Դատարանը «մաքրեց» Սուրիկ Խաչատրյանին մինչև իր մարզպետ նշանակվելը. Փաստաբանը դրվագներ է ներկայացնում մարզպետի առանձնատան մոտ տեղի ունեցած հայտնի դեպքից
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն այսօր ներկայացրեց 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ բողոքի մի մասը:
Նախաքննական մարմնի այս որոշումը բողոքարկել է ինչպես Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, այնպես էլ` Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ 2013թ. սեպտեմբերի 6-ին քննիչը որոշում էր կայացրել այն մասին, որ 2013թ. հունիսի 1-ին Ավետիք Բուդաղյանը քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություններ է կատարել, սակայն քրեական հետապնդում չէր իրականացրել նրա մահվան հիմքով:
Հայկ Ալումյանն ասաց, որ քննիչին ապացուցված է համարել, որ Ավետիք Բուդաղյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրնի զենք կրելը), 34-104-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) նախատեսված հանցագործություններ:
Ներկայացնելով Էմիլ Բուդաղյանի բողոքը՝ Հայկ Ալումյանն ասաց, որ որպես որոշման հիմք քննիչի կողմից վկայակոչվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը:
Ըստ փաստաբանի՝ օրենսգրքի այդ հոդվածի համապատասխան կետը նախատեսում է, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար:
«Էմիլ Բուդաղյանը նշում է, որ իր սպանված որդու հիմնական իրավունքներից մեկն է նրա անմեղության կանխավարկածի հարգումը: Դա բոլոր անձանց իրավունք է, այդ թվում նաև նրա հանգուցյալ որդու: Նշված իրավունքն ամրագրված է Սահմանադրության 21-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ ասված է՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այսպիոսվ, Էմիլ Բուդաղյանի մահացած որդու՝ Ավետիք Բուդաղյանի անմեղության կանխավարկածի հարգման իրավունքը վերականգնելու նպատակով նա՝ որպես մահացած որդու իրավահաջորդ, անհրաժեշտ է համարում, որպեսզի քրեական գործը նրա նկատմամբ քննվի և ուղարկվի դատարան, որպեսզի դատական կարգով արդարացման դատավճռով ճանաչվի և հռչակվի Ավետիք Բուդաղյանի անմեղությունը կամ հակառակ դեպքում, եթե դատարանն այնունամենայնիվ, համոզիչ և բավարար փաստեր գտավ, ապա համենայն դեպս Ավետիք Բուդաղյանը մեղավոր ճանաչվի ոչ թե քննիչի որոշմամբ, այլ դատարանի դատավճռով: բացի այդ՝ նշված որոշման մեջ տրված գնահատականները կարող են խոչընդոտ հանդիսանալ դեպքի իրական հանգամանքները պարզելու և տուժողի իրավահաջորդի որդու սպանության մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- դատարանում այսօր ասաց Հայկ Ալումյանը:
Նա նշեց, որ 2013թ. սեպտեմբերի 6-ին քննիչի կողմից կայացված որոշումը բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին, ինչպես նաև զինվորական դատախազի տեղակալին. նրա խոսքով՝ բողոքի վերաբերյալ որոշում կայացված չի եղել:
Հայկ Ալումյանի խոսքով՝ զինվորական դատախազի տեղակալի կողմից գրություն է ուղարկվել Էմիլ Բուդաղյանին, որում նա նշել է, որ բողոքում չեն նշվել որոշման վերացումը հիմնավորող հանգամանքները: Փաստաբանն ասաց նաև, որ այդ գրությամբ Էմիլ Բուդաղյանին առաջարկվել է սահմնաված ժամկետում ներկայացնել ըստ նրա անհրաժեշտ այն բոլոր հիմնավորումները, որոնք հնարավորություն կտան քննարկել վիճարկվող որոշումը և կայացնել օբյեկտիվ, պատճառաբանված որոշում:
«Մինչդեռ ակնհայտ է, որ եթե Էմիլ Բուդաղյանի բողոքը պատճառաբանված չլիներ, ապա դա հիմք կհանդիսանար ոչ թե նրան նմանօրինակ գրություն հղելու և պատաճառաբանություններ ներկայացնելու համար ինչ-որ անորոշ ժամկետ սահմանելու, այլ բողոքն, ըստ էության մերժելու համար»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ Էմիլ Բուդաղյանը գտնում է, որ դա չէր կարող բողոքը չքննելու հիմք դառնար:
Հայկ Ալումյանի խոսքով՝ Էմիլ Բուդաղյանը խնդրում է վերացնել քրեական հետանդում չիրականացնելու մասին որոշումը:
Փաստաբանն աաց, որ անձը չի կարող հանցագործության մեջ մեղավոր ճանաչվել քննիչի որոշմամբ. «Եթե նրա իրավահաջորդները չառարկեին, այդ որոշումը կարող էր այդպես էլ ուժի մեջ մնալ, բայց եթե այդ անձի իրավահաջորդներն առարկում են, գործը պիտի գնա դատարան: Անձի մեղավորության վերաբերյալ հետևությունները կարող է անել միայն դատարանը: Ուրիշ ընթացակարգ ո՛չ Հայաստանում, ո՛չ միջազգային պրակտիկայում, ո՛չ Եվրախորհրդի անդամ երկրներում, ոչ էլ Եվրոպական դատարանի պրակտիկայում ուրիշ մոտեցում գոյություն չունի: Անձի մեղավորությունը հաստատվում է միայն դատական ակտով:
Անձի մեղավորությունը կարող է հաստատվել միայն արդար դատաքննության արդյունքում, ոչ թե քննիչի կողմից իր սեփական ձեռքով հավաքված նյութերի հետազոտման և գնահատման արդյունքում: Անձը չի կարող այդպիսի ընթացակարգով պետության կողմից համարվել մեղավոր:
Քննիչն այդ որոշումը կայացրել է պետության կողմից: Պետությունը չի կարող այս անձին մեղավոր համարել, քանի դեռ չկա դատական ակտ և եթե ինքը մահացած է, հարազատները վիճարկում են իր մեղավորությունը: Եթե այդ անձը կենդանի լիներ, էլի չէր կարող քննիչի որոշմամբ համարվել մեղավոր, եթե ինքը առարկեր»:
Հայկ Ալումյանը դատարանում ասաց, որ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման հետ կապված երկու խնդիր կա. առաջինն, ըստ փաստաբանի, Ավետիք Բուդաղյանի իրավունքների վերականգնումն է. նրա հարազատները համաձայն չեն այն մտիք հետ, որ նա մեղավոր է և նրա իրավունքների վերականգնամն համար դատավարություն են պահանջում.
«Ընդ որում, սա այն դատավորությունը չէ, որը պահանջվում է: Սա մրցակցային դատավարություն չէ: Դուք ընդամենը ստուգում եք որոշման օրինականությունը, հիմնավորվածությունը:
Օրինակ՝ ես այստեղ չեմ կարող հակառակ վկաների հրավիրել: Այսինքն՝ այս դատավորությունում Դուք չեք կարող Ավետիք Բուդաղյանին մեղավոր ճանաչել կամ արդարացնել»:
Հայկ Ալումյանն ասաց նաև, որ քննիչը հաստատված է համարել, որ Ավետիք Բուդաղյանը սպանության փորձ է կատարել Սուրիկ Խաչատրյանի որդու, թիկնապահի և նրա այլ մերձավորների նկատմամբ: «Հենց հաջորդ օրը, հիմնվելով Ավետիք Բուդաղյանի գործողություններին տրված գնահատականների վրա, արդեն Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրեց:
Այսինքն՝ այդ տարամաբնությամբ (եթե, իհարկե, դա կարելի է տրամաբանություն համարել ու դրանով չվիրավորել մնացած տրամաբանող անձանց) ստացվում է այսպես՝ եթե Ավետիք Բուդաղյանն արդեն նախորդ օրվա որոշմամբ ճանաչվել է մեղավոր սպանության փորձի կատարման մեջ, ապա ստացվում է, որ բնականաբար ուրեմն այն երկուսն էլ, ովքեր սպանել են Ավետիք Բուդաղյանին, գործել են անհրաժեշտ պաշտպանության սահմաններում: Սա է տրամաբանությունը: Այսինքն՝ չլինեն Ավետիք Բուդաղյանի նկատմամբ այդ գնահատականները, Տիգրան խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի վերաբերյալ իրավական գնահատականները կկորցնեն իրենց հիմքը, կհայտնվեն օդի մեջ:
Այսինքն՝ ամեն ինչի հիմքը նա է, որ քննիչը արել է իր և իր վերադասների կարծիքով խորամանկ քայլ՝ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ կատարել է քրեքական հետապնդում չիրականացնելու մասին որոշում՝ Ավետիք Բուդաղյանին համարելով սպանության փորձ կատարծ անձ:
Այսինքն՝ Ավետիք Բուդաղյանի նկատմաբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վերացնել նախ ևա առաջ անհրա-եշտ է, որպեսզի նրա անմեղության կանխավարկածը չխախտվի, որպեսզի այդպիսի գնահատականները տրվեն դատական կարգով և երկրորդ՝ որպեսզի իրականությունից չբխող այն ամեն պատճաբանությունները, որոնց հիման վրա հետագայում իրական հանցագործներն ազատվել են պատասխանատվությունից ու պատժից, ստուգվեն դատական կարգով»,- ասաց Հայկ Ալումյանը:
Փաստաբանն ասաց, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան իր կողմից ներկայացված 6 բողոքներից 4-ի քննությունը միացվել է մեկ վարույթում. մեկ վարությում քննվող 4 բողոքները ներկայացվել են նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
«Դատարանը չի շտապում դրանք քննել, բայց մի բողոքը դատարանը շատ շտապ քննեց: Բողոքներից մեկը ներկայացված էր միայն այս տարվա մայիս ամսին, բայց, ի տարբերություն այն մնացած 5 բողոքների, այս նույն դատարնը, բայց մեկ այլ կազմով շատ շտապ այդ բողոքը քննեց և շատ շտապ մերժեց: Այդ բողոքը վերաբերում էր Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշմանը:
Այսինքն՝ ոչ մի տրամաբանություն կարծեք թե չկար: Ինչո՞ւ Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ բողոքը շատ ավելի հրատապ նշանակվեց, քննվեց, նախ չմիացվեց մնացած բողոքներին, առանձին քննվեց, և այդքան հրատապ, երբ 6-8 ամիս շուտ ներկայացված բողոքներ կային: Այդ հետո պարզվեց՝ ինչո՞ւ է իր վերաբերյալ բողոքն այդքան շտապ քննվում: Մենք այն ժամանակ չգիտեինք այդ մասին, որ իրեն պատրաստվում են նշանակել Սյունիքի մարզպետ, բայց ամիս ու կես առաջ արդեն հավանաբար դատարանի մեկ այլ դատավոր հրահանգավորված էր այդ բողոքին շուտ լուծում տալ, որպեսզի Սուրիկ Խաչատրյանն, այսպես ասենք, մաքրվի մինչև իր մարզպետ նշանակվելը: Ձեր դատարանը մեկ այլ դատավորի նախագահությամբ «մաքրեց» Սուրիկ Խաչատրյանին, հետո էլ շատ շտապ այդ որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը քննվեց վերաքննիչ դատարանում, մի հատ էլ վերաքննիչ դատարանը «մաքրեց» Սուրիկ Խաչատրյանին: Մենք չէինք հասկանում՝ ինչու է այդպես հրատապ այդ ամեն ինչը: Երեկ չէ, առաջին օրը նոր հասկացանք: Փաստորեն, այս դատարանի նկատմամբ գոյություն ունեն արդոյւնավետ գործող անօրինական լծակներ»,- ասաց Հայկ Ալումյանը:
Նա նշեց, որ քննիչը հաստատված է համարել, որ 2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում՝ Սդղի գյոլ կոչվող տարածքում ճաշկերույթից հետո Գորիս քաղաքի բնակիչներ Սուրիկ Խաչատրյանը, Զարզանդ Նիկողոսյանը, Ավետիք Բուդաղյանը և Արագած Ղևոնդյանը Խաչատրյանին պատկանող ավտոմեքնայով վերադարձել են Գորիս, ավտեմեքենայում անախորժ խոսակցություն է ծագել Ավետիք Վուդաղյանի և Զարզանդ Նիկողոսյանի միջև, որի ընթացքում Զարզանդ Նիկողոսյանն ապտակել է Ավետիք Բուդաղյանին, որից հետո Բուդաղյանի բնակության վայր չհասած որոշ հեռավորության վրա վերջինս իջել է ավտոմեքենայից՝ ընդհանուր բնույթի սպառանլիքներ տալով մեքենայում գտնվողների հասցեին: «Այս փաստական հանգամանքները հակասում են քրեական գործի տվյալներին»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ նկարագրությունը գլխիվայր շուռ տված է, տրամագծորեն հակասում է իրականությանը:
Փաստաբանը մեջբերեց նաև քննիչի որոշման մյուս հատվածը, որում վերջինս նկարագրվում է՝ ինչ է տեղի ունեցել.
«Վիրավորված իր նկատմամբ դրսևորված վերաբերմունքից և գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ Ավետիք Բուդաղյանը ժամը 22:30-ի սահմաններում իր անձնական օգտագործաման Mercedes Benz մակնիշի սև գույնի ավտոմեքենայով գնացել է Սուրիկ Խաչատրյանի՝ Դավիթ Բեկ հասցեում գտնվող առանձնատուն»:
Հայկ Ալումյանը նշվածը որակեց որպես բացարձակ սուտ՝ նշելով, որ Ա. Բուդաղյանը առանձնատուն չի գնացել, նրա վարած ավտոմեքենան գտնվել է Դավիթ Բեկ փողոցում. ըստ նրա՝ խնդիրն այս կերպ ներկայացնելը քննիչին նպատակահարմար է թվացել, որպեսզի ավելի խիտ գույներով ներկայացնի, թե ինչ «վտանգավոր» հարձակում է տեղի ունեցել Ավետիք Բուդաղյանի և նրա եղբոր կողմից, որպեսզի հետո էլ ավելի համոզիչ կերպով ներկայացնի, թե ինչ ծանր պայմաններում, կյանքի համար ինչ վտանգավոր իրավիճակում են պաշտպանվելով սպանել Ավ. Բուդաղյանին:
Հայկ Ալումյանն ապա շարունակեց ներկայացնել քննիչի նկարագրությունն ու դրան տալ իր գնահատականը: «Առանձնատան մոտ չհասած՝ կանգնեցրել է ավտոմեքենան: Բացելով ավտոմեքենայի առջևի ձախ դուռը՝ Ավետիք Բուդաղյանը հարցրել է, թե որտեղ է մարզպետը: Նրան են մոտեցել Զարզանդ Նիկողոսյանը ու Արագած Ղևոնդյանը, կասեցրել են Ավետիք Բուդաղյանի՝ մեքենայից իջնելը՝ հասկանալով, թե ինչ նպատակով է նա եկել այնտեղ և ասել, որ մարզպետը տանն է, քնած է, և առաջարկել են Ավետիք Բուդաղյանին տուն գնալ՝ առավոտյան հանդիպելու առաջարկով:
Տեսնելով Զարզանդ Նիկողոսյանին՝ Ավետիք Բուդաղյանն ավելի է վրդովվել: Նկատելով Ավետիք Բուդաղյանի վրդովմունքը՝ Զարզանդ Նիկողոսյանը մի քանի քայլ հետ է գնացել՝ կրքերն ավելորդ չբորբոքելու նպատակով: Բուդաղյանին են մոտեցել Լորետա Բարսեղյանը, Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, նիկոլայ Աբրահամյանը, Մարիետա Շալունցը և փորձել եմ համոզել Բուդաղյանին հեռանալ, հաջորդ օրը փորձել հանդիպել մարզպետին:
Բուդաղյանը, սակայն, շարունակել է պահանջել մարզպետին ու Զարզանդ Նիկողոսյանին՝ պնդելով, որ նրան պետք է պատասխան տան՝ պահանջներին զուգահեռ տալով հայհոյանքներ և հնչեցնելով սպառնալիքներ: Բացարձակ սուտ է, իրականությանը չի համապատասխանում:
Ավետիք Բուդաղյանի ավտոմեքենային մոտեցած Նիկոլայ Աբրահամյանը բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և նկատել է, որ Բուդաղյանի աջ ձեռքը դրված է ավտոմեքնայի փոխանցման տուփի մոտ գտնվող ատրճանակի վրա: Ավետիք Բուդաղյանի ագրեսիվ, պահանջատիրական կեցվածը և նրա մոտ եղած զենքը վախի մթնոլորտ են առաջացրել Լորետա Բարսեղյանի, Տիգրան Խաչատրյանի և մյուսների մոտ, որոնք Ա. Բուդաղյանի գնալուց հետո իրենց մտահոգություններն են հայտնել տանը եղած մյուս անձանց:
Սուտ է, այսպիսի մտահոգություններ ոչ ոք չի հայտնել, խոհանոցի խոսակցությունը ձայնագրված է: (Ընդ որում, այն աստիճան սուտ է, որ նույնիսկ Լորետա Բարսեղյանը Սուրիկ Խաչատրյանի հասցեին հեռակա կարգով ասում է՝ չէ՞ր ամաչում, գոնե իր հետ չէ, հոր հետ քավոր-սանիկներ են, չէր ամաչում, այսինքն՝ Սուրիկ Խաչատրյանի հասեցին հեռակա կարգով այսպիսի բան է ասում Լորետա Բարսեղյանը՝ իր սեփական խոհանոցում, որ չէ՞ր ամաչում՝ Ավոյի հետ նման բան արեց, թողենք իր հետ հարաբերությունները, բայց գոնե հոր հետ քավոր-սանիկություն ունի):
Հեռանալով Ս. Խաչատրյանի առանաձնատան մոտից՝ Ա. Բուդաղյանը գնացել է եղբոր՝ Արտակ Բուդաղյանի տուն և պատմել նրան, որ մարզպետն ու Զարզանդը Սդղի գյոլ վերադառնալիս իր նկատմամբ բռնություն են գործադրել: (Լավ է, գոնե այստեղ չի նկատել, այս բանը ճշմարիտ բան է գրել, որ Ավետիք Բուդաղյանն, իրոք, պատմել է, որ մարզպետն ու Զարզանդը բռնություն են գործադրել): Ապա դուրս գալով եղբոր տնից՝ նորից ավտոմեքենան վարել է Խաչատրյանի տան ուղղությամբ: Ժամը 23:04-ի սահմաններում հասնելով Դավիթ Բեկ փողոցի՝ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ, կանգնեցրել է ավտոմեքենան, ապա նրան մոտեցած Զարզանդ Նիկողոսյանին և մյուսների հարցրել է, թե՝ եղբայրս դեռ չի՞ եկել: Ստալանով ժխտողական պատասխան՝ հեգնական տոնով շարունակել է, թե հիմա Արտակը կգա, տեսեք՝ ինչ է լինելու: (Սուտ է, այսպիսի բան չի եղել):
Կարճ ժամանակ անց՝ ժամը 23:06-ի սահմաններում, Սուրիկ Խաչատրյանի առանձնատանն է մոտեցել Արտակ Բուդաղյանը՝ Վազ 2106 մակնիշի ավտոմքենայով: Իջնելով ավտոմեքնայից ՝ Արտակ Բուդաղյանը, նախօրոք իր հետ վերցված Բեկաս ավտո որսորդական հրացանը ձեռքին, սպանության սպառնալիքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին: (Սուտ է, սպանության սպառնալինքեր նա չի տվել, իսկ մինչև Արտակ Բուդաղյանի ավտոմեքենայից իջնելը, քննիչը կա´մ չի տեսել, կա´մ տեսելէ, լավ չի պատրեկարցրել՝ ինչ է տեսնում, կա´մ էլ դիտավորյալ խեղաթյուրել է, արդեն Սուրիկ Խաչատրյանի մերձավորները՝ 5 հոգի տղամարդիկ, Ավետիք Բուդաղյանին ավտոմեքենայի մեջ քաշքշում էին, հետո էլ Արտակին տեսան, նրանից երեքը եկան դեպի Արտակի մեքենան):
Ընկալելով, որ զինված հարձակում է սկսվում և մինչ այդ էլ եկած Ավետիք Բուդաղյանը, Նիկոլայ Աբրահամյանի պատմելով, ատրճանակ ունի մոտ, Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը շտապել են առանձնատան ուղղությամբ: Տիգրան Խաչատրյանը տան չհրկիզվող պահարանից, իսկ Զարզանդ Նիկողոսյանը՝ lexsus մակնիշի ավտոմեքենայից վերցրել են համապատասխանաբար Բայկալ MP16K մոդելի 5.6մմ տրամաչափի հրացանը և Բրաունինգ 9մմ տրամաչափի ատրաճանակը՝ զինված հարձակումից պաշտպանվելու համար: (Սուտ է, երբ Տիգրան Խաչատրյանը, այդ զենքը ձեռքին, գալիս էր, որպեսզի կրակեր, այդ ժամանակ Ավետիք Բուդաղյանը, Լորետա Բարսեղյանի հետ միասին Արտակ Բուդաղյանին հեռացրել էր այդտեղից, այդ վեճի կենտրոնից հեռացրել էր, նույնիսկ կադրից արդեն դուրս էր եկել: Այդտեղ արդեն դուք կտեսնեք, որ Արտակը լրիվ հեռացվել է այդտեղից, արդեն վեճն, ըստ էության, վերջացել էր):
Վերադառնալով իրադարձությունների կիզակետ (արդեն իրադարձութունները չկային, կիզակետ էլ չկար)՝ Տիգրան Խաչատրյանը լսել է, թե ինչպես է Արտակ Բուդաղյանը շարունակում բոլորին ուղղված սպանության սպառնալիքները և ավելին՝ դիմում եղբորը՝ առաջարկելով զենք գործադրել:
Եվ երբ Արտակ Բուդաղյանը զենքը ձեռքին փորձ է արել առաջ գալ, Տիգրան Խաչատրյանը Բայկալ MP161K ատրճանամկից որսորդական հրացանից կրակոց է արձակել Արտակ Բուդաղյանի ուղղությամբ:
Ավետիք Բուդաղյանը, լսելով եղբոր ուղղութամբ արձակված կրակոցը՝ իր ձեռքում ունեցած ատրճանակը պարզել է Տիգրան Խաչատրյանի ուղղությամբ՝ և սպառնալով, որ սպանելու է նրան, վազել է նրա հետևից: (Սուտ է: Դուք կադրերը կտեսնեք, թե Ավետիք Բուդաղյանը երբ է սկսում վազել զենքը ձեռքին՝ երբ արդեն Տիգրան Խաչատրյանը 3 կրակոց արձակել էր իրենց ուղղությամբ: Ընդ որում, երեք կրակոցներից մեկը Արտակ Բուդաղյանին էր դիպել, իսկ մնացած երկուսից առնվազն մեկը կպել էր Ավետիք Բուդաղյանին: Ոչ մի հարձակում Ավետիք Բուդաղյանի կողմից չի նկարագրվում, չէ՞ մինչ այդ)»:
Փաստաբանը ներկայացրեց մի քանի դրվագներ ևս: Իսկ բողոքը նա կշարունակի ներկայացնել հաջորդ դատական նիստի ընթացքում: