«Դպրոցում աղանդավորների երեխաները ոտքի են կանգնում, բայց հրաժարվում են երգել ՀՀ օրհներգը». ըստ ծնողների՝ այն փառաբանում է հայրենիքը
Երկու ուղղություններով աղանդավորական պայքար է ընթանում՝ Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասաժամերի և բանակում հոգևոր ծառայության դեմ: Այսօր տեղի ունեցած քննարկմանը մասնակցած Տեր Կորյուն քահանա Կարապետյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, 166 հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշքյանը, աստվածաբան Վարդան Խաչատրյանը փորձեցին պարզաբանել, թե ի՞նչ նպատակ է հետապնդում այս պայքարը:
Հայ եկեղեցու պատմության դասագիրքը, բացի հոգևոր կրթություն տալուց, նպաստում է նաև մեր ազգի նկարագրի ամբողջացմանը: Եթե պայքար կա դրա դեմ, նշանակում է պայքար կա ազգային նկարագրի դեմ:
Թե էլ ինչո՞վ է կարևոր առարկայի ուսուցումը դպրոցում ներկայացրեց թիվ 166 հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշքյանը. «Աշակերտները վկայում են այն փաստը, որ իրենք ավելի ընկերասեր ու հանդուրժող են դարձել: Իմ ղեկավարած դպրոցում սովորում են 1200-ից ավելի աշակերտներ և 800 ընտանիքից երեխաներ են գալիս: Ունենք նաև տարբեր աղանդների պատկանող ընտանիքներ, որոնց երեխաները Հայաստանի Հանրապետության օրհներգը չեն երգում. ոտքի են կանգնում, բայց չեն երգում: Նրանց ծնողները բողոքում են՝ թող ուսուցիչնեը չպարտադրեն, որովհետև օրհներգում փառաբանում ենք մեր հայրենիքը, իսկ իրենք ասում են՝ մենք փառաբանում են Եհովա աստծուն: Աշակերտներն իրենց ուժերով փորձում են հասկացնել այդ երեխաներին՝ առանց կռվի, ուղղակի ջերմորեն բացատրելով, որ պետք է»,- նշեց նա:
ՀՕՊ զորքերի հոգևոր հովիվ Տեր Կորյուն քահանա Կարապետյանը արձագանքելով այս խնդրին՝ նշեց, թե այդ նույն օրհներգը չերգող երեխաները մի քիչ էլ մեծանում և գնում են բանակ.
«Բանակում չի փոխվում իրենց սոցիալական կարգը: Ազգային տեսակետից մեր երկրում ո՞վ է, ի՞նչ է այն երեխան, որը դպրոցում չի արժևորում մեր հայրենիքը և չի երգում օրհներգը: Թող որևէ մի ազգի ներկայացուցիչ չվիրավորվի իմ խոսքերից, ես հարգում եմ բոլոր ազգերին, բայց որ Աստված մեզ տվել է երկիրը պահելու, պահպանելու, սիրելու, կայացնելու պատգամ, և մենք պարզապես պարտավոր ենք անել դա: Եկեղեցու ներկայությունը բանակում օգնում է հայ զիվորին ավելի հայրենասեր լինել, հոգեբանորեն սատար լինել իր ընկերներին: Բնակում աղանդավորականներն այքան են, որքան կան մեր երկրում և որոնց մի մասը գալիս է ծառայության: Բանակ եկած աղանդավորների առնվազն 80 տոկոսը վերադառնում է Հայ Առաքելական եկեղեցի»,- ասաց քահանան: