«Ռուսաստանը կհրահրի պատերազմ Լեռնային Ղարաբաղում, երբ…»

Նոյեմբերի 12-ի ղարաբաղա-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպը պատերազմի վերսկսման պատճառ չի դառնա, կարծում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Էկոնոմիկայի ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Կարավաևը:

«Արդեն քանի օր է անցել այդ դեպքից, և որևէ շարունակություն այն չի ունեցել: Ես կարծում եմ, որ նույնիսկ չարժի հարցը վերլուծել այդ տեսանկյունից: Չնայած միջադեպի տեղեկատվական հնչեղությանը` այս միջադեպը երկու կողմերի ռազմական դիրքավորման տեսանկյունից որևէ դեր չի խաղում»,- «168 Ժամին» ասաց Կարավաևը՝ խոսելով ադրբեջանական ուժերի կողմից հայկական ՄԻ-24 ուղղաթիռը խոցելուց հետո ստեղծված քաղաքական իրավիճակի մասին:

Alexandr Karavaev

Հայտնի է, որ հայկական ուղղաթիռը խոցվել է ռուսական «Իգլա» զենիթահրթիռային զինատեսակից: Սրանից ելնելով` հայաստանյան մի շարք գործիչներ, ովքեր դժգոհ են Ռուսաստանի վարած քաղաքականությունից և ռուս-ադրբեջանական սերտ հարաբերություններից, միջադեպից հետո հրապարակ նետեցին այն թեզը, որ հակամարտության էսկալացիան ձեռնտու է առաջին հերթին` Ռուսաստանին, որովհետև նախ` Ռուսաստանը զենք է մատակարարում հակամարտության երկու կողմերին էլ, երկրորդը՝ Ռուսաստանը ձգտում է խափանել Ադրբեջանից դեպի Արևմուտք իրականացվող էներգետիկ ծրագրերը:

Ի դեպ, Ալեքսանդր Կարավաևը վերջերս հարցազրույցներից մեկում ասել էր, որ Ադրբեջանը Ռուսաստանի համար սպառազինությունների խոշոր շուկա է ԱՊՀ տարածքում, և նա ոչ մի դեպքում չի ցանկանում կորցնել այդ շուկան:

Սակայն, մեկնաբանելով վերոնշյալ վարկածը, թե Ռուսաստանը փորձում է ապակայունացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ռուս քաղաքագետն ասաց` «դա հիմարություն է»:

«Ես նույնիսկ լսել եմ այնպիսի վարկած, թե սա ձեռնտու է Ռուսաստանին այն պատճառով, որ շեղում է աշխարհի ուշադրությունը Դոնբասի խնդրից: Մեծ հաշվով` դա հիմարություն է: Եկեք պատկերացնենք, որ այդ միջոցը (շարժական զենիթահրթիռային համալիր, ռուսերեն` ПЗРК), որով խոցել են ուղղաթիռը, այլ երկրի արտադրության է եղել, օրինակ` Իսրայելի կամ ԱՄՆ-ի, դրանից ի՞նչ կփոխվի, պետք է խոսեինք, թե դա ձեռնտու է այն երկրին, որը զե՞նք է վաճառել Ադրբեջանին»,- ասաց մեր զրուցակիցը:

Միաժամանակ նա ավելացրեց. «Սկզբունքորեն Ադրբեջանը ձեռնտու է Ռուսաստանին` որպես սպառազինության նշանավոր շուկա, բայց Մոսկվան Հայաստանը և Ադրբեջանը դիտարկում է երկրներ, որոնց վրա ունի հավասար ազդեցություն: Եվ Մոսկվայի համար դա հակամարտություն է յուրայինների միջև: Սա է խնդիրը, և երբեմն սա չեն հասկանում Երևանում. ասում են` ինչպե՞ս թե, չէ՞ որ մենք ձեր ռազմավարական գործընկերն ենք, ՀԱՊԿ-ի անդամ, իսկ Ադրբեջանը` ոչ: Ամենևին այդպես չէ: Ստացվում է, որ Մոսկվայի համար յուրաքանչյուր երկիր կարևոր է, առավել ևս՝ ներկայիս իրավիճակում, երբ իրական դաշնակիցներն այդքան էլ շատ չեն: Եվ այդ առումով Կրեմլը Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրը համարում է հակամարտություն Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցների միջև: Ցավոք սրտի, այդ հակամարտությունը պատճառ է նրանց սուր դիմակայության: Բայց Ռուսաստանը սպառազինության շուկան ուրիշի չի տալու»:

Stepan Safaryan 01Թեմայի շուրջ զրուցեցինք նաև քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի հետ: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահը տեսականորեն համաձայն է, որ Ռուսաստանին ձեռնտու է իրավիճակի ապակայունացումը ղարաբաղյան հակամարտության գոտում, բայց, ըստ նրա` այդ քայլի համար Կրեմլին որոշակի նախապայմաններ են անհրաժեշտ:
Միաժամանակ մեր զրուցակիցը «շահագրգիռ» երկրների շարքում ավելացնում է նաև Թուրքիային. «Թուրքիան նույն ձևով չափազանց շահագրգռված է Մինսկի խմբի տապալման հարցում, որպեսզի նոր գործընթաց սկսվի, ձևավորվի նոր ձևաչափ, որտեղ ինքը կկարողանա մասնակցել, որովհետև բոլորն էլ շատ լավ գիտեն, որ կոնֆլիկտները տարածաշրջանի վրա ազդելու լավագույն խողովակներն են»:

– Պարոն Սաֆարյան, փաստորեն, այժմ Ռուսաստանը չի՞ գնա այդ քայլին: Նա ի՞նչ շահեր ունի այս հարցում:

– Ռուսաստանի համար այնքան շահեր կանգ առաջին հերթին` երկրորդ ճակատ բացելու խնդիրը: Ի վերջո, ուկրաինական ճգնաժամը միայն Ուկրաինայի համար պայքար չի եղել. Ուկրաինան եղել է կռիվ հետխորհրդային տարածքի համար, և պատահական չի, որ օրերս ամերիկյան պաշտոնյաներից մեկը հայտարարեց, որ Մոլդովան, Սերբիան և Վրաստանը ռուսական վտանգի տակ են գտնվում:
Ռուսաստանին ձեռնտու բաները, անշուշտ, շատ են` սկսած Կասպից ծովի խնդրից:

Ռուսաստանը հասավ նրան, որ աստրախանյան գագաթաժողովում Կասպից ծովը բաժանվեց ափամերձ պետությունների միջև, նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այնտեղ, բացի ափամերձ պետություններից, այլ պետությունների ռազմանավեր չեն կարող լինել, իսկ մեծ մասը` ծովի ոչ ափամերձ հատվածները, թողնվեց ընդհանուր օգտագործման: Ռուսաստանն իր խնդիրը լուծեց, բայց նա վախենում է այս մեծ ծրագրից, որը կարելի է անվանել հարավ-կովկասյան էներգետիկ միջանցք:

Ռուսաստանը դրանից ահաբեկվում է, որովհետև կարծում է, որ դա իրեն կկտրի Կովկասից, մանավանդ որ, արդեն գործում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, շուտով գործարկվելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, սկսվել է TANAP-ի (Անդրանատոլիական գազամուղ) և TAP-ի (Անդրադրիատիկ գազամուղ) շինարարությունը: Հետևաբար, նա հասկանում է, որ այս ամենը հետևանքներ է ունենալու Կովկասում, նա տեսնում է, որ այդ ծրագրերի արդյունքում արդեն մի պետություն կորցրել է` Վրաստանը:

– Այսինքն` Ռուսաստանը կուզենար խանգարել այս ծրագրերին, բայց ի՞նչ պայմաններում:

– Այն պայմաններում, երբ վստահ լինի, որ երրորդ կողմեր չեն ներգրավվելու` Թուրքիա և այլք, և ինքը կարողանալու է, այսպես ասած, «պապայություն» անել` գլխավորի դերը խաղալ` լինելով և՛ միջնորդ, և՛ հաշտեցնող, և՛ փրկող, և՛ պաշտպանող, ընդ որում՝ բոլորին…

– Ե՛վ ազատարար:

– Այո՛, ազատարար, լավ բառ օգտագործեցիք, այսինքն` 11-րդ Կարմիր բանակի ֆունկցիան կատարել: Եվ քանի որ Ադրբեջանը Եվրասիական միությանը միացնելու հարցը դեռ օրակարգում է, Ռուսաստանը, բնականաբար, շահագրգռված է դառնում այդ ամենին: Այո՛, այստեղ կարելի է հստակ խոսել ռուսական հետքի մասին, բայց նույնքան հստակ է նաև թուրքական հետքը: Թե իրականում ինչ է տեղի ունենում, շատ դժվար է ասել, որովհետև այս ամենն ուղղակի ցուցումներով չի, որ արվում է. ինչ-որ մեկը չի կանչում Ալիևին և ասում` սա՛ արա: Սա ինչ-որ պարամետրիկ կառավարման միջոցով է արվում, և Ադրբեջանը Թուրքիայի կամ Ռուսաստանի որոշակի քայլեր կարող է ընկալել` որպես թողտվության նշան: Ես կասկածում եմ, որ Ռուսաստանն Ադրբեջանին ասած լինի` ամառային արկածախնդրությունը սկսի, բայց միայն այն փաստը, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը հարձակողական զենքեր է վաճառում Ադրբեջանին, Բաքվում ընկալվեց` որպես թույլտվություն:

– Ռուսաստանը բիզնես շահեր է հետապնդում` զենք վաճառելով Ադրբեջանին: Ա՛յս գործոնն ի՞նչ դեր է խաղում:

– Ածանցյալ, ոչ առաջնային, բայց ոչ պակաս կարևոր: Իհարկե, որքան հակամարտության գոտիները շատ լինեն, այնքան ռազմական արդյունաբերություն ունեցող երկրները շահում են, որովհետև դա նրանց շուկան է: Եվ Ադրբեջանի համար Ռուսաստանի պայքարը եղել է ոչ միայն Եվրասիական միության մեջ նրան ներգրավելու համար, այլ, որպեսզի նա հիմնականում ռուսական զենք գնի:

– Ուրեմն՝ Ռուսաստանը չի ուզենա բաց թողնել այդ շուկան: Այդ դեպքում ինչո՞ւ չպետք է հրահրի էսկալացիա:

– Ես չեմ հերքում ձեր վարկածը, բայց նաև ասում եմ, որ դրանից ավելի կարևոր բան կա, որովհետև Վլադիմիր Պուտինն ավելի շատ քաղաքական մարդ է, քան բիզնեսմեն: Նկատի ունեմ այն, որ Ռուսաստանում դոմինանտ են և թելադրում են քաղաքական նպատակները, բայց որոնք ուղեկցվում են նաև ձեր ասած բիզնես նպատակներով, որովհետև դրանք ևս թույլ են տալիս այդպիսի խնդիրները լուծել: Առաջնայինը Պուտինի քաղաքական նկրտումներն են:

Տեսանյութեր

Լրահոս