
Գյումրիում ծառերն էտվում են, երբեմն էլ՝ հատվում (տեսանյութ)

Tsayg.am-ը գրում է. Գյումրիում ծառերը ոչ միայն էտվել, այլ նաև հատվել են: Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի աշխատակիցները Խաղաղության օղակի հարակից այգում վաղ առավոտից մի քանի ծառ էտելուց հետո, անցել են դրանցից մեկի կտրելու գործին:
Պատասխանատուները վստահեցրել են, որ ծառը ծերացած է ու փտած, չի վերականգնվի, ուստի խելամիտ է այն կտրելու որոշումը: Նշված այգում ևս երկու ծառ է հատվելու: Ըստ քաղաքապետարանի աշխատակիցների, ծառերը քաղաքապետարանի սեփականությունն են, իսկ դրանք կտրել կամ չկտրելու որոշումն իրենք են կայացնում: Գյումրիում ծերացած ծառերի թիվը մեծ է, դրանք աստիճանաբար կհատվեն:
Սանիտարական աշխատանքների իրականացման համար որոշակի ուսումնասիրություններ պարբերաբար արվում են, սակայն թե կենտրոնական զբոսայգում վերջին անգամ երբ է էտ կատարվել, պատասխանատուն դժվարացել է ասել: Նրա պնդմամբ, այնտեղ բոլոր ծառերը համեմատաբար երիտասարդ են: Նշենք, որ Խաղաղության օղակի այգում աշխատանքները կշարունակվեն: Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի մասնագետը վստահեցրել է, որ մի քանի տարի անց այգու ծառերն ամբողջությամբ նոր տեսք կունենան: