«Եթե շատ բացենք չակերտները, մենք գիտենք ինչի են միանգամից տալիս գումարները». Իշխան Զաքարյան

Գյուղատնտեսության նախարարության «Ենթավարկեր» ծրագիրն իրականացվում է մի շարք խախտումներով: Այսօր ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հարցրերի հանձնաժողովի նիստում Վերահսկիչ պալատի 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ ներկայացվեցին ՎՊ ստուգման արդյունքները:

Ըստ այդմ՝ ծրագրի կատարող «Գյուղական ֆինանսավորման կառույց-ԾԻԳ» պետական հիմնարկը միջոցները ներգրավում է տարեկան 0.75 տոկոսով, ապա ԱՄՆ դոլարը 4%-ով, իսկ ՀՀ դրամը՝ 9.5%-ով տրամադրում է առևտրային բանկերին և ունիվերսալ վարկային կազմակերպություններին: Առևտրային բանկերը գյուղացիներին կամ ընկերություններին ենթավարկեր են տալիս ԱՄՆ դոլարով` 10-14%-ով, ՀՀ դրամով` 15-20%-ով: Ունիվերսալ վարկային կազմակերպությունները ենթավարկերը գյուղացիներին կամ ընկերություններին տրամադրում են ավելի թանկ՝ ԱՄՆ դոլարով` 12-16%-ով, ՀՀ դրամով` 14-24%-ով: 2012 թ. և 2013թ-ին ԳՖԿ-ի կողմից առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով ընդհանուր առմամբ իրականացվել է 2270 հայտի ֆինանսավորում` 10.28 մլն ԱՄՆ դոլարի և 1.5 մլրդ դրամի չափով:

Վերահսկիչ պալատն ընտրանքային կարգով ստուգել է 11 ծրագիր, որոնցից 9-ում հայտնաբերվել են ստացված ենթավարկերի ոչ նպատակային օգտագործման կամ կատարված ծախսերը փաստաթղթերով չհիմնավորելու դեպքեր, ինչն արձանագրվել էր նաև նախորդ՝ 2011թ. վերահսկողություն արդյունքում:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը օրինակ բերեց «Աշտարակի գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ-ին տրամադրված 31 հազ. ԱՄՆ դոլար վարկը, որով ընկերությունը պետք է գերմանական արտադրության հոսքագծով քացախի արտադրություն կազմակերպեր: Սակայն պարզվել է, որ ոչ մի արտադրություն էլ չի ստեղծվել, ավելին՝ ՊԵԿ-ի համաձայն, «Աշտարակի գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ-ն 2012թ. հունվարի 1-ից, նախքան վարկ ստանալը, դադարեցրել է իր գործունեությունը:

Ըստ Զաքարյանի, նման օրինակը եզակի չէ և այլ վարկավորումներ նույնպես անարդյունավետ են եղել, արտադրություններ չեն հիմվել: Գյուղնախարարության ԾԻԳ-ի տնօրեն Աշոտ Վարդանյանը համաձայնեց ներկայացված բոլոր փաստերի հետ: Նա պատճառաբանեց, թե ԾԻԳ-ն ուղիղ չի աշխատում գյուղացիների հետ, աշխատում է ֆինանսական կառույցների հետ, բայց պարբերաբար մոնիտորինգ են անում, եթե տեսնում են՝ վարկը նպատակին չի ծառայում, բանկից հետ են ուզում գումարը. «ՎՊ արձանագրած բոլոր 6 դեպքերում գումարը ետ ենք ուզել ու ստացել ենք»:

«Ֆինանսները հետ կբերենք, բայց ծրագրի արդյունավետությունն ո՞ւր մնաց: ՓՄՁ-ն ո՞ւր մնաց: Գնանք տեսնենք՝ արտադրությունները չկան ու ասենք միայն, որ գումարները հետ ենք բերե՞լ: Բա ծրագրի պատասխանատուները ի՞նչ են մտածում: Ես սա ասում եմ հետագայի համար: Ինչի՞ ենք գումարը միանգամից տալիս, ինչի՞ չենք վճարում կատարողական ակտերով: Եթե շատ բացենք չակերտները, մենք գիտենք ինչի են միանգամից տալիս գումարները»,- ասաց Ի.Զաքարյանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը հայտարարեց, որ նախկինում վարկերի տոկոսադրույքը 24 էր, հիմա, թեև 12-16% է, բայց ամբողջ աշխարհում գյուղատնտեսությունը սուբսիդավորվում է. «Չեք գտնում, որ շատ բարձր է, չեք գտնում, որ չտալն ավելի ճիշտ է, քան էսպես տալը: Որտեղի՞ց գյուղացուն էդքան շահույթ, որ վարկը տան: Միգուցե չտա՞ք: Մարդիկ խաբնվում, վերցնում են, ուրիշ բանի վրա են ծախսում, հիմնականում նախորդ վարկերն են փակում, այսինքն՝ գյուղատնտեսության մեջ ռեալ փող չի դրվում»:

Ա.Վարդանյանը նշեց, որ ԾԻԳ-ը վարկային, բանկային գործունեություն իրականացնելու իրավունք չունի, այլապես 4%-ով կհատկացնեին վարկերը, որը բավականին ցածր տոկոսադրույք է:

 

Տեսանյութեր

Լրահոս