«Դա խաղաղություն չէ, բայց ազատություն է». խրամորթցի տատիկն այսօրվա մասին

karabakh-open.info-ն գրում է. Մինչեւ պատերազմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում 700-ից ավելի մարդ էր ապրում: Գյուղն օր-օրի բարգավաճում էր, ընտանիքները կարողանում էին իրագործել Մեծ հայրենականի դաժան օրերից պահած երազանքները: Այդպես եւ Լարիսա Սահակյանի ընտանիքում:

Կյանքի դժվարությունները, թվում է, նահանջում էին: Միայնակ մայրը յոթ երեխա էր մեծացրել: Աղջիկներն ամուսանցել էին: Տղաներից երկուսը գյուղում էին մնացել: Ավագի՝ Սերյոժայի համար նույնիսկ նոր տուն էին կառուցել:

Թվում էր՝ հետեւում էին մնացել այն օրերը, երբ կարիքն այնքան շատ էր, որ տղաները մեկը մյուսի շորն էին հագնում, երբ 1951թվականին ամուսնու մահից հետո միայնակ մնացած կինը չգիտեր, որ հոգսը հոգար, որի համար շատ ցավեր:

Ինչի՞ վրա էր դրել հույսը: Աստծո՞:

Հիմա էլ, դողդոջ տատիկը խոստովանում է՝ չգիտի: Աստծո անունը տալը ընդունված չէր: «Երբեմն Սրբերին էինք հիշում, բայց մեկ է՝ անհավատ էինք: Ջահել էինք: Մի բան էր լինում, ասում էինք աստուծ մեր խոխենքը պահե: Բայց դե խորությամբ չէինք հասկանում դրա իմաստը»:

Որ նորից պատերազմ պիտի տեսներ՝ չէր պատկերացնում: Դրա սկսվելն էլ չզգաց: Տղաները սկսեցին պահակել գյուղի շրջակայքում, որ գիշերն ավարառություններ չլինեն: Հետո ավելի հաճախակի սկսեցին խորհրդային զինվորներ, նաեւ ադրբեջանական օմոնականներ երեւալ գյուղում եւ դրա շրջակայքում: Հիշում է. այդպիսի օրերին ջահել հարսները երեսներին ալյուր էին քսում, դեմքերը ծածկում վախից, որ օտար եւ սանձարձակ զինվորների աչքին չերեւան: Հետո սկսվեցին գնդակոծությունները, իսկ 1991թվականին նոյեմբերին գյուղը հրետակոծվեց, վիրավորները երեք տասնյակից ավելի էին:

Զարմանալի է, այդ օրերին ինքը վախ չուներ: Կրակի տակ աշխատանքի էր գնում, թոնրատանը հաց թխում: Չվախեցավ նույնիսկ այն ժամանակ, երբ որդին վիրավորվեց:

Պատմում է տեղի ունեցած հրաշքը: Սերյոժան երկու ընկերների հետ ադրբեջանցիների հերթական գնդակոծության ժամանակ գյուղի սրբատեղիներից մեկի մոտ էր դիրքավորված: Արկը պայթեց: Ընկերները զոհվեցին: Որդին վնասեց միայն մատը:

«Դա հրաշք էր»,- արցունքն աչքին պատմում է կինը,-«Սերյոժան հիշեց, որ այդ Սրբին մատաղ ենք մատուցել: Սուրբը պահեց»,- ասում է երկյուղածությամբ:

Սերյոժան հիմա գյուղում չէ: Պատերազմի օրերին, երբ ադրբեջանցիները գրավեցին գյուղը կնոջը երեխաների հետ տեղափոխեց Ռուսաստան, կռվի ավարտից հետո ինքն էլ գնաց:

Հեռավոր Ռուսաստանում են նաեւ մյուս երկու տղաները: Խորհրդային բանակում զինծառայությունն ավարտելուց հետո Բաքվում էին հաստատվել: Ութսունականների վերջին ստիպված էին տեղափոխվել:

«Գիշերները աչքիս քուն չի գալիս:Մտածում եմ անընդհատ: Երեխեքս դռնեդուռ են ընկել»,- ասում է սրտնեղած, ապա ավելացնում, որ փառք է տալիս աստծուն, որ ողջ եւ առողջ են բոլորը:

Լարիսա Սահակյանը հաճախակի է այցելում Ռուսաստանում ապրող տղաներին, բայց միշտ վերադառնում է գյուղ: Այստեղ ավերված երկու օջախների փոխարեն հիմա նոր տուն է կառուցել որդին՝ Գրիշան: Նրա ընտանիքի հետ էլ ապրում է:

Գյուղական տուն է: Հազար ու մի հոգսերով: 86-ամյա կինը լավ չի տեսնում, վիրահատված են երկու աչքերն էլ, բայց երեխաներին օգնում է ինչով կարող է:

«Միայն թե խաղաղություն լինի»,-ասում է՝ հիշելով իրենց տոհմի զոհերին: Նրանց մի մասը իրենց տնից քիչ ներքեւ՝ աղբյուրի մոտ մորթվեց: 1992 թվականի հունվարի մեկին էր, երբ ադրբեջանական զրահատեխնիկան գրոհեց գյուղը:

Առաջ այդ նույն ծառերի տակ, աղբյուրի մոտ ամռանը ադրբեջանցիները բանջարեղեն էին վաճառում: Մի քանի տարի անց այդտեղ կոտորեցին ծեր ու անպաշտպան մարդկանց: Որ այդտեղ կարող է մի օր դարձյալ առեւտուր ծավալվել երկու ազգերի ներկայացուցիչների միջեւ, Լարիսա Սահակյանը չի պատկերացնում, չի հավատում եւ չի էլ ուզում: Չի թաքցնում ՝ վախենում է: Վախենում է դժոխքի կրկնվելուց:

Ճիշտ է Խրամորթն ազատագրվեց, բայց այն սարսափը, որ ապրեցին գյուղը լքելու օրը մնում է առայսօր: Չի կարողանում ներել ինքն իրեն, որ ստիպված էր ընտրություն կատարել, փրկել թոռներին, թե կեսրոջը: Ծեր կնոջը ստիպված էին թողնել կես ճամփին: Լավ է ավագ թոռը՝ իր որդին՝ Գրիշան հասավ: Դուրս բերեցին տատիկին: Բայց այդ ընտրության ծանրությունը դեռ սեղմում է սիրտը: Տատը այդպես էլ չգիտակցեց, թե ինչ է եղել, նույնիսկ չհասկացավ, թե երեխաներից ով էր իր հետեւից եկողը: Իր անգիտությամբ եւ փրկությամբ փախստական համագյուղացիների ծիծաղն ու հրճվանքը շարժեց՝ հիշում է հարսը, որ առայսօր իր քայլի համար՝ ծեր կնոջը անձամբ չտարհանելու համար ամոթ է ապրում:

«Ձյուն էր: Տատը թրջված, շորերից սառույցը կախ,- հիշում է Լարիսա Սահակյանը,- սփոփանքը միայն այդ պահին շորերը փոխելն ու նրան տաքացնելն էր: Աստված չթողեց, որ մեղքի տակ ապրեմ մինչեւ կյանքիս վերջը»:

Գյուղի գերության ժամանակաշրջանում քանի- քանի տուն են փոխել՝ Խնձրիստանում, Ստեփանակերտում, Աջափնյակում: Վերջը, երբ տղաները զորացրվեցին՝ եկավ գյուղ: Խրամորթցիների շեն տներից միայն ավերակներ էին մնացել: Գյուղը ռմբահարված էր, թալանված: Փրկվել էր միայն զորանոց ծառայած դպրոցը: Իրենց ավերված օջախից քիչ ներքեւ նորը կառուցեցին: Իհարկե ուրիշների օգնությամբ: Դատարկ պատեր էին, տան ողջ ունեցվածքը կորցրել էին գյուղի գրավման պատճառով:

«1941-ին էլ պատերազմ էր: Գյուղից գնացածների մեծ մասն այդպես էլ չվերադարձավ: Բայց այս մեկն ուրիշ էր, զուլում էր, որ եկավ ավերեց ամեն ինչ, տարավ հարազատ մարդկանց»: Ծեր կինը հիշում է իր տոհմի զոհերին, քիչ հեռվում հուշարձան կա: Դրա հարեւանությամբ են մորթվել իր ազգականները, համագյուղացիները, հարեւան Քյաթուկից Խրամորթում ապաստան գտած տարեց ամուսինները:

Այս ամենը նախկին հարեւանների հետ հաշտության եզրեր գտնելու հույսը ջնջում է: «Վստահություն չկա: Հարաբերությունները եթե այդ տեսակ պիտի լինեն, ավելի լավ է չլինեն»,- ասում է, բացատրում «այդ տեսակ հարաբերությունների իմաստը»,-«Ամեն օր նոր զոհերի մասին ենք լսում, ամեն օր պատերազմի կոչեր են հնչում մյուս կողմից»:

Այսօրվա վիճակի բնորոշումը տալ դժվարանում է խրամորթցի Լարիսա Սահակյանը: Դա խաղաղություն չէ: Բայց ազատություն է: Սեփական տանը, գյուղում, Ղարաբաղում ազատ ապրելու հնարավորություն:

Հաշտություն ասվածը, որի մասին օտարների զրույցները հասնում են նաեւ Խրամորթ, հեռու է թվում: Բազմազավակ մոր կարծիքով՝այն նաեւ վտանգներով է լեցուն: «Հիմա ազատ գնում ենք անտառ՝ փայտի, դաշտը վարուցանքի: Իսկ այդ ժամանակ ինչպես կլինի: Նորից վախ, անհանգստություն, որ զավակդ կարող է փորձանքի մեջ ընկնել….»:

Լուսինե Ավանեսյան

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս