Բաժիններ՝

«Ո՞վ եմ ես այս աշխարհում»

«Խոշորագույն կոլեկցիոներ Գալուստ Գյուլբենկյանը 4 տարեկանից էր կոլեկցիոներ. հայրը դրամ էր տալիս՝ Ստամբուլի շուկայից ինչ-որ բան գնելու համար, իսկ նա հին հայկական դրամներ էր գնում: Մարիետա Շահինյանի հավաքածուում հիմնականում նամակներ էին, օրինակ՝ Բլոկի, Գումիլյովի, Ռախմանինովիգ, հեղինակների մակագրությամբ գրքեր: Նա կոլեկցիոներ չէր, ուղղակի ինքը դարձել էր որոշ ինտելեկտուալ շերտերի կյանքի կենտրոններից մեկը: Գրիգոր Զամբախչյանը՝ ռումինահայ հայտնի բժիշկ, ուներ իմպրեսիոնիստների կտավների հավաքածու: Ես 20 տարեկանում եմ սկսել հավաքել:

Ուսանող էի Լենինգրադում, փող չունեի, պրովինցիալգ Թեև Լենինգրադում իմ պրովինցիալիզմը չէի զգում: Հավաքում էի ինձ շրջապատող նկարիչների գործերը: Այդ ժամանակ Լենինգրադի պոլիտեխնիկ ինստիտուտում էի սովորում: 1965-ից սկսած, առաջին կուրսից, ամեն օր գնում էր Էրմիտաժ. այնտեղ դասախոսություններ էին կարդում: 1967թ. ձեռք բերեցի 3-4 նկար. անդրեգրաունդում գտնվող նկարիչների գործեր էին»: Մշակութաբան, կոլեկցիոներ Ռուբեն Անգալադյանն այսպես ներկայացրեց արվեստի գործերի կոլեկցիա հավաքելու նախապատմությունը: Զրույցի առիթը հոկտեմբերի 8-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացված նրա նկարազարդ ափսեների ցուցահանդեսն էր (այն գործելու է մինչև դեկտեմբերի 21-ը):

– Ասացիք, որ 20 տարեկանում եք սկսել հավաքածու կազմել, երբ աղքատ ուսանող էիք, բայց հավաքածու ունենալ իրենց կարող են թույլ տալ հարուստ մարդիկ, որոնք հաճախ արվեստի գործեր ձեռք բերելը համարում են պարզապես հաջող ներդրում:

– Այդ միտումը կա, որ արվեստն ինվեստիցիոն խնդիր է լուծում: Ասեմ, որ արվեստն աշխարհում լուծում է նաև ինֆլյացիոն խնդիրներ. երբ ինֆլյացիան սկսում է ուտել տնտեսությունը, խոշոր պետությունները, որոնք խոշոր աճուրդներ ունեն, դիմում են աճուրդներին, որ արվեստի գործերի գները բարձրացնեն, որովհետև արվեստի գինը պայմանական է, այսօր կարող է արժենալ 10 դրամ, վաղը՝ տասը միլիոն:

Կարդացեք նաև

– Ինչպես ժամանակին ամերիկահայ մեծահարուստ Հարություն Հազարյանն ընդամենը 5 դոլարով գնեց Արշիլ Գորկու՝ աճուրդի հանված 2 կտավ:

– Այո, 5 դոլարով, քանի ավելին ոչ ոք չի առաջարկել: Ինչ վերաբերում է ափսեների իմ հավաքածուինգ Այն հիմք է դառնալու, որպեսզի այս ձևը, որ երբեք մեր մշակույթում չի կարևորվել, զարգանա: Հավաքածուն յուրօրինակ կապ է սերունդների, Հայաստանի և Սփյուռքի միջև: Կան նկարիչներ, որոնք 80-90 տարեկան են, կան 40-50 տարեկաններ և կան 20 տարեկաններ:

– Ափսեները Դո՞ւք եք տրամադրում: Եթե` այո, ի՞նչ սկզբունքով եք ընտրում՝ ո՞ւմ՝ ինչպիսի՞ ափսե…

– Կան նկարիչներ (Կամո Նիգարյանը, Գրիգոր Խաչատրյանը, Լևոն Այվազյանը), որոնք ափսեներն իրենք են ընտրում: Կան նկարիչներ, որոնք ինձնից ստանում են ափսեները: Ինձ հետաքրքիր է, թե տվյալ նկարիչն ինչպես և ինչ է նկարելու ափսեի մեջ: Եզակի կոլեկցիոներներ են կարող նկարչին ներգրավել արվեստի խնդիրների մեջ, հետաքրքրություն առաջացնել: Ես ասում եմ՝ արի միասին մտածենք: Նկարիչները գիտեն, որ իրենց դիմում եմ սիրով, հասկանում եմ գործից: 11 տարի է՝ հավաքում եմ այս ափսեները և 3-րդ ցուցահանդեսն եմ անում: Այսինքն՝ նկարիչները ներկայանում են ցուցահանդեսներում, իրենց մասին խոսում են:

– Ափսեները Ձեր հավաքածուի մի մասն են: Իսկ ի՞նչ կա ամբողջական հավաքածուում:

– Կա ռուսական, եվրոպական, հայկական գրաֆիկա: Սիրում եմ ամեն տիպի գրաֆիկա: Եթե տվյալ գործն ինձ դուր է գալիս, ինքս եմ արժեքավորում: Իմ հավաքածուում լինելն արդեն արժեք է, որովհետև ես նպատակասլաց, համակարգված հավաքածու եմ ստեղծում: Իմ սենյակում կան իտալացի, ռուս, իսպանացի, էստոնացի, գերմանացի, պորտուգալացի նկարիչների հեղինակային ափսեներ: Նկարիչների մոտ 80 տոկոսը կրկնում են իրենց գեղանկարչական մոտիվներն ափսեներում՝ չընդունելով ափսեն՝ որպես կերամիկայի, կարևոր արվեստի մաս: Մարդիկ կան, որ չգիտեն, որ Բոտիչելլին, Ռաֆայելը, Պիկասոն, Մատիսը, մինչև անգամ Դալին են ափսեների մեջ նկարել: Ի՞նչն է հետաքրքիր, որ նկարիչները, չիմանալով, ունեն շատ ուժեղ երևակայություն:

– Ցուցադրված ափսեներից շատերն իրո՛ք հետաքրքիր էին: Դրանց մեջ էր նաև Արա Շիրազի ափսեն, որի բովանդակությունն էլ ցուցադրության խորագիր էր դարձել՝ «Նամակներ ափսեի մեջ»:

– Դա գլուխգործոց է: Երբ Արա Շիրազին առաջարկեցի նկարել ափսեն, հեգնանքով մոտեցավ. «Է՜, ափսեն վերցնեմ, ի՞նչ անեմ»… Կարծեցի՝ ոչինչ էլ չի անի: Անցավ մոտ մեկ տարի: Ու մի օր Էդիկ Խարազյանն ասաց. «Շիրազն ափսեն բերել է, տես հավանո՞ւմ ես»: Նամակ էր՝ ծրարում, ճաղերի ետևում, վրան գրված՝ «Ռուբենին՝ Արա Շիրազից»: Ափսեն ընկալեցի ՝ որպես բանտում գտնվող սիրտ, բանտում գտնվող երկինք: Փշաքաղվեցի:

– Ընդունո՞ւմ եք, որ արվեստը սուբյեկտիվ ընկալման ոլորտ է:

– Չէ՛: Մաթեմատիկոսի համար թվերը պայմանական թվեր չեն, կոնկրետ են, նույնը՝ արվեստում: Արվեստ սիրելը պայմանական է, կարող ես ինքդ քեզ ասել. «Լավ չեմ հասկանում», բայց իսկական արվեստը կոնկրետ է, ոչ պայմանական:

– Այդ դեպքում ինչո՞ւ նույն գործի մասին արվեստաբանները կարող են իրարամերժ կարծիք ունենալ: Ամենատարածված օրինակը Մալևիչի «Սև քառակուսին» է: Մեկի համար գլուխգործոց է, մյուսի համար՝ աչքակապություն:

– Մալևիչը մեծ նկարիչ է՝ առանց նկար: Ինչո՞ւ եմ այսպես ասում: Խոշոր անհատներն ինչո՞վ են խոշոր, որ կարողանում են լուծել իրենց ժամանակի մեծագույն խնդիրները: «Ո՞վ եմ ես այս աշխարհում». այս հարցն է տալիս մեծ արվեստը և մեծ արվեստագետը:

– Հա՞րց է բարձրացնում, թե՞ տալիս է հարցի պատասխանը:

– Հա՛րց է բարձրացնում: Որքան խոշոր է արվեստագետը, հարցն ավելի է մեծանում: Արվեստը չի պատասխանում: Արվեստը հարց է բարձրացնում: Ո՞վ է Մալևիչը… Նա լուծում է իր ժամանակի խնդիրը: Նա մեծ նկարիչ է, սակայն չնչին խնդիր է լուծել, որովհետև այդ ժամանակ ակտուալ էր չնչին խնդիրը՝ ֆորմայի ջախջախման խնդիրը:

Որպես ֆորման ջախջախող՝ նա մտավ պատմության մեջ: Ի՞նչ է հանճարըգ Մեզ թվում է, Լեոնարդոյի բոլոր գործերը մի շրջանո՞ւմ են նկարվել: Կամ Ռեմբրանդտըգ Վաղ շրջանի Ռեմբրանդտը հիպերռեալիզմին է մոտ, ուշ շրջանինը՝ Տիցիանին: Յան Վերմեերը նկարել է 36 նկար ու մնացել է համաշխարհային պատմության մեջ՝ որպես հանճարեղ նկարիչ: 24 գործը հրաշալի են, մյուսները հարցականի տակ են… Երբ ասում ենք՝ հանճար է, մեզ թվում է՝ բոլոր գործերը պետք է հանճարեղ լինեն: Բայց մարդ է. կան ժամանակներ և գործեր, որոնք ցույց են տալիս, որ այդ շրջանում որոնումները սխալ ճանապարհով են եղել:

Եվ այստեղ է կոլեկցիոների վերաբերմունքը կարևոր նկարչի հանդեպ: Կոլեկցիոներին հետաքրքիր է՝ նկարիչը կյանքի, ստեղծագործելու այս կամ այն փուլում ինչպիսի՞ն է եղել և ինչո՞ւ է եղել հենց այդպիսին:

Կոլեկցիոները նաև ուսումնասիրող է: Հայկական իրականության մեջ հարգանքի է արժանի ոչ թե պրոֆեսիոնալը, մտածողը, այլ մեծահարուստը: Մեծահարուստն ամեն ինչ գիտի, մեծահարուստը լուծում է բոլոր հարցերը՝ ներքաղաքական, միջազգային, տնտեսական… Սա մեծագույն դժբախտություն է: Մեզ մոտ փողն ու միտքը այդպես էլ չեն հանդիպում…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս