Ովքեր են ՀՀ-ում լծված թուրքական քարոզչության իրականացման գործին. Թուրքագետը ցանկ է ներկայացրել
Հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների մի հսկա ցանց լծված են Հայաստանում թուրքական քարոզչության իրականացմամբ: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ ներկայացելով Թուրքիայում և Հայաստանում գործող այդ կազմակերպություններին:
«Թուրքիայում՝ Անադօղլու Քյուլթյուր, Հրանտ Դինք հիմնադրամ, Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա:
Հայաստանում՝ «Սիվիլթաս» հիմնադրամ, Եվրասիա համագործակցության հիմնադրամ, Հանրային լրագրության ակումբ, Տարածաշրջանային հետազոտության կենտրոն»:
Նշենք, որ, ըստ թուրքագետի՝ այս կազմակերպությունները 2014 թ. հունվարին Եվրոպական միության կողմից ստացել են 2 մլն եվրո և հունվարից սկսվել է աջակցություն՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին: Այս գրանտային ծրագրի իրականացումը լինելու է մինչև 2015թ. ապրիլի 24-ը:
Այս ծրագրի շրջանակներում 40 լրագրողներ տարվել են Թուրքիա, այնտեղի առողջարանական գոտիներ, տեսարժան վայրեր, Թուրքիան ներկայացվել է գեղեցիկ պատկերով և դրական տպավորությամբ փորձ է արվել լրագրողներից ակնկալել հոդվածներ, «հասկանալի է, թե դրանք ինչ բնույթի պետք է լինեն»: Թուրքագետն ասաց, որ հոդվածներից մի քանիսն արդեն կան:
«Որպես ԵՊՀ դասախոս, նշեմ, որ այդ թիրախներից են նաև մեր ուսանողները, որոնք ամիսը մեկ տարբեր թուրքական կազմակերպություններից, Դինք հիմնադրամից, ստանում են հրավերներ՝ անվճար մասնակցելու, ասենք, լեզվական պատրաստմանը 2015թ. փետրվարից մինչև ապրիլի 20-ը: Հրավիրվում են տարբեր մասնագետների Թուրքիայում հայերեն դասավանդելու համար: Դինք հիմնադրամի միջոցով արդեն 2 հոգի Թուրքիայում դասավանդում են հայերեն, իսկ Թուրքիայում հայագիտությունը գիտակարգ չէ, ինչպես մեզ մոտ թուրքագիտությունն է և հետաքրքիր է, թե ո՞ւմ են նրանք դասավանդում հայերեն:
Ճամփորդական գրանտներ են տրվում, որոնց նպատակը հետևյալն է. այդ ճամփորդությունը պետք է նպաստի հայ-թուրքական երկխոսությանը, բարեկամությանը և ինքնաթիռի տոմսի այդ մի քանի կոպեկ գումարն ստանալուց հետո գրանտառուն պետք է զեկուցի, թե ինչպե՞ս նպաստեց իր ճամփորդությունը՝ հայ թուրքական երկխոսությանը:
Ես իմ պարտքն եմ համարում, որպես թուրքագետ, հայտնել մեր հասարակությանը, մեր ոչ մասնագիտական շրջանակներին և մեր այն շրջանակներին, որոնք գիտակցում են, բայց ներգրավված են այդ ամենին, որ սա հստակ թուրքական քաղաքականության դրսևորում է, և ես ցանկացած հարթակում պատրաստ եմ ցանկացած քննարկմանն ու ասածներիս ապացուցմանը»,- պարզաբանեց թուրքագետը: