Բաժիններ՝

Վնասս գաղտնի թող մնա

Նոյեմբերի 24-ին հայկական դրամն արժեզրկման նոր ռեկորդ սահմանեց՝ բորսայում դոլարի միջին փոխարժեքը հասավ 435 դրամի: 1 օրվա մեջ դրամն արժեզրկվեց 4.07 %-ով:

Որքան էլ տարօրինակ լինի, փորձագետներն ու ԶԼՄ-ները սկսեցին քննարկել ոչ այնքան դրամի արժեզրկման փաստը, այլև դրան հաջորդած ԿԲ հայտարարությունը: Պատճառն այն էր, որ անորոշությունը փարատելու ու շուկան լարվածությունից դուրս բերելու նպատակ ունեցող այդ հայտարարությունն ավելի շատ հարցեր էր պարունակում, քան պատասխաններ:

«ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով, և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին: Կենտրոնական բանկը՝ խորհրդակցելով ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների հետ, գնահատում է, որ այս պահին շուկայում ձևավորված փոխարժեքը լիարժեք արտացոլում է այդ զարգացումները և գտնվում է կայունացման տիրույթում: ՀՀ կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը»,- ասվում էր ԿԲ հայտարարության մեջ:

Նախ` նշենք, որ ԿԲ-ն կարծես թե ճիշտ է՝ փոխարժեքը գտնվում է կայունացման տիրույթում: Ավելին, հայկական դրամը բորսայում երեկ արժևորվել է 1 դրամով՝ ամերիկյան դոլարի նկատմամբ:

Սակայն այս կարճ հայտարարության մեջ շատ այլ բաներ էլ են թաքնված:
Կենտրոնական բանկը նախկինում միշտ հայտարարել է, որ Հայաստանում փոխարժեքն ազատ լողացող է՝ ձևավորվում է շուկայում, իսկ ԿԲ-ն պատրաստ է միջամտելու՝ կտրուկ տատանումները կանխելու համար: Սակայն վերջին հայտարարության մեջ, ինչպես տեսնում եք, «կտրուկ տատանումների» մասին խոսք չկա: Կենտրոնական բանկը խոսում է «արհեստական տատանումների» մասին: Եթե ճիշտ ենք կարդում տողատակը, ապա այսուհետ պետք է նորմալ համարենք, եթե դրամը մեկ օրվա մեջ արժեզրկվի կամ արժևորվի 4-5%-ով: Կարևորը՝ այդ տատանումն արհեստական պատճառներ չունենա: Այսինքն, ԿԲ-ն պատրաստվում է ավելի մեծ ազատություն տալ փոխարժեքի լողին:

Սակայն հայտարարության մեջ ամենամեծ դժգոհությունն առաջացրեց այն, որ Կենտրոնական բանկը խոսել էր դրամի արժեզրկման միայն ու միայն դրական հետևանքների մասին: Ընդ որում, այդ դրական հետևանքներից մի քանիսը խիստ ընտրանքային են: Օրինակ՝ տրանսֆերտների գնողունակության աճը ձեռնտու է միայն այն մարդկանց, ովքեր տրանսֆերտ են ստանում: Իսկ այդ մարդկանց թիվը բնակչության մեկ երրորդից ավելին չէ:

Իսկ բացասական հետևանքների մասին խոսք չկա, մինչդեռ դրանք շոշափելի են լինելու:

Նախևառաջ, խոսքը գնում է գնաճի մասին: Հայաստանը մեծապես կախված է ներմուծումից: Ներմուծման տարեկան ծավալը 4,3-4,4 միլիարդ դոլար է` ՀՆԱ-ի ավելի քան 40%-ը: Դրամի արժեզրկումը նշանակում է, որ ներմուծված ապրանքները նույն չափով՝ 4-4,5%-ով կթանկանան: Սա էլ իր հերթին` նշանակում է` ընդհանուր սպառողական գների աճ՝ լրացուցիչ 1,5-2%-ի չափով: Սա ազդում է անխտիր բոլորի վրա:

Սա նշանակում է, որ տրանսֆերտ ստացողների գնողունակությունը չի աճի. նրանք պարզապես չեն զգա ներմուծվող ապրանքների թանկացումը: Իսկ մնացած 70% բնակչության գնողունակությունը կնվազի:
Սակայն կան նաև մարդիկ, ովքեր տուժելու են մեկ այլ առումով ևս: Խոսքը դոլարային վարկեր ունեցող քաղաքացիների ու կազմակերպությունների մասին է: Նրանք քիչ չեն, ու նրանց պարտքային բեռը մեծանում է, քանի որ ունենալով դրամային եկամուտներ՝ նրանք այսուհետ ավելի շատ հայկական դրամ պետք է ուղղեն արտարժութային վարկի սպասարկմանն ու մարմանը:

Նշենք, որ այսօր արտարժութային վարկերն ավելի մեծ տեսակարար կշիռ ունեն, քան դրամային վարկերը: Այսպես, ՀՀ ԿԲ տվյալներով՝ 2014թ. սեպտեմբերի վերջի դրությամբ առևտրային բանկերի կողմից ՀՀ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը կազմել է 1 տրիլիոն 873,1 միլիարդ դրամ, որից 1 տրիլիոն 167,3 միլիարդը (62.3 տոկոսը) արտարժութային վարկեր են: Ընդ որում, առևտրային բանկերը վերջին 5 տարիների ընթացքում (2009 թվականի մարտին դրամի կտրուկ արժեզրկումից հետո) հետևողականորեն մեծացրել են արտարժութային վարկային պորտֆելը՝ փոխարժեքի ռիսկը թողնելով վարկառուների վրա:

Դժվար չէ ենթադրել, որ դրամի շեշտակի արժեզրկումը լրացուցիչ խթան է հանդիսանալու, որպեսզի հայաստանյան բանկերը շարունակեն նախապատվությունը տալ արտարժույթով վարկավորմանը:

Եվ վերջապես, պարտքերի մասին խոսելիս` չպետք է մոռանալ նաև Հայաստանի արտաքին պարտքի մասին: Նույն տրամաբանությունը գործում է նաև այստեղ: Հայաստանի արտաքին պարտքը, բնականաբար, արտարժույթով է և արտարժույթով էլ սպասարկվում է: Իսկ դրամի արժեզրկումը նշանակում է, որ արտաքին պարտքի սպասարկման բեռը ծանրանում է. ավելի մեծ քանակի դրամ է ուղղվելու արտաքին պարտքին:

2015 թվականի ընթացքում ՀՀ կառավարությունն արտաքին պարտքի սպասարկման գծով պետք է վճարի շուրջ 94 միլիոն դոլար: ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծով այդ գումարը նշված է դրամով՝ 38.7 միլիարդ դրամ: Հիմքում դրված է նոյեմբերի 1-ի փոխարժեքը՝ 1 դոլարը՝ 411.26 դրամ: Դոլարն այսօր արժե 434 դրամ: Հետևաբար, 94 միլիոն դոլար արտաքին պարտքի սպասարկմանն անհրաժեշտ կլինի ուղղել ոչ թե 38.7 միլիարդ դրամ, այլ շուրջ 40.8 միլիարդ դրամ: Այսինքն, արտաքին պարտքի սպասարկման բեռը ծանրանում է 2.1 միլիարդ դրամով (եթե դրամը չշարունակի արժեզրկվել):

Սակայն այստեղ բավականին հետաքրքիր մի նրբություն կա: Այդ 2.1 միլիարդ դրամը վճարելու է ոչ թե կառավարությունը, այլ Կենտրոնական բանկը: Բանն այն է, որ բյուջեի հաշվարկների հիմքում դրվում է այն փոխարժեքը, որն առկա է բյուջեն ԱԺ-ին ներկայացնելու ամսվա առաջին օրը: Տվյալ դեպքում, հաջորդ տարվա բյուջեի համար 1 դոլարը սահմանված է 411 դրամ: Սա նշանակում է, որ ամբողջ 2015 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը պարտավոր է կառավարության հետ հաշվարկներում հիմք ընդունել հենց 411 դրամ փոխարժեքը: Դրամը կէժանանա կամ կթանկանա՝ ռիսկերը կրում է Կենտրոնական բանկը: Այս մասին նախօրեին ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Սա, անկեղծ ասած, պատժի նման է հնչում՝ չես կարողացել փոխարժեքի կայունությունն ապահովել, ուրեմն վնասը դու էլ կկրես: Ընդ որում, ըստ Պ.Սաֆարյանի, դա օրենսդրության պահանջ է: Թեպետ նշենք, որ մի շարք փորձագետներ համաձայն չեն այս մոտեցման հետ և գտնում են, որ փոխարժեքի ռիսկը ԿԲ-ի վրա թողնելը ոչ միայն ճիշտ չէ, այլև հակասում է օրենքին (այս մասին առավել մանրամասն կխոսենք առաջիկայում):

Միակ ուրախալի բանն այստեղ այն է, որ ԿԲ-ն կարծես ամենևին էլ չի նեղվել, որ վնաս է կրելու, և իր հայտարարության մեջ այդ մասին չի էլ ակնարկում՝ խոսելով երկրի ընդհանուր շահերի մասին: Հետո էլ ասում են՝ անձնազոհությունը բանկային ոլորտին բնութագրական չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս