Նրանք պայքարում են ՄԻԵԴ դատավոր դառնալու համար
Երեկ հայտնի դարձան ՀՀ նախագահին ներկայացվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչված անձինք. նրանք են` ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության մասնակից Արայիկ Ղազարյանը և ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը:
Երեկ ՀՀ արդարադատության նախարարության կայքում հրապարակվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատակազմի նիստի արձանագրությունը: Համաձայն այդ արձանագրության` հարցազրույցի արդյունքում 1-3-րդ տեղերը զբաղեցրել են Արմեն Հարությունյանը, Արայիկ Ղազարյանը և Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը: Հանձնաժողովը, սակայն, որոշել է մրցույթում հաղթող ճանաչել նաև Նելիկ Հարությունյանին` դա պատճառաբանելով հետևյալ կերպ. «Հաշվի առնելով այն, որ 1-3 տեղերը զբաղեցնող թեկնածուներն արական սեռի ներկայացուցիչներ են, հիմնվելով սեռերի ներկայացվածության սկզբունքի վրա, հանձնաժողովն անհրաժեշտ է համարում երրորդ տեղը զբաղեցրած հավակնորդին փոխարինել առավելագույն միավորը հավաքած իգական սեռի ներկայացուցչով` Նելիկ Հարությունյանով»:
Նշենք, որ հանձնաժողովը որոշել է արձանագրել հարցազրույցի ամփոփման հետևյալ արդյունքները. Արմեն Հարությունյան` 95.67 միավոր, Արայիկ Ղազարյան` 84.05 միավոր, Վիգեն Քոչարյան` 81.27 միավոր, Վահե Գրիգորյան` 72.66 միավոր, Եղիշե Կիրակոսյան` 71.58 միավոր, Դավիթ Խաչատուրյան` 70.93 միավոր, Դավիթ Հակոբյան` 69.6 միավոր, Նելիկ Հարությունյան` 58.05 միավոր, Լիզա Գրիգորյան` 57.01 միավոր:
Հանձնաժողովը որոշել է նաև Արայիկ Մելքումյանին (Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր) և Նորա Կարապետյանին (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր) հանել հարցազրույցի մասնակիցների ցուցակից: Հանձնաժողովը նպատակահարմար է գտել հրավիրել այս երկու թեկնածուներին, քանի որ «նրանց գործի նյութերը բավարար եզրահանգման գալու համար բավարար չէին:
Արայիկ Մելքումյանը և Նորա Կարապետյանը, ներկայանալով հանձնաժողովի նիստին, պարզաբանումներ տրամադրելու վերաբերյալ հանձնաժողովի առաջարկին ի պատասխան` 15 րոպե ժամանակ խնդրեցին` գրավոր պարզաբանումներ ներկայացնելու համար: Հանձնաժողովի կողմից տրամադրված ժամանակից հետո նրանք ներկայացրին դիմումներ, որով խնդրեցին հարցազրույցի արդյունքներն իրենց մասով չամփոփել և գրանցման ցուցակից հանել»:
Հանձնաժողովը որոշել է նաև Հակոբ Ղարախանյանին և Արմեն Մելքումյանին համարել հարցազրույցին չմասնակցած: Ըստ դրա` Արմեն Մելքումյանը նախապես ինքնաբացարկ է ներկայացրել:
Ըստ արձանագրության` հանձնաժողովը որոշում է կայացրել նաև Արմեն Հարությունյանի գրանցումը պատշաճ համարելու մասին: Ըստ արձանագրության` փաստերով հաստատվում է, որ Ա. Հարությունյանի հայտը փոստային բաժանմունք է ներկայացվել 23.09.2014թ.` ոչ ուշ, քան 13:40-ը: «Հետևաբար` Ա. Հարությունյանն իրավական կանխատեսելիության սկզբունքի տեսանկյունից կատարել է անհրաժեշտ ողջամիտ գործողություններ` իր հայտը պատշաճ ժամկետում` մինչև 24.09.2014թ. ներկայացնելու համար: Բացի այդ` սեպտեմբերի 24-ին Ա. Հարությունյանի հայտը ստանալու փաստը հաստատվում է ստացման ծանուցագրով, որի պատճենը հանձնաժողովին է ներկայացվել նախապես: Ինչ վերաբերում է ստացման ժամին, ապա հանձնաժողովը կարևորում է այն, որ համաձայն RR116728559AM ծածկագրով առաքանիի էլեկտրոնային շարժը ցույց տվող առցանց փաստաթղթի` Ա. Հարությունյանի հայտը բաշխիչ կենտրոնից թիվ 0078 փոստային բաժանմունքում ընդունվել է 24.09.2014թ. առավոտյան 10։04-ին:
Այնուհանդերձ, հանձնաժողովը գտնում է, որ եթե անգամ հայտը փոստային կարգով ստացված լիներ 24.09.2014թ. ժամը 18։00-23։59 ընկած ժամանակահատվածում (եթե ֆիզիկապես և տեխնիկապես հնարավոր լիներ դրա առաքումը փոստից և/կամ ընդունումը նախարարությունում), ապա այն կհամարվեր պատշաճ, քանի որ հանձնաժողովի կողմից հաստատված հայտարարությունում սահմանված ժամը` 18։00-ն, ողջամտորեն վերաբերում էր միայն հայտն առձեռն հանձնելու տարբերակն ընտրած քաղաքացիներին և ուղղված էր նրանց վարքագծի կանխատեսելիության ապահովմանը»,- նշված է արձանագրության մեջ:
Նշենք, որ հանձնաժողովի մասնակիցներն էին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը: