Բաժիններ՝

Հնարավոր է՝ այս տարի արտահանման անկում ունենանք. Միքայել Մելքումյան

Կյանքը ցույց տվեց, որ սա ցիկլային ճգնաժամ է, այսինքն՝ ճգնաժամը նորից կրկնվում է՝ իր տարբեր արտահայտություններով: Այս կարծիքին է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը, ով այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այդ ճգնաժամը էապես կախված էր մի քանի գործոններից՝ և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ: Ըստ նրա՝ սուբյեկտիվը անցած տարիներին տարվող քաղաքականությունն է:

Մ. Մելքումյանը նկատեց, որ այս ընթացիկ տարին էապես տարբերվում է նախորդ 5 տարիներից նրանով, որ, օրինակ, առաջին անգամ արտահանման և ներմուծման աճը հավասարվել են՝ սպասվում է 2.8% աճ. «Սա բավականին ցավալի փաստ է, երբ անցյալ 5 տարիներին անընդհատ արտահանման աճի տեմպը գերազանցում էր ներկրման աճի տեմպին, այս տարի պաշտոնական սպասումը հավասար է»:

Տնտեսագետը նշեց, որ 2014թ. հունվար-հոկտեմբերին մենք ունենք ընդամենը 1 միլիարդ 250 միլիոն դոլարի արտահանում, այն դեպքում, երբ 2013 թվականի համար մենք ունեինք 2 ցուցանիշ՝ մեկը ազգային վիճակագրական ծառայության՝ 1 միլիարդ 480 միլիոն, մյուսը՝ բյուջետային ուղերձի՝ 1 միլիարդ 638 միլիոնը. «Հունվար-հոկտեմբերն ասացի, իսկ նոյեմբերն ու դեկտեմբերը հույս չեն տալիս մեզ, որ այս իրավիճակում, երբ նոր պայմանագրեր չենք կնքում, հակառակը՝ արտահանված ապրանքների դիմաց մասնակի և արժեքազրկված գումար են տալիս մեր արտահանողներին, կարող ենք  ենք աճ ունենալ: Կարող է՝ մենք ընդհանրապես արտահանման անկում ունենանք»:

Մ. Մելքումյանի խոսքով՝ արդյունաբերության ոլորտում հունվար-հոկտեմբերին ունենք 2.2% աճ, տարվա համար սպասումը՝ 2%: Ըստ նրա՝ սա նույնպես աննախադեպ է անցած 5 տարիների համեմատ:

Պատգամավորը նկատեց նաև, որ 2015 թվականի բյուջեի նախագծով 4.1% աճի մեջ նախատեսված է ընդամենը 3.7% արդյունաբերության աճ, որը, բացի շինարարությունից, մնացած բոլոր ցուցանիշներից ցածր է. «Այսինքն՝ մենք նահանջ ենք ապրում, չենք գնում դեպի արտադրողական երկիր դառնալու ճանապարհով, այլ գնում ենք առևտրի զարգացման կամ այլ ոլորտների զարգացման ճանապարհով»:

Հարցին՝ բյուջեի հնարավորությունները հաշվի առնելով՝ ինչի՞ հաշվին պետք է եկամուտները աճեցնել, տնտեսագետն այսպես պատասխանեց.

«Մենք, իսկապես, պետք է նայենք բյուջեի եկամտային քաղաքականությանը: Տնտեսական աճը 2013 թվականի համար նախատեսված էր 6.2%, եղել է 3.5%, բայց բյուջեի հարկային մուտքերը ավելացել են 122 միլիարդ դրամով։ Ինչի՞ հաշվին են ավելացել: Այստեղ կարող է լինել 3 բաղադրիչ՝ կա՛մ գնաճ, կա՛մ հարկային բեռի ավելացում, կա՛մ ստվերային տնտեսության կրճատում: Իհարկե, մենք կարծում ենք, որ ստվերային տնտեսությունը 2013 թվականին շատ ավելի քիչ էր կրճատվել, և հիմնականում դա եղել է գնաճի և, այսպես կոչված, հարկային բեռի մասնակի ավելացման հաշվին:

Այսօր կառավարությունը պետք է գնա օպերատիվ կառավարման միջոցառումների, համալիր ձևով մարդկանց եկամուտները բարձրացնեն. թող գնաճ մի քիչ ավելի լինի, բայց եկամուտն էլ մի քիչ ավելի լինի։ Նույն ձևով մենք պետք է ամեն կերպ արտահանումը խթանենք, որովհետև փոխարժեքի այս տատանումը ինչ-որ տեղ արտահանողներին օգտակար է, որովհետև նրանք իրենց ապրանքները արտահանելու են, ստանալու են դոլար, և մյուս ծախսերը կատարեն դրամով: Իսկ ներկրողները տուժելու են այս առումով: Մենք պետք է կարողանանք այստեղ հավասարակշռությունը գտնել և արտահանողներին տոտալ խթանել»:

Ըստ տնտեսագետի՝ կառավարությունը նաև պետք է համարձակ գնա դրամայնացման  մակարդակի բարձրացման, և Կենտրոնական բանկի քաղաքականությունը չպետք է սահմանփակվի ընդամենը գնաճի նպատակադրման քաղաքականությամբ, որը նա անում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս