Վարդան Հակոբյան. Երանոսյանի նման մարդը վտանգավոր է պետության և հասարակության համար

Նախախորհրդարան քաղաքական նախաձեռնության անդամները նույնպես վերջին մեկ ամսվա ընթացքում ենթարկվել են գույքային և ֆիզիկական բռնությունների:

Նոյեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ անհայտ անձանց կողմից այրվել են Նախախորհրդարանի անդամներին պատկանող 6 ավտոմեքենաներ, իսկ հաջորդ օրը  հարձակում կատարվեց կազմակերպության անդամ Գևորգ Սաֆարյանի վրա: Անհայտ անձինք կոշտ առարկայով հարվածել էին նրա գլխին, ինչի հետևանքով երիտասարդը կորցրել էր գիտակցությունը: Ինչպես այս, այնպես էլ վերջին հայտնի դեպքերը` հարձակումներն ազատամարտիկների և Արամ Մանուկյանի վրա, առայժմ չեն բացահայտվել, ինչը Նախախորհրդարանի ակտիվիստներին հիմք է տալիս եզրակացնելու, որ կատարված հանցագործությունները մեկ շղթայի մաս են կազմում և իշխանությունների, իրենց ձևակերպմամբ` «ռեժիմի» ձեռքի գործն են:

Հաջորդ տարվա ապրիլի 24-ին գործող իշխանությանը հեռացնելու նպատակը հետապնդող Նախախորհրդարանի ներկայացուցիչները համոզված են, որ դրա նպատակը քաղաքացիներին ահաբեկելն ու հասարակության պայքարող հատվածին լռեցնելն է:

168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Նախախորհրդարանի քարտուղարության անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանը` հիշեցնելով, որ քաղաքացիների հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարի դեպքեր եղել են նաև շուրջ մեկ տարի առաջ, երբ բռնության և ծեծի ենթարկվեցին քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստները, այնուհետև «ծածկած շուկայի» ճարտարապետական պատկերի աղճատման դեմ բողոքողները, այդ թվում` Նախախորհրդարանի անդամները:

«Համոզմունքը, թե ինչու են իշխանությունները կազմակերպել, հիմնվում է այն փաստի վրա, որ բոլոր այդ դեպքերն ուղղակի չեն բացահայտվում: Եթե առ այսօր չի բացահայտվել Ազգային անվտանգության շենքի դիմաց մեքենան այրելու դեպքը, որի կադրերն էլ մենք տրամադրեցինք, ապա միակ հետևությունը սա է: Այդ հետևությանը կարող է հակազդել միայն մի հանգամանք, որ պարզվեն հանցագործություն կատարողները»,- նշեց Վարդան Հակոբյանը:

Մեր զրուցակիցը մեկնաբանեց նաև այն վարկածը, որ հանցագործությունները կարող էր կազմակերպել ոչ թե իշխանությունը, այլ մի «երրորդ ուժ», որը փորձում է «պղտոր ջրում ձուկ որսալ»:

«Եթե Հայաստանում կա «երրորդ ուժ», որ կարող է կազմակերպված ձևով նման հանցագործություններ կատարել, ուրեմն՝ մենք պետություն չունենք: Իսկ եթե պետություն չունենք, ուրեմն` ոստիկանություն և անվտանգության ծառայություն էլ չունենք: Դա ավելի է ծանրացնում իրենց վիճակը: Արամ Մանուկյանի ծեծը եղավ այն օրը, երբ ոստիկանության զորքերի հրամանատարը հայտարարեց, որ կկտրի ցանկացածի ականջը, ով հայհոյել է Սերժ Սարգսյանին: Մարդը ասեց ու արեց: Արամ Մանուկյանն ընդամենը մեկ ամիս առաջ էր հայհոյել Սերժ Սարգսյանին ու նրա եղբորը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Նախախորհրդարանը, մասնավորապես ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու փաստի կապակցությամբ, հայտարարել էր. « Ռեժիմը բացահայտ կերպով նախաձեռնել և ցինիկաբար իրականացնում է զանգվածային բռնություն, որի թիրախ են դառնում տարբեր ուժերի ներկայացուցիչներ ու պայքարող քաղաքացիներ»:

Ինչ վերաբերում է այսօր տարածված այն տեղեկությանը, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նկատողություն է հայտարարել իր տեղակալ Լևոն Երանոսյանին` վերոնշյալ հայտարարության համար, Վարդան Հակոբյանը դա համարում է շատ թույլ քայլ. «Նման դեպքերում չի կարելի նկատողություններով բավարարվել: Եթե Երանոսյանի նման մարդն իրեն թույլ է տալիս նման հայտարարություններ անել, նա վտանգավոր է պետության և հասարակության համար: Նկատողություն ստանալը Երանոսյանի համար, կարծում եմ, էական բան չէ: Նկատողություն ունի, թե չունի, մեզ ոչինչ չի տալիս: Նման վտանգավոր միտումներ ունեցող մարդուն առնվազն պետք է հեռացնեին աշխատանքից ու զբաղեցրած պաշտոնից : Սա կլիներ ադեկվատ գնահատական»:

Տեսանյութեր

Լրահոս