85-ամյա կինը զարմացած է հանրապետության դատական համակարգի աշխատանքից
asparez.am-ը գրում է. Հողամասի անհասկանալի կերպով բաժանված կտորն իսկական գլխացավանք է դարձել Մելքոնյանների ընտանիքում: Դատական քաշքշուկները եղել են տարիներ շարունակ, իսկ դրական արդյունքի ընտանիքը մինչ այժմ չի հասել: Անգամ դատարանն է հօգուտ հայցվորների վճիռ կայացրել, սակայն ինչ-ինչ պատճառներով այն չի կատարել ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժինը:
Դատական այս քաշքշուկներից ամենազարմանալի ավարտով պատմությունը հրապարակավ ներկայացնելու նպատակով 85-ամյա Ժենյա Մելքոնյանը դիմել է խմբագրություն:
2008-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ժ.Մելքոնյանի եղբայրներ Վարուժան եւ Սամվել Մելքոնյանները հայց են ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման դեմ եւ խնդրել դատարանին պարտավորեցնել Գյումրու տարածքային ստորաբաժանմանը փոփոխելու Շահումյան 174 բնակելի տան հողամասի չափը` 494,88 քմ-ը դարձնել 513,3 քմ:
Այսպես, Վարուժան եւ Սամվել Մելքոնյանները Գյումրու Շահումյան փողոցի 174 տան համասեփականատերերն են: Իրենց տնատիրության հողատարածքը, ըստ 1988-ի անհատական բնակելի տան տեխնիկական անձնագրի տվյալների, 513,3 քմ է եղել, սակայն 2006-ի մարտին իրենց տրվել է սեփականության վկայական, որտեղ հողամասի չափը նշված է եղել 494.88 քմ: Ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման կողմից տրված պատասխանի, Վարուժան Մելքոնյանի լիազորված անձ Ժենյա Մելքոնյանը դիմել է Գյումրու տարածքային ստորաբաժանում` պետական գրանցման համար, եւ տվել է հայտարարություն, ըստ որի, համաձայն են եւ առարկություն չունեն, որ Շահումյանի թիվ 174 բնակելի տան հողամասի մակերեսը նախկինում գրանցված 513.3 քմ-ի փոխարեն գրանցվի 494.88 քմ: Ներկայացված հայտարարությունն էլ հիմք է դարձել 1998-ի հոկտեմբերին տրված բնակելի տան տեխնիկական անձնագրում հողամասի չափի փոփոխման համար: Ըստ դատարանի վճռի, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոփոխություն է առաջ բերել մի հայտարարություն, որը կեղծված է եղել: Ըստ Ժենյա Մելքոնյանի, նա նման հայտարարություն չի տվել եւ հայտարարել է, որ ստորագրությունը կեղծված է:
Դատարանի վճռով, եթե անգամ Ժ.Մելքոնյանը տվել է նման հայտարարություն, ապա դա հիմք չէր կարող հանդիսանալ պետական գրանցման իրականացման համար, քանի որ անհրաժեշտ էր հողամասի նկատամբ ընդհանուր բաժնային սեփականության երկու մասնակիցների համաձայնությունը` իրենց սեփականության իրավունքից հրաժարվելու վերաբերյալ: Հետեւապես, Ժ.Մելքոնյանը չէր կարող հանդես գալ իրենց անունից, քանի որ նա հանդիսացել էր միայն Վարուժան Մելքոնյանի լիազորված անձը: Իսկ պատասխանող` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանումը, դատարանում հայցադիմումին գրավոր պատասխան է ներկայացրել, որով հայտնել է, որ Գյումրու Շահումյան փողոցի թիվ 174 բնակելի տան 1988-ի հոկտեմբերին տրված տեխնիկական անձնագրում գույքի հողամասի եւ 2006-ի մարտին սեփականության իրավունքի վկայականում գրանցված մակերեսների տարբերության հիմնավորումը.
-1988-ին Լենինականի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի անհատական շինարարության վերաբերյալ դիմում-բողոքների կոմպլեքսային ուսումնասիրման տեխնիկական խորհրդի կողմից բնակելի տունը ուսումնասիրվել եւ արձանագրվել է հողի չափը 508.30 քմ: Նշված տանը սահմանակից բաղնիքային տնտեսությանը պատկանող պահեստային մասում եւ կառուցված լրացուցիչ տարածքում կոմունալ տնտեսության վարչության բնակֆոնդի հաշվին բնակարան է տրվել քաղաքացի Սարգսյանին: 1983-ի նշված բաղնիքային մասին կից շինությունը հաշվառման է վերցվել Գյումրու կադաստրի տարածքային ստորաբաժանման ինքնակամ զբաղեցրած հողամասերի եւ շինությունների հաշվառման մատյանում, որպես անօրինական կառույց, հետագայում այն օրինականացվել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 2007-ի դեկտեմբերի վճռի եւ Գյումրու քաղաքապետարանի 2005 թվականի նոյեմբերի որոշման հիման վրա: Վարուժան Մելքոնյանի լիազորված անձը` ժենյա Մելքոնյանը, դիմել է Գյումրու կադաստրի տարածքային ստորաբաժանում` պետական գրանցման համար եւ տվել է հայտարարություն, որ առարկություն չունենք «Շահումյան-174 բնակելի տունը նախկինում գրանցված 513.30 քմ-ի փոխարեն գրանցվի 494.88 քմ»: Պատասխանող կողմը դատարանին հայտնել է նաեւ, որ քաղաքացի Վարուժան եւ Սամվել Մելքոնյանների հայցադիմումի մեջ նշվել է, որ լիազորված անձ Ժենյա Մելքոնյանը չի ստորագրել հայտարարությունը` կապված Շահումյան փողոցի թիվ 174 տան հողամասի չափի փոփոխման մասին, ինչը հակասում է իրականությանը` գործում կա հայտարարությունը քաղաքացի ժենյա Մելքոնյանի ստորագրությամբ: Պատասխանող կողմը խնդրել է դատարանին քաղաքացի Վ. եւ Ս.Մելքոնյանների հայցն ընդդեմ կադաստրի մերժել անհիմն լինելու պատճառով:
Դատարանը, իրավական վերլուծություններ կատարելով, գտել է, որ Վ. եւ Ս.Մելքոնյանների հայցն հիմնավոր է եւ ենթակա է բավարարման եւ վճռել է` Վ. եւ Ս.Մելքոնյանների հայցն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանմանը բավարարել, հողամասի մասով կատարել փոփոխություն` համաձայն բնակելի տան տեխնիկական անձնագրի, ըստ որի Շահումյան փողոցի 174 տան հողատարածքը կազմում է 513.3 քմ:
Եւ այս ամենից հետո Մելքոնյանները սպասել են ԴԱՀԿ-ի Շիրակի մարզային բաժնի` դատարանի վճռի իրականացմանը: Սակայն, ինչպես պատմում է 85-ամյա Ժենյա Մելքոնյանը, մինչ օրս դատարանի վճիռը ԴԱՀԿ-ը չի կատարել:
Դատարանի վճռից 4-5 տարի անց այս պատմության մասին Ժ.Մելքոնյանը տեղյակ է պահում Մարդու իրավունքների պաշտպանին: Կարեն Անդրեասյանը, մինչ կնոջը պատասխանելը պարզաբանումներ է խնդրել ՀՀ արդարադատության նախարարությունից. նախարարությունն էլ, պատասխան ստանալով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունից, փոխանցել է ՄԻՊ-ին, որ «… ի կատարումն 26.11.2008-ի որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին որոշման, ՀՀ ԿԱ ԱԳԿ Շիրակի ստորաբաժանման կողմից կատարվել է Շահումյան-174 հասցեի բնակելի տան եւ հողամասի փաստացի չափագրություն, որի ընթացքում պարզվել է, որ նշված հասցեի բնակելի եւ հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է 494,88 քմ. Իսկ մնացած 18,42 քմ հողամասը դեռ 2004 թվականի դեկտեմբերի 8-ին կայացված Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով եւ Գյումրու քաղաքապետի 2005 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ հատկացվել է հարեւան Գայանե Սարգսյանին, որն էլ 2006 թվականի փետրվարի 24-ին գրանցել է իր սեփականության իրավունքը ՀՀ ԿԱ ԱԳԿ Շիրակի ստորաբաժանումում:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: