Ինչպես եռյակը տապալեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումները
Այսօր խորհրդարանում քվեարկության դրվեց «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» որոշման նախագիծը, որը դեռևս հեկտեմբերի 20-ին խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը:
Խորհրդարանական եռյակը գրեթե մեկուկես ամիս պայքարում էր, որ խորհրդարանի ղեկավարությունը այս հարցը դնի քննարկման, քանի որ եռյակի ներկայացուցիչները չափազանց կարևորում էին նման որոշման ընդունումը, և հենց այս որոշման ընդունմամբ էին պայմանավորում իրենց վերաբերմունքը իշխանության հետ հետագա երկխոսության հարցում:
Մասնավորապես՝ եռյակի ներկայացուցիչներն ասում էին, որ եթե ՀՀԿ խմբակցությունը իսկապես տրամադրված է իրենց հետ կառուցողական երկխոսություն սկսել 12 կետից բաղկացած պահանջների կատարման շուրջ, ապա պետք է սկսել 10-րդ կետից, որը վերաբերում է Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, և որ այդ 10-րդ կետը պետք է լինի իշխանության անկեղծությունը փորձաքննության դնող լակմուսի թուղթը:
Թվում է, թե եռյակի համար այդքան սկզբունքային որոշման քվեարկության ժամանակ եռյակի բոլոր ներկայացուցիչները պետք է մասնակցեին քվեարկությանը, որպեսզի ապահովեին հնարավորինս բարձր արդյունք: Մինչդեռ քվեարկության արդյունքում որոշման նախագիծը ստացավ 54 կողմ ձայն, և 59 դեմ:
Արդյոք եռյակի ներկայացուցիչները կարո՞ղ են ՀՀԿ-ին մեղադրել քվեարկությունը տապալելու և Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու ցանկության բացակայության մեջ: Իհարկե, կարող են, քանի որ ոչ բոլոր ՀՀԿ-ականները կողմ քվեարկեցին այս որոշման կայացման օգտին: Բայց կողմ քվեարկողների մեջ մի քանի ՀՀԿ-ականներ կային:
Սակայն նույն տրամաբանությամբ ՀՀԿ-ականներն էլ կարող են եռյակին մեղադրել իրենց իսկ ներկայացրած որոշման նախագծի ընդունումը տապալելու մեջ: Որովհետև եթե եռյակը իսկապես կազմակերպված քվեարկեր, ապա որոշման նախագիծը անկասկած կընդունվեր:
Ինչպես երևում է քվեարկության արդյունքներից՝ որոշման ընդունման համար անհրաժեշտ էր, որպեսզի դրան կողմ քվեարկեին ևս վեց պատգամավորներ. այդ դեպքում կլիներ 60 կողմ և 59 դեմ, և որոշումը կընդունվեր: Իսկ այդ հավելյալ 6 կողմ ձայնը դժվար չէր ապահովել, որովհետև այդ 6 կողմ ձայնը կարող էր ապահովել միայն ԲՀԿ խմբակցությունը:
ԲՀԿ խմբակցության առնվազն 6 անդամներ չմասնակցեցին քվեարկությանը, նրանցից 4-ն ընդհանրապես բացակա էին նիստին, իսկ ևս երկու պատգամավոր գրանցվել էր, սակայն չէր մասնակցել քվեարկությանը:
Նիստից բացակա ԲՀԿ խմբակցության անդամներն էին խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը և Արագած Ախոյանը, իսկ Աբրահամ Մանուկյանը և Արշակ Մխիթարյանը գրանցվել էին, սակայն այդպես էլ չմասնակցեցին քվեարկությանը: Համենայնդեպս՝ այդպես է երևում քվեարկության արդյունքներից:
Քվեարկությունից բացակայել է նաև ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով մինչ այդ բացատրում էր, թե որքան կարևոր է Ընտրական օրենսգրքի բարեփոխումը և ինչու են իշխանությունները ընդդիմանում այդ բարեփոխումներին: Այսպիսով՝ եթե ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը մի քիչ հետևողականություն դրսևորեին, ապա Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու անհրաժեշտության մասին իրենց ներկայացրած որոշման նախագիծը շատ հեշտությամբ կընդունվեր:
Հիմա ո՞վ տապալեց այս որոշման ընդունումը`ՀՀԿ-ական մեծամասնությո՞ւնը, որի առնվազն 5 ներկայացուցիչներ կողմ են քվեարկել այս որոշման ընդունմանը, և եթե եռյակի բոլոր ներկայացուցիչները մասնակցեին քվեարկությանը այդ 5 կողմ ձայնը կօգներ, որ որոշման նախագիծը ընդունվեր, թե՞ եռյակը, որի 7 անդամներ բացակայել են նիստից և չեն մասնակցել քվեարկությանը, մինչդեռ մասնակցության դեպքում այս որոշումը միանշանակ ընդունվելու էր:
Հիմա ինչպես պետք է եռյակի ներկայացուցիչները շարունակեն խոսել Ընտրական օրենսգրքի բարեփոխման մասին, երբ հենց իրենք են տապալել այս հարցով որոշման ընդունումը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ մի հետաքրքիր ձևակերպում արեց, որի հետ այս քվեարկությունից հետո դժվար է չհամաձայնվել: Նա այս որոշման քննարկման ժամանակ հայտարարեց, որ եռյակը շահագրգռված չէ որոշման ընդունմամբ, նրանց պետք է, որպեսզ որոշման ընդունումը տապալվի, որ հետո հնարավորություն ունենան մեղադրել ՀՀԿ-ին՝ ընտրական բարեփոխումներ անելու ցանկության բացակայության մեջ: