Արդյո՞ք ավելի լավ ենք սկսել ապրել
Պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարվա ընթացքում Հայաստանում աշխատավարձերն ավելի արագ են աճել, քան գները։ Այսպես, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014 թվականի հունվար-նոյեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8%-ով և կազմել 167215 դրամ։
Այդ թվում, մասնավոր հատվածում աշխատավարձն աճել է 7.7%-ով և կազմել 195356 դրամ, իսկ պետական հատվածում աշխատավարձի աճը կազմել է 8.1% և կազմել 147230 դրամ։
Միևնույն ժամանակ, ըստ նույն տեղեկանքի, սպառողական գներն այս ընթացքում աճել են 2.8%-ով։ Այսինքն, պաշտոնական վիճակագրության համաձայն աշխատավարձերը մոտ 3 անգամ ավելի արագ են աճել, քան գները, ինչը վկայում է գնողունակության աճի մասին։
Սակայն կա մի կարևոր հանգամանք։ Վիճակագրությունը ներկայացնում է հունվար-նոյեմբերի պատկերը։ Այսինքն, այն հաշվի չի առնում դրամի կտրուկ արժեզրկումը դեկտեմբերի առաջին տասնօրյակում, և դրա արդյունքում մի շարք արտադրեսակների գների կտրուկ աճը։
Պաշտոնական տեսակետի համաձայն՝ 3-10%-ով թանկացել են ներմուծվող ապրանքների գները։ Սակայն բացի ներմուծվողից, թանկացել են նաև ներմուծվող հումքից պատրաստվող տեղական արտադրանքի գները։ Ընդ որում, մի շարք դեպքերում թանկացումը խիստ անհամաչափ է՝ ավելի բարձր, քան դրամի արժեզրումը։
Նշենք, որ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը դիտարկումներ է անցկացնում ապրանքային շուկաներում՝ գնային չարաշահումները բացառելու նպատակով։ Ամեն դեպքում հայտնի է, որ գները հեշտությամբ բարձրանում են, սակայն իջնում են դժվարությամբ (կամ գրեթե չեն իջնում)։
Կենտրոնական բանկը իր հերթին հայտարարել է, որ փոխարժեքի տատանումը ընդհանուր սպառողական գների վրա կունենա առավելագույնը 2 տոկոսային կետի ազդեցություն, և գնաճը տարվա կտրվածքով չի գերազանցի թույլատրելի 5.5%-ը։ Այս պահին, սակայն, սպառողները նման լավատեսության հիմքեր չունեն, քանի որ առաջին անհրաժեշտության ապրանքները (մասնավորապես, սննդամթերքը) թանկացել է 5-ից 15%-ով։