձյունը քաղաքային իշխանությունների համար: Բայց այդչափ խառնակ է: Սպասումների իմաստով՝ խառնակ: Խոսքը, իհարկե, ամանորյա հրաշքի ու Ձմեռ պապիկից սպասվող նվերների մասին չէ:
Տնտեսական թեմաներով գրող լրագրողներին հիմա միայն մեկ հարց են տալիս: Մեր քաղաքական գործիչների բառապաշարով ասած` երկու բաղադրիչ ունեցող մեկ հարց՝ «Լավ, ի՞նչ են ասում, բա ի՞նչ է լինելու»: Հանդարտ, տնտեսության իմաստով ոչնչով աչքի չընկնող տարին տարեվերջի անակնկալ էր պատրաստել: Ֆինանսական ցնցումն ու համընդհանուր խուճապը նկարագրելու անհրաժեշտություն չկա: Այն նույնիսկ հիշողություն չի դարձել: Դրամի դանդաղ, բայց կայուն արժևորումն ինչ-որ իմաստով հարաբերական անդորր բերեց հասարակական կյանք: Բայց անորոշության զգացումը մնացել է: Մեր տնտեսական իշխանություններին տարօրինակորեն արագ հաջողվեց կայունացնել ֆինանսական համակարգը: Նույնքան արագ, որքան ազգային դրամի անկումն էր: Այս երկու-երեք օրում շուկայում գներն էլ սկսեցին վերադառնալ նախկին ցուցանիշներին:
Վերադառնանք հարցի առաջին բաղադրիչին՝ «Լավ, ի՞նչ են ասում»: Ակնհայտ է, չէ՞, որ տնտեսության ղեկավարները ոչինչ էլ չեն ասում: Իշխանությունները, ինչպես միշտ, հիմա էլ նույն բանն են ուզում, որ հասարակությունն անդադար իրենց գովքը երգի: Տղերքն անհավասար մարտում արժեզրկման ու գնաճի հրեշին են հաղթել: Հաղթել ու շնորհակալանքի խոսքերի են սպասում: Եթե որևէ մեկն ինչ-որ բան ասում էլ է, միևնույն է, մամուլն ու հասարակությունն այն միանշանակ չեն ընդունում: Հավանաբար այն պատճառով, որ ասածները մի բան չի: Օրինակ, նախարար Դավիթ Հարությունյանի ասածը, թե թող մարդիկ խուճապի օրերին 150 դրամով ձու չառնեին: Եթե դա ասելու բան էր՝ պետք էր հենց խուճապի օրերին ասել: Երկրի ղեկավարությունն այդ օրերին լռում էր: Խուճապահար լռում էր: Իսկ հասարակությունը հենց այդ օրերին է խոսք-խորհրդի սպասում: Հետևաբար` նույն այդ հասարակությունն էլ այսօր որևէ մեկին հաղթանակի դափնի չի տա: Բոլորն են հասկանում, որ վարչապետն ամեն օր չի կարող խանութներ այցելել ու փորձել կարգավորել գնաճը: Դա տնտեսության կառավարման արդյունավետ մեթոդ չէ: Բայց միևնույն է, ոչ ոք չփորձեց հասարակությանը բացատրել, որ փողը կորցնելուց վախեցողը չպիտի շտապի ազատվել փողից: Միայն սոցիալական ցանցերում ձևավորված մի խումբ է փորձում խոսել խնայողության մասին՝ կոչ անելով հրաժարվել, իրենց բառով ասած` «Բուդ Դիզմից»: Ավելի պարզ ասած, միայն հասարակական-տնտեսական իրավիճակի համար ոչ մի պատասխանատվություն չկրող այս երիտասարդներն են փորձում հասարակությանը բացատրել, որ եկել է գոտիները ձգելու ժամանակը: Իրենց ամանորյա ուղերձներում իշխանությունները խնամքով կթաքցնեն այս փաստը: Կխոսեն տնտեսական զարգացումների ու առաջընթացների մասին: Թվեր ու տոկոսներ կհրապարակեն: Խնայողության ու զսպվածության կոչերի փոխարեն: Ոչ այնքան հեռավոր 2008-ին էլ մեզ խորհուրդ էին տալիս չխոսել, չբարձրաձայնել տնտեսական ճգնաժամի մասին: Համոզելով, որ ճգնաժամը չնկատելու տալու դեպքում` այն կշրջանցի մեզ: Հետո պարզվեց, որ մենք հայտնվեցինք ճգնաժամից ամենաշատ տուժած երկրների շարքում:
Հիմա մենք հստակեցրել ենք մեր պաշտոնական դիրքորոշումը ու մեր տնտեսությունը կապում ենք Եվրասիական միությանը: Մի միություն, որ նույնքան անկանխատեսելի ապագա ունի, որքան անցյալ: Այդ միության հիմնադիր երկրներն իրենք չեն կարողանում լուծել ունեցած տարաձայնությունները: Իսկ մենք շտապում ենք: Շտապում ենք՝ հաշվի չառնելով տնտեսական կորուստներն ու գնաճի այն հեռանկարը, որ սպասում է մեր տնտեսությանը:
Իհարկե, կարելի է արդարանալ, որ նախատոնական այս օրերին չի կարելի փչացնել մարդկանց տրամադրությունը: Արդարանալ կարելի է, բայց հասարակության զգալի հատվածն ամանորյա հրաշքների սպասումի տարիքից դուրս է եկել: Հետևաբար` նրանց հետ հարկավոր է անկեղծ լինել ու խոսել սպասվող դժվարությունների մասին: Մեր հասարակության մի մասի ու իշխանության համար Ռուսաստանի իշխանությունների վարքագիծը միշտ օրինակելի է համարվել: Բայց այդ նույն ՌԴ իշխանություններն իրենք են հիմա բաց տեքստով խոսում բյուջետային սոցիալական պարտավորությունների կրճատման ու տնտեսության զարգացման նոր ծրագրերի անհրաժեշտության մասին: Մարդիկ գոնե առերևույթ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ուղիներ են փնտրում: Իսկ մերոնք հրաժարվում են ընդունել այդ ճգնաժամի հնարավորությունն անգամ:
Եկեք ընդառաջ գնանք մեր իշխանություններին: Ընդառաջ գնանք ու մի քանի ձոն նվիրենք նրանց՝ «Ապրեք, պարոնայք, որ հաղթեցիք արժեզրկման ու գնաճի հրեշին: Շատ ապրեք, բայց ժամանակն է հրապարակավ ասելու, թե ի՞նչ եք մտադիր անել վաղը»: Ի վերջո, պարզ քաղաքացին խուճապի օրերին մենակ է մնում իր բազմաթիվ խնդիրների ու պուճուրիկ խնայողությունների հետ: Մենակ է մնում` ու խոսք-խորհրդի կարիք ունի: «Բա ի՞նչ է լինելու հարցն» անպատասխան թողնելը հաստատ պատասխանատու վերաբերմունք չէ: