Վարկային համաձայնագրերը հաստատվեցին
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր» վարկային համաձայնագրին: Տրամադրվելիք 49 մլն ԱՄՆ դոլարին համարժեք հատուկ փոխառության իրավունքի կիրառմամբ կբարելավվեն ոլորտային կառավարման համակարգերը և կարգավորման շրջանակները, կուժեղացվեն մշտադիտարկման համակարգերը և այլն: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալը՝ 5 տարի:
Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» համաձայնագրին, որով Հայաստանին կտրամադրվի 75 մլն ԱՄՆ դոլարի վարկ:
Գործադրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների ծրագրի երկրորդ փուլ-3 ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածք» ծրագրի իրականացման 25.5 մլն եվրո արժողությամբ ֆինանսական պայմանագիրը: Առավելագույնը 10 չափաբաժնով տրամադրվելիք վարկի գումարն ուղղվելու է «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների սպասարկման տարածքում գտնվող բնակավայրերի և ջրահեռացման համակարգերի վերականգնմանը:
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար» 40 մլն ԱՄՆ դոլար գումարով վարկային համաձայնագրին, ըստ որի ծրագրվում է նորերով փոխարինել «Հաղթանակ» 220 կՎ, «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանների 30 և ավելի տարի շահագործվող ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումները: Ծրագիրն իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ կողմից:
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի որոշ համայնքներում գտնվող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ ճանաչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ և հիմնավորել այդ որոշումը: Օտարվող սեփականության դիմաց փոխհատուցումն իրականացվելու է բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով տրվելու է 50 մլն ԱՄՆ դոլարի վարկ, նույնպես արժանացել է կառավարության հավանությանը: Ծրագրի նպատակը արտահանման խրախուսման, ներդրումների ներգրավման և որակի կառավարման ծառայությունների մատուցման բնագավառում ՀՀ կառավարության կարողության հզորացումն է:
Նիստում հավանություն է տրվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 3-րդ տրանշի՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների վերակառուցման մանրամասն նախագծերի հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությանը, որի համաձայն նախագծային փաստաթղթերը համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը և միջազգային չափորոշիչների պահանջներին:
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ օժանդակության համաձայնագրի 6-րդ փոփոխություն» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ծրագիրն սկսվել է 2010 թվականին, այնուհետև ստորագրվել է 5 փոփոխություն: Ընդհանուր առմամբ հատկացվել է մոտ 29 մլն ԱՄՆ դոլար: 6-րդ փոփոխության արժեքը 1.9 մլն ԱՄՆ դոլար է: