Ո՞վ կկարողանա 50-100-500 հոգու համար ճաշ պատաստել 350 դրամանոց բրնձով,
«Մենք միշտ առաջնորդվում ենք «Պետական գնումների մասին» օրենքով: 2013 թ. համար հավաքել եմ 300 կազմակերպության էլ.հասցներ, որ օրենքի պահանջով բոլորին հրավեր ուղարկեմ, բայց ինձ ներկայանում են 2-ը, 3-ը, 4-ը, և մրցույթում շահում է այն ընկերությունը, որը ներկայացրել է տվյալ չափաբաժնոմ ամենացածր գինը»,- այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ՎՊ 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ԵՊՀ-ին առընթեր ֆիզմաթ հատուկ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը:
Նա բողոքեց, որ շուկան ուսումնասիրելը բարդ է, խանութները գները չեն ասում, պետք է ծածուկ նայեն. «Գնումների օրենքը լուրջ փոփոխությունների կարիք ունի: ինչ-որ տեղ մենք չլինելով իրավաբաններ, տեսնում ենք, որ հակասություններ կան»: Նա կոչ արեց դպրոցում ուսումնասիրել մինչև 1 մլն դրամանոց գնումները, որտեղ որևէ թերացում չեն գտնի. «Ինձ թույլ տվեք կարտոֆիլը գնամ մեր գյուղից առնեմ»: Ըստ տնօրենի՝ պետգնումների համար ֆիննախարարության սահմանած գնացուցակը աբսուրդային է, օրինակ՝ կարտոֆիլի միջին գինը 140 դրամ է կազմել, թեև շուկայում 250 դրամից պակաս չկար, կամ շուկայում կա 350-3000 դրամոնոց բրինձ, բայց ո՞վ կկարողանա 50-100-500 հոգու համար ճաշ պատաստել 350 դրամանոց բրնձով, այն շիլա կդառնա:
«Եթե ես իմ ֆինանսների մեջ տեղավորվում եմ, կներեք, թողեք ես որոշեմ, թե ինչ եմ ուզում, ինչպիսի շոկոլադ եմ ուզում: Օրենքը թույլ չի տալիս ես մատնանշեմ «Գրանդ քենդիի» արտադրանք: Ու եթե «Գրանդ քենդիում» գները 1200 դրամ են, ինձ մատոցում են 1400 դրամով ու ես ստիպված պետք է պայմանագիրը կնքեմ»,- ասաց Հ. Նավասարդյանը՝ բողոքելով անցանկալի ու պարտադրված երևույթ է գնումներ կատարելը: Նա կոչ արեց դրա համար հատուկ հաստիք ավելացնել հատուկ դպրոցներում:
ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը նկատեց, որ կանոնադրական խնդիրները պետք է նախարարության հետ հստակեցնել. «Գնումների հետ կապված Ձեր բարձրացրած հարցերը բավականին տեղին են: Գնումների համակարգը պետք է շատ մոդեռն լինի, որ յուրաքանչյուր օբյեկտ, որ սնվում է բյուջեից, կարողանա շատ մոդեռն աշխատել: 3-4 տարի ՎՊ-ն գնումների մասին խոսում է: Առնվազն տարօրինակ է, որ Երևանում նույնատիպ գործունեություն իրականացնող կազմակերպությունները նույն ապրանքը գնում են շատ տարբեր գներով և որևէ բացատրություն սրան չկա: Չի կարող նույն տեխնիկական բնութագրի բրինձը լինել մի տեղ 15 դրամ, մի տեղ 25 և այլն: Պետք է մեխանիզմներն այնպիսին լինեն, որ նաև ձեր շահը հաշվի առնեն»: