«Բացի Ավետիք Բուդաղյանից, Տիգրան Խաչատրյանից և Զարզանդ Նիկողոսյանից՝ այլ անձի կողմից կրակոցներ արձակած լինելու վերաբերյալ ոչ մի ապացույց ձեռք չի բերվել»

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքների քննության ընթացքում իր առարկությունները ներկայացրեց դատախազ Կարեն Հարությունյանը: Փաստաբանը բողոքարկել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև՝ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումները:

Այսօր դատարանում գործով քննիչ Արսեն Մովսիսյանն ասաց, որ իր կարծիքով՝ բողոքներն անհիմն են, և դատարանից խնդրեց որոշումները թողնել օրինական ուժի մեջ: Նա ասաց, որ որոշումներ կայացնելիս վարույթն իրականացնող մարմինն ունեցել է բավարար ապացույցների համակցություն, և դրանց հիման վրա որոշումներ են կայացվել: Ըստ նրա՝ նախաքննական մարմինը բավարար ապացույցներ է ունեցել, որոնցով հիմնավորվել է, որ Տիգրանի Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի արարքներում բացակայում է հանցակազմը, նրանց գործողություններն իրավաչափ են, տեղավորվում են անհրաժեշտ պաշտպանության վիճակի սահմաններում: Դատախազ Կարեն Հարությունյանը ևս նշեց, որ բողոքները պետք է մերժվեն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Դատախազն անդրադարձավ Սըդղի Գյոլ կոչվող տարածքից ետ վերադառնալու ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին: Նա ասաց, որ Զարզանդ Նիկողոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2013թ. հունիսի 1-ին Սըդղի Գյոլ կոչվող տարածքից Սուրիկ Խաչատրյանի, Ավետիք Բուդաղյանի և Արագած Ղևոնդյանի հետ վերադարձել են Գորիս, ավտոմեքենայում անախորժ խոսակցություն է ծավալվել իր և Ավետիք Բուդաղյանի միջև, որի ընթացքում ինքը մեկ կամ երկու անգամ հարվածել է Ավետիք Բուդաղյանին:

Վկա Արագած Ղևոնդյանն էլ, դատախազի խոսքով, ցուցմունք է տվել, որ 2013թ. հունիսի 1-ին ինքը, Սուրիկ Խաչատրյանը, Ավետիք Բուդաղյանը Սըդղի Գյոլ կոչվող տարածքից ավտոմեքենայով վերադարձել են Գորիս, մեքենայում, որի ղեկին նստած է եղել ինքը, անախորժ խոսակցություն է ծավալվել Զարզանդ Նիկողոսյանի և Ավետիք Բուդաղյանի միջև, որի ժամանակ Զարզանդը շրջվել և երկու անգամ ձեռքով հարվածել է Ավետիք Բուդաղյանին:

Կարդացեք նաև

Ըստ դատախազի՝ Ա. Ղևոնդյանը հայտնել է, որ մեքենան արգելակել է և Ավետիքին առաջարկել է իջնել: Դատախազը վկայակոչեց նաև Սուրիկ Խաչատրյանի և նրա կնոջ՝ Լորետա Բարսեղյանի ցուցմունքները: Ըստ նրա՝ Լորետա Բարսեղյանը հայտնել է, որ 2013թ. հունիսի 1-ին Զարզանդ Նիկողոսյանն իրեն պատմել է, որ Սըդղի Գյոլից վերադառնալիս Ավետիք Բուդաղյանը հայհոյանքով է խոսել, նա էլ հարվածել է Ավետիքին:

Դատախազ Կարեն Հարությունյանը վկայակոչեց նաև նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ Ավետիք Բուդաղյանի մարմնի վրա, բացի հրազենային վնասվածքներից՝ որևէ այլ վնասվածք առկա չի եղել: «Այսինքն՝ դեպքին անմիջապես ականատես եղած կամ մասնակցած անձանց ցուցմունքներում ոչ մի էական հակասություն առաջ չի եկել: Ընդ որում, այս դրվագի կապակցությամբ Արտակ Բուդաղյանի ցուցմունքներում նկարագրված իրադրությունը ոչ միայն չի հիմնավորվել գործով ձեռք բերված ապացույցներով, այլև ամբողջությամբ հերքվել է»,- ասաց նա:

Դատախազը նշեց, որ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ավետիք Բուդաղյանն իր տուն հասել է համաքաղաքացիներից մեկի ավտոմեքենայով, որի ուղևորներից մեկը ցուցմունք է տվել, որ նրա տրամադրությունը բարձր է եղել, նա ոչ մի արտասովոր իրադրության մասին չի խոսել, նրա վրա մարմնական վնասվածքներ չեն տեսել:

Դատարանում դատախազն ասաց, որ տեսագրության մեջ պարզորոշ երևում է, թե ինչ է տեղի ունենում, երբ Ավետիք Բուդաղյանը երկրորդ անգամ գալիս է Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ: «Մինչ Արտակ Բուդաղյանի՝ դեպքի վայր հասնելը, Ավետիք Բուդաղյանը, մեքենայի մեջ նստած, զրուցում է նրան մոտեցած անձանց հետ: Ոչ քաշքշոց և, առավել ևս, որևէ մեկի կողմից Ավետիք Բուդաղյանին հարվածելու փաստ անգամ չկա տեսագրության մեջ: Հակառակը, Արտակ Բուդաղյանի մոտենալու պահին Ավետիք Բուդաղյանի ավոտմեքենայի բաց դռան մոտ կանգնած Նիկոլայ Աբրահամյանը զրուցում է նրա հետ, երբ Ավետիքը տեսնում է եղբորը, հետ է հրում Աբրահամյանին և արագ անցնում, շրջանցելով իր ավտոմեքենան՝ գնում է դեպի եղբայրը: Եվ մինչ Արտակ Բուդաղյանի կողմից հրազենը ձեռքին սպառնալիքներ տալը՝ ներկա գտնվող անձանցից և ոչ մեկի ձեռքին զենք չի եղել»:

Նա ասաց նաև, որ ձեռք բերված «բազմաթիվ անհերքելի ապացույցներով» հիմնավորվել է, թե դեպքի վայրում ովքեր են զենք գործադրել, քանի զենքից են կրակոց արձակել. «Այսինքն՝ բացի Ավետիք Բուդաղյանից, Տիգրան Խաչատրյանից և Զարզանդ Նիկողոսյանից՝ այլ անձի կողմից կրակոցներ արձակած լինելու վերաբերյալ նախաքննության ընթացքում ոչ մի ապացույց ձեռք չի բերվել»:

Դատախազն ասաց, որ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի համաձայն՝ հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն՝ պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը և իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից՝ ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում:

Նա նշեց, որ քննիչն «իրավացիորեն հանգել է հետևության, որ և՛ Զարզանդ Նիկողոսյանի, և՛ Տիգրան Խաչատրյանի գործողությունների հետևանքով վնաս պատճառված արարքները քրեական օրենքում համարվում են իրավաչափ»:

Էմիլ Բուդաղյանի բողոքը ներկայացնելիս՝ փաստաբան Հայկ Ալումյանը նշել է, որ նրա մահացած որդու՝ Ավետիք Բուդաղյանի անմեղության կանխավարկածի հարգման իրավունքը վերականգնելու նպատակով Էմիլ Բուդաղյանը՝ որպես մահացած որդու իրավահաջորդ, անհրաժեշտ է համարում, որ քրեական գործը նրա նկատմամբ քննվի և ուղարկվի դատարան, որպեսզի դատական կարգով նա արդարացվի կամ, հակառակ դեպքում, եթե դատարանը, այնուամենայնիվ, համոզիչ և բավարար փաստեր գտնի, ապա, համենայնդեպս, Ավետիք Բուդաղյանը մեղավոր ճանաչվի ոչ թե քննիչի որոշմամբ, այլ դատարանի դատավճռով:

Դատախազ Կարեն Հարությունյանն այսօր անդրադարձավ նաև անմեղության կանխավարկածին: Նա նշեց, որ քրեական դատավարություն իրականացնում են նաև հետաքննության, նախաքննության մարմինները և Դատախազությունը. նրա խոսքով՝ քրեական հետապնդում իրականացնելիս հետաքննության և նախաքննության մարմիններն ու դատախազը լիազորված են սահմանված հատուկ դեպքերում մինչդատական վարույթում կարճել գործը, որոշումներ կայացնել քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Նրա խոսքով՝ այդ որոշումներով հաստատվում է անձի կարգավիճակը: Նա նշեց նաև, որ գործը դատարան չհասցնելու ինստիտուտը գործում է նաև աշխարհի շատ առաջադեմ երկրներում:

Փաստաբան Հայկ Ալումյանը դատախազից հետաքրքրվեց՝ արդյոք ինքը ճի՞շտ հասկացավ, որ Դատախազությունը չի համարում, որ Ավետիք Բուդաղյանի  կողմից կատարվել է սպանության փորձ և այլ հանցագործություն: Դատախազն էլ պատասխանեց. «Ես երբ մեջբերեցի անմեղության կանխավարկածը, դա վերաբերում էր մեղադրյալներին»:

Ապա նշեց, որ այս դեպքում Ավետիք Բուդաղյանին մեղադրանք չի եղել առաջադրված: Հայկ Ալումյանը կրկին հետաքրքրվեց՝ արդյո՞ք Դատախազության դիրքորոշումն այն է, որ Ավետիք Բուդաղյանը ոչ մի հանցագործություն չի կատարել: Դատախազը պատասխանեց՝ ոչ:

Հայկ Ալումյանը խնդրեց իրեն ժամանակ տրամադրել՝ վերլուծելու համար դատախազի կողմից վկայակոչված հանգամանքները: Դատական նիստը հետաձգվեց:

Տեսանյութեր

Լրահոս