Ստյոպա Սաֆարյան. «Օսկանյանի սարքած կիլդիմը չեմ հասկանում»
Օրերս Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի էր ունեցել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հետ հանդիպումը, որը տեղի էր ունենում «Սարն ի վեր» նախագծի շրջանակում:
Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի թարգմանիչ Ռուբեն Մելքոնյանը, հայտարարելով, որ Թուրքիայում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամը խեղաթյուրել է իր թարգմանության տեքստը` այն դարձնելով «թուրքամետ», աղմուկ բարձրացնելով դուրս էր եկել դահլիճից: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, գրքի թարգմանիչ Ռուբեն Մելքոնյանին զայրացրել էր այն, որ հանդիպման ավարտին կազմակերպիչները հնարավորություն չեն տվել հեղինակին` Հասան Ջեմալին հարցեր ուղղել:
«Հազիվ էլ սենց հիմարություն «Հրանտ Դինք» հիմնադրամը աներ, հիմնադրամը իբր հայկական է, իրականում թուրքական է»,- դահլիճից դուրս գալով հայտարարել էր Ռ.Մելքոնյանը:
Երեկ ֆեյսբուքյան իր էջում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով վերոնշյալ միջոցառմանը (որի երևանյան կազմակերպիչը ՀՀ նախկին արտգործնախարար, այժմ` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին պատկանող «Սիվիլիթաս» հիմնադրամն է), գրել է.
«Մի բան էլ չեմ հասկանում. ժամանակին Վարդան Օսկանյանը Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը քննադատելիս մեխ էր դարձրել այն, որ ինքը ոչ թե դեմ է կառավարական մակարդակով հայ-թուրքական հանդիպումներին (որովհետեւ նույնիսկ իր պաշտոնավարման շրջանում եվրոպական մայրաքաղաքներում տարբեր գաղտնի հանդիպումներ են եղել, հետևաբար, ինքն իրեն չի քննադատի), այլ որ այս իշխանությունները դա հրապարակայնեցրին, իսկ Թուրքիային ձեռնտու է դա, քանի որ շահարկում է:
Ասեմ, որ Օսկանյանի այս փաստարկումը հրապարակայինից բացի առիթ եմ ունեցել լսելու տարբեր եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ, երբ նաև ես եմ ներկա եղել: Հիմա չեմ հասկանում հենց Վարդան Օսկանյանին պականող «Սիվիլիթասով»
Ջեմալի թոռանը հրապարակային ծափահարությունների ներքո Հայաստան բերելն ու կիլդիմ սարքելը: Մի՞թե Օսկանյանի լոգիկայով այսպիսի հրապարակային քայլերն էլ չեն շահարկվելու Թուրքիայի կողմից… Այ էսպիսի պաշտոնյաների պատճառով է Հայաստանը այս օրին, որ մեկ մեխին են խփում, մեկ` նալին…. Ու շատերն են այդպես…»: