«Դաշնակների այս քայլը, բնականաբար, որոշակի օգնություն էր իշխանությանը». Արմեն Մարտիրոսյան
«Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելով՝ «Ժառանգություն» կուսակցությունը երեք սկզբունքային մոտեցում է ներկայացրել իշխանություններին, և այդ սկզբունքային մոտեցումներն են, որ պետք է երաշխավորեն այդ փոփոխությունների իսկապես բարեփոխում լինելու հանգամանքը, ոչ թե հերթական անգամ իշխանության վերարտադրության մեխանիզմի կյանքի կոչումը: Այդ երեք կարևորագույն մոտեցումներից են առաջին հերթին այն 12 կետերը, որոնք մենք Դաշնակցության հետ դեռևս 2010թ. ներկայացրինք և՛ Ազգային ժողովին, և՛ Վենետիկի հանձնաժողովին: Երկրորդը՝ ընդդիմությանը վերահսկիչ լծակներ տրամադրելն է, և երրորդը՝ հանրաքվեից անմիջապես հետո արտահերթ ընտրություններ անցկացնելը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ իրենք խորհրդարանական համակարգի կողմնակիցներ են, բայց իրենք չեն ուզում, որ խորհրդարանական համակարգը ևս վարկաբեկվի այնպես, ինչպես նախագահականն ու կիսանախագահականը վարկաբեկվեցին.
«Այն ընթացակարգերը, որոնք եղան այս Սահմանադրության ընդունումից սկսած մինչև հիմա, որևէ ձևով չարդարացրին այս Սահմանադրությանը: Ցանկացած պարագայում սահմանադրական փոփոխությունները հասարակությանը հուզող թեմա չեն: Իսկ հասարակությանը, կարծում եմ, միայն մեկ բան է հուզում՝ արմատական իշխանափոխություն և բարեփոխումների կյանքի կոչում:
Ըստ էության՝ հենց այդ բարեփոխումներին են միտված այն 12 կետերը, որոնք առաջարկվել են խորհրդարանական 4 ընդդիմադիր ուժերը: Այդ կետերի կյանքի կոչման դեպքում մենք կունենանք իսկապես որակյալ փոփոխություններ, բայց իշխանությունները որևէ քայլ դեռևս չեն կատարել որևէ կետի ուղղությամբ: Այնպես որ՝ մեզ համար միանշանակ է, որ միայն ամբողջական իշխանափոխության պարագայում է, որ մենք կկարողանանք իրավիճակի փոփոխություն իրականացնել»:
Անդրադառնալով այն փաստին, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին կայանալիք քառյակի հանրահավաքին՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ դրա մասին նրանք արդեն մեկնաբանություններ տվել են և հույս հայտնեց, որ հոկտեմբերի 10-ից հետո նրանք այլ մոտեցում կցուցաբերեն, կշարունակեն համատեղ պայքարը.
«Դաշնակների այս քայլը բնականաբար որոշակի օգնություն էր իշխանությանը, բայց դեռևս իրավիճակային: Հիմա հայտնի չէ՝ իշխանությունները կընդունե՞ն այն բոլոր պայմանները, որոնք Դաշնակցությունն առաջարկել է, թե՞ ոչ: Դաշնակցությունը հայտարարում է, որ եթե չընդունեն, միանշանակ իրենք ևս դեմ են լինելու: Ուստի հետագայում այդ օգնությունը կշարունակվի, թե չի շարունակվի՝ ժամանակը ցույց կտա: Իհարկե, լավ չէ, որ Դաշնակցությունը չի մասնակցում, բայց հույս ունեմ, որ նրանք դեռևս կմասնակցեն հետագա պրոցեսներին»: