Ինչու եռյակի կողմից տապալվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագիծը

Դեկտեմբերի 2-ին խորհրդարանում քվեարկության դրվեց «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» որոշման նախագիծը, որը դեռևս հեկտեմբերի 20-ին խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը: Քվեարկության արդյունքում որոշման նախագիծը չանցավ՝ 54 կողմ և 59 դեմ ձայներով: Ընդ որում, ոչ բոլոր հանրապետականները դեմ քվերակեցին. նրանից ոմանք ձեռնպահ, ոմանք էլ նույնիսկ կողմ քվերակեցին: Այսինքն՝ ընդամենը 6 ձայն էր պակասում, որ նախագիծն անցներ ԱԺ-ում, իսկ այդ ձայները կարող էին ապահովել եռյակի անդամ այն պատգամավորները, որոնք այդ օրվա նիստին բացակայում էին:

Հիշեցնենք՝ երբ կառավարությունը առաջարկել էր բանակցություներ սկսել ոչ իշխանական եռյակի հետ՝ 12 կետի վերաբերյալ, եռյակն ասում էր, որ պատրաստ կլինեն որևէ բովանդակային քննարկում սկսել միայն այն դեպքում, որ բանակացությունները սկսեն 10-որդ կետից՝ որը վերաբերվում է համամասնական ընտրակարգին անցնելուն, սակայն, փաստորեն, ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու ռեալ հնարավորությունը եռյակն իր ձեռքից բաց թողեց:

Այսօրվա ասուլիսի ժամանակ 168.am-ը հետաքրքրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից՝ եթե եռյակը միասնականություն չի դրսևորում իր համար նման սկզբունքային հարցերում, կարո՞ղ է այսուհետ մեղադրել Հանրապետականներին, որ զիջումների չեն գնում:

Մ.Մելքումյանն ընդունեց, որ այդ օրն իրոք կարող էր լինել բեկումնային, եթե նախագիծն անցներ: Նա պարզաբանեց, որ այդ օրը ոչ թե դրված էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, այլ դրված էր Ազգային ժողովի որոշում՝ հայտարարության տեքստ՝ հետագայում այդ փոփոխությունը անելու մասին. «Այսինքն՝ երբ ԱԺ-ն որոշում է ընդունում, որ ինքը պետք է գնա այդ օրենսգրքի փոփոխությանը, ուրեմն՝ ԱԺ-ի որոշումը պետք է ի կատար ածվի: Իսկապես, դա կարող էր լինել բավականին բեկումնային պահ, եթե դա անցներ»:

ԲՀԿ-ական պատգամավորը պարզաբանեց նաև, որ 12 կետերի շրջանակներում եռյակի որոշում չի եղել, որ Ընտրական օրենսգիրքը փոխեն, եղել է առանձին ներկայացուցիչների  բարձրաձայնում դրա մասին. «Երբ մենք գնացինք ԱԺ նախագահի աշխատասենյակ կառավարության ներկայացուցչի հետ շփման, մենք բանակցային կամ բովանդակային քննարկում չարեցինք: Ասացինք՝ կան 12 կետերի մեջ կետեր, որ կարելի է անհապաղ անել, եթե կառավարությունն ունի ցանկություն: Օրինակ, կարմիր գծերը, տեսանկարահանող սարքերը, կուտակայինը, հարկային քաղաքականությունը: Իսկ մյուսները, որոնք ներդրումներ ու ժամանակ են պահանջում, դրա  մասին պետք է հայտարարի, որ այս ժամկետներում կարող եմ, դրանից հետո կստեղծվի նոր իրավիճակ: Այնպես որ՝ դուք իրավացի եք, որ այդ օրը կարող էր լինել բեկումնային, մեզ 5, թե 6 ձայն չհերիքեց, ու, այնպես չէ, որ Հանրապետականները բոլորը դեմ քվեարկեցին: Եռյակի մասով դուք իրավացի եք՝ մենք ունեինք բացակա ընկերներ, որոնք հարգելի պատճառով գործուղման մեջ էին և այլ, բայց ճիշտ եք ասում, եթե լիներ այդ խնդրի լուծումը, դա կլիներ բեկումնային: Իհարկե, միշտ էլ ավելի կատարյալ և ավելի այլ մակարդակ կարելի է ակնկալել, որ պրոցեսներում պետք է լինի»:

 

Տեսանյութեր

Լրահոս