«Գրեթե 30 տարի ես ամեն ինչ նվիրում էի, այս տարի վերջապես փակում եմ այդ շրջանը»
Ավարտին է մոտենում 2014 թվականը: Տարին լի էր երկրի համար կարևոր իրադարձություններով, անդառնալի կորուստներով ու ձեռքբերումներով, համերգներով, փառատոներով ու մի շարք լավ ու վատ օրերով: Ինչևէ, այս տարվա օրացույցի 365-րդ օրն էլ կավարտվի, ու յուրաքանչյուրս յուրովի կհիշի 2014 թվականը: Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու համար տարին նույնպես հագեցած էր. համերգներ, նոր ծրագրեր ու նոր ձայնասկավառակ: Ստեղծագործական հագեցած տարին ամփոփեցինք Վահան Արծրունու հետ:
– Ինչպիսի՞ տարի էր 2014 թվականը:
– Մշակութային իրադարձություններով լի տարի էր: Առաջին հերթին՝ պետք է անպայման նշեմ, որ 2014-ն այն հազվադեպ տարիներից է, երբ ես կարողացա համադրել և՛ համերգային գործունեությունս, և՛ բեմական արվեստը, և՛ նաև թողարկեցի ձայնասկավառակ: Սովորաբար դրանք իրար հաջորդող իրադարձություններ են, բայց այս տարի այդպես ստացվեց: Ինչ վերաբերում է այն իրադարձություններին, որոնք մեր ազգի և մեր պետության համար նշանակալից եղան, ապա Կոմիտասի 145-ամյակի ներքո Կամերային երաժշտության տանը մենք կազմակերպեցինք 2 հրաշալի համերգ՝ «Կոմիտաս. վերապրում» անվանումով:
Նոյեմբերի 22-ին մասնակցեցի Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին նվիրված մեծ միջոցառմանը և հնարավորություն ունեցա ներկայացնել իմ ստեղծագործությունները, որոնք գրված են սիմֆո-ռոք ժանրի շրջանակներում: Այսինքն՝ ռոք խումբ, սիմֆոնիկ նվագախումբ և մեծ երգչախումբ նույն բեմի վրա՝ մոտ 200 հոգի: Բացի այդ, այս տարի «Ազատություն» ռադիոկայանի հետ միասին ստեղծեցինք նոր հեռուստաշար, որը կոչվում է «Մելոման»: Այն ներկայացնում է Հայաստանում ապրող և ստեղծագործող այն երաժիշտներին, որոնք ինքնադրսևորվում են բացառապես ազատ արվեստի դաշտում:
– Ծրագիրն իրեն գտա՞վ:
– Բացի նրանից, որ իրեն գտավ, նաև մրցանակի արժանացավ: «Մելոման» հաղորդաշարը հաղթող ճանաչվեց «Ազատություն» ռադիոկայանի «Լավագույնը հունիս ամսին» մրցույթի «Նորարարություն» անվանակարգում: Եվ այս տարվա վերջին իրադարձությունը ձայնասկավառակն է, որի շնորհանդեսը եղավ դեկտեմբերի 7-ին, այն ներկայացնում է բացառապես կենդանի կատարումներ, որոնք ձայնագրվել են «Մելոման» ակումբում, և որոնց որակը, և՛ ձայնագրման, և՛ կատարողական, այնպիսին է, որ ես հարկ համարեցի ամփոփել մի ձայնասկավառակի մեջ: Ձայնասկավառակը լույս տեսավ ու հիմա արդեն ապրում է իր սեփական կյանքով:
– Ասել էիք, որ այն Ձեզ համար սիմվոլիկ բնույթ է կրում, քանի որ հիմա ձայնասկավառակների դարն արդեն անցել է:
– Այո, այն առաջին հերթին հուշանվեր է, որովհետև լսելու և ներբեռնելու հնարավորությունները համացանցից շատ ավելի հասանելի են, բայց ես չեմ շտապում դեռ համացանցում տեղադրել:
– Իրոք, հիմա քչերը ձայնասկավառակ կգնեն. YouTube-ն ամենուր է, ամեն ինչ շատ հասանելի է հիմա:
– Ես անձամբ գնում եմ այն ձայնասկավառակները, որոնք ինձ համար սիմվոլիկ նշանակություն ունեն, այսինքն՝ ինձ հաճելի է տեսնել այդ ձայնասկավառակներն իմ ձայնադարանում:
– Ձեր «սիմվոլիկ ձայնասկավառակները» Դուք նվիրո՞ւմ եք:
– Ոչ, ես դրանք վաճառում եմ: Հենց դրանով էլ է հատկանշական այս տարին, որ ես գրեթե 30 տարի ամեն ինչ նվիրում էի: Այսինքն՝ այդ շրջանը վերջապես ես փակում եմ, ու խոստանում եմ՝ մոտակա 30 տարիների ընթացքում այլևս նման կերպ չվարվել: Հերիք է:
– Փաստորեն՝ հասկանալու համար 30 տարի՞ պահանջվեց:
– Ինձ՝ հա… Դե, Հայաստանում արվեստի դաշտն ընդհանրապես արտ-մենեջմենթից և բիզնեսից դուրս է, այն այդպես էլ չինքնադրսևորվեց` որպես մի տիրույթ, որը կկարողանա ապահովել երաժիշտի կյանքը: «Ապահովել կյանքը» ասելով՝ նկատի ունեմ առաջին հերթին՝ ստեղծել այն պայմանները, որ երաժիշտը մտահոգություն չունենա ու տարված չլինի սոցիալական և կենցաղային խնդիրներով, այլ բացառապես զբաղվի իր սեփական ստեղծագործությամբ և արվեստը զարգացնելով: Ցավոք սրտի, հիմա մեր անկախությունից ավելի քան 20 տարի է անցել, բայց այդ հարթության վրա մենք այդպես էլ դուրս չենք եկել:
– Եթե ընդհանուր ամփոփենք տարին, ի՞նչ եք կարծում՝ մեր երկրի համար լա՞վ տարի էր:
– Ոչ, մեր երկրի համար շատ ծանր տարի էր. այն դաշտերը, որի մեջ մենք մտել ենք, նկատի ունեմ միջազգային ոլորտներում, անհասկանալի հեռանկարներ են բացում մեր երկրի համար: Առաջին հերթին` այն հանգամանքը, որ մենք դաշինք ենք կնքել Ռուսաստանի, Ղազախստանի և մնացած հզոր պետությունների հետ: Սա ինձ լուրջ մտահոգում է, որովհետև ես պատկերացնում էի մեր երկիրն ավելի լավ «կոմպանիայում»: Նաև տեսնում եմ, որ ամբողջ աշխարհն է ինքնադրսևորվում: Այսինքն՝ մեր երկիրը զրկում են կրեդիտներից. գիտենք, որ ԱՄՆ-ը հունվարի 1-ից մտցնում է նոր ռեժիմ, այսինքն՝ բացում է դռները մեր քաղաքացիների համար: Քանի որ մենք ապրում ենք մեծ աշխարհում, այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում մեր երկրում, ծնում են որոշակի փոփոխություն նաև մեր երկրի նկատմամբ, և այդ առումով ես ոչ մի լավ բան չեմ տեսնում:
– Այսինքն՝ այս ամենը ոչ մի լավ բանի չի՞ հանգեցնում:
– Ի՞նչ լավ բանի պետք է հանգեցնի այն, որ մեր առջև դռներ է բացում մի երկիր, որն, ի դեպ, սպասում է ոչ թե թշվառ զանգվածին, այլ դռներ է բացում կայացած սեգմենտի համար` ուսանողությունից՝ երկրի ապագայից սկսած, վերջացրած՝ ձեռներեցներով ու մնացածովգ Սա նշանակում է, որ նրանք քաջ գիտակցում են այդ ներուժի արժեքը և ուզում են արագ ունենալ իրենց սեփական երկրում, որովհետև հայն աշխատող է, հայը ստեղծող է, հայը քարից ջուր քամող է, և ամբողջ աշխարհը դրա մասին գիտի և օգտվում է այդ հանգամանքից, ամբողջ աշխարհը, բացի մեր սեփական երկրից:
– Բուռն տարի էր 2014-ը հայերիս համար, 2015-ն ինչպիսի՞ն կլինի:
– Ընդհանրապես 2015 թվականը ոչ միայն 100-ամյակի խորհրդանիշի ներքո զարգացումների տարի է լինելու, այլ նաև մեծ փորձությունների, որովհետև աշխարհն անհաղորդ չէ. այն, ինչ որ երկրի ներսում է կատարվում, միանգամից ծնում է որոշակի դրսևորում երկրի դրսում: Եվ անկեղծ ասած՝ ես մեծ սարսափով եմ սպասում, թե ի՞նչ ընթացք է ունենալու և ի՞նչ լուծումների է գնալու արտաքին աշխարհը մեր երկրի նկատմամբ: Այ, սա մշուշի մեջ է. դե, եկող տարին ցույց կտագ
– Վերջերս նշել էիք, որ 2 տարի անընդմեջ ակումբային համերգներ եք ունեցել, ու այս նոր տարում այլևս չեք պատրաստվում ակումբներում երգել: Ի՞նչ համերգներ սպասենք Վահան Արծրունուց:
– Համերգներ լինելու են մեծ հարթակներում: Ակումբներում էլ չեմ երգի. հավեսս առա, էլ ինձ հետաքրքիր չէ: Առաջիկա համերգը լինելու է այս դեկտեմբերի վերջին. օրը որոշված չէ, բայց հավանաբար այս ամսվա մեջ. Ռազմիկ Դավոյանի և իմ համատեղ երեկոն կլինի «Մոսկվա» կինոթատրոնում: Ռազմիկ Դավոյանը կկարդա իր բանաստեղծությունները, իսկ ես կկատարեմ երգեր՝ գրված իր բանաստեղծությունների հիման վրա: Եկող տարվա ընթացքում 2 մեծ համերգային նախագիծ եմ մշակել, մեկը՝ կամերային երաժշտության ժանրի ձևաչափի մեջ, մյուսը՝ սիմֆո-ռոք: Հիմնականում զբաղվելու եմ այդ 2 ձևաչափերը ներկայացնելու գործով:
– Եթե շատ տարիներ անցնեն, ու պատահաբար ինչ-որ մեկը Ձեզ 2014 թվականը հիշեցնի. ի՞նչն առաջինը կգա Ձեր մտքին, ինչո՞վ կառանձնացնեք այս տարին:
– Իմ ստեղծագործական կյանքում դեռևս 2 մեծ իրադարձություններ են եղել. 2002-ին «Կոմիտաս, տասը հայտնություն» ձայնասկավառակի թողարկումը, և 2011-ին՝ «Մաշտոց. սրբազան մարգարիտներ» ձայնասկսավառակի թողարկումը: 2014-ն ընթացքի տարի է՝ ինչպես նաև մնացած ամբողջ 30 տարիներն իմ կյանքում: Ես բաժանում եմ այսպես՝ կա ստեղծագործական ընթացք, և կան իրադարձություններ, որոնք առանցքային են այդ ընթացքի մեջ: Այսինքն՝ 2014-ն ընթացքի մեջ եղած տարիներից է: